Monday, October 5, 2009

Նալբանդյանը կմասնակցի բանավեճի՞

ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին առաջարկում է իրեն հրավիրել ուղիղ եթերում բանավեճի, եթե վերջինս համաձայն չէ իր փաստարկներին: Վերջինս բաց նամակ է հղել ԱԳ նախարարին, որտեղ ներկայացնում է իր փաստարկները հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների վրա: «Լռությունը, այսինքն հրավերի բացակայությունը, կդիտարկվի որպես իմ փաստարկների հետ համաձայնության նշան»,-ասում է Արա Պապյանը: Հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա զույգ արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, Նախարարը հայտարարել է հետևյալը. ՙՎիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից՚: Ուստի Արա Պապյանը որոշել է բաց նամակով պատասխանել այդ պնդմանը: Ըստ Պապյանի նախարարն «ակնհայտորեն շփոթել է ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր' Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը, հետևաբար, հանգել եք սխալ եզրակացության»: Մասնավորապես անդրադառնալով Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցին, Արա Պապյանը նշում է. «Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակար¬գային խախտումների, ոչ միայն վերացականորեն ՙիրավական ուժ՚ ունի, այլև անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռներն «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal):[1] «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):[2] Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի' Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում: Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը. ա) ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է, բ) կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության: Ըստ այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման»: Արա Պապյանի փաստարկները 4 էջ են:

No comments: