Sunday, October 4, 2009

Մամուլի ազատության համաշխարհային կոմիտեն կոչ է անում ՀՀ նախագահին ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբերի 2-ին Մամուլի ազատության համաշխարհային կոմիտեն նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում, մասնավորապես ասվում է. «Ձերդ գերազանցություն, Մամուլի ազատության համաշխարհային կոմիտեն` կազմակերպություն, որում ներկայացված է մամուլի ազատության համար պայքարող 44 խումբ ամբողջ աշխարհից, իր խորին մտահոգությունն է հայտնում երկրի առաջատար թերթի` «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ճակատագրի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է հուլիսի 1-ին` այն բանից հետո, երբ կամավոր դուրս եկավ այն վայրից, որտեղ թաքնվում էր»: Նամակը ստորագրել են Մամուլի ազատության համաշխարհային կոմիտեի նախագահ Ռիչարդ Ուինֆիլդը և ծրագրերի տնօրեն Խավիեր Սիեռան: Նամակում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը, որի դատավարությունը շուտով կսկսվի, մեղադրվում է շատ լուրջ հանցագործությունների մեջ, այդ թվում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: «Բայց ճշմարտությունն այն է, որ նա պարզապես իրացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը քաղաքական խաղաղ ցույցի ժամանակ, որը տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-ին և ավարտվեց ոստիկանության կողմից գործադրված դաժան ճնշումներով: Արյունոտ միջադեպի հետևանքով 10 հոգի զոհվեց»,- ասվում է նամակում: Նամակի հեղինակները նշում են, որ ըստ մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2008 թ. զեկույցի եզրահանգման` «որոշ մահերի պատճառը կարող է լինել ամբոխին վերահսկելու համար նախատեսված սարքերի դիտավորյալ կամ սխալ կիրառումը […] կամ այս գործոնների համադրումը»: Զեկույցը հանգում է այն եզարակացության, որ որևէ հետաքննություն չի անցկացվել` պարզելու համար միջադեպի ժամանակ անվտանգության ուժերի վարքագիծը: «Պրն. Փաշինյանը, ով կառավարությանը խիստ քննադատող հոդվածներ էր գրել, ընդհատակ անցավ այդ ճակատագրական օրվանից հետո և շարունակեց հոդվածներ գրել իր թերթի համար: Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը համաներման մասին որոշում ընդունեց, որը տարածվում էր Մարտի 1-ի միջադեպում ներգրավված բոլոր անձնանց վրա, նա որոշեց դուրս գալ ընդհատակից, որից անմիջապես հետո, սակայն, ձերբակալվեց և տարվեց նախկին ԿԳԲ-ի բանտ»,- գրված է նամակում: Նամակի հեղինակների համոզմամբ` ձերբակալությունը տեղի է ունեցել համաներման մասին որոշման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևի բացահայտ անտեսմամբ: ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին հիշեցրել էր, որ «համաներումը կտարածվի նաև 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի համար մեղադրվող անձանց վրա»: ԵԽԽՎ բանաձևը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին թույլ տալ նրանց, ում մեղադրանք է առաջադրվել այդ միջադեպի առթիվ, ազատության մեջ մնալ մինչ նախաքննության ավարտը: «Լրագրողի ձերբակալությունը` իր մասնագիտական գործունեության պատճառով, լուրջ հարված է ոչ միայն նրա` որպես մարդու հիմնարար ազատություններին, այդ թվում` մամուլի ազատությանը, այլև նրա լսարանի վրա, որն, այդպիսով, զրկվում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների մասին կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավարությունից: Նրան բանտում պահելով` դուք պատանդ եք պահում նաև նրա լսարանին մի կամայական որոշմամբ, որը փորձում է ոտնահարել ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»,- գրված է նամակում: Նամակի հեղինակները հավելում են, որ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին ապօրինի անազատության մեջ պահելը լուրջ ոտնձգություն է մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ: Այդ իրավունքներն ամրագրված են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև միջազգային հռչակագրերով, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ստորագրել է նաև Հայաստանը: Հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք: Այս իրավունքը ներառում է առանց որևէ մեկի միջամտության սեփական կարծիք ունենալը, ինչպես նաև ցանկացած լրատվամիջոցի միջոցով և անկախ սահմաններից` տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելը, ստանալը և տարածելը»: «Ձերդ Գերազանցություն, մենք կոչ ենք անում Ձեզ կիրառել Ձեր` որպես նախագահի ունեցած հնարավորությունը և հասնել նրան, որ պրն. Փաշինյանն անհապաղ ազատ արձակվի բանտից` այդպիսով միջազգային հանրությանը ցույց տալով, որ ձեր կառավարությունն իսկապես հարգում է մամուլի ազատությունը»,- իրենց խոսքը եզրափակում են նամակի հեղինակները:

No comments: