Thursday, October 29, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ինչո՞վ պայմանավորել դրա նկատմամբ շատ ավանդական կուսակցության ցուցաբերած լայնախոհ հանդուրժողականությունը«ԱԶԳ», 29-10-2009- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությանը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությունն ու այդ ուղղությամբ նրա գործադրած ջանքերի նպատակամղվածությունը վկայությունն են այն կարեւոր նշանակության, որը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը տալիս է պաշտոնական Վաշինգտոնը: Ահա թե ինչու, անդրադառնալով այդ արարողությանը, «Զամանի» հոկտեմբերի 18-ի համարում Ալի Հ. Ասլանը գրում է, որ դրանց ստորագրմամբ պարտական են Հիլարի Քլինթոնին, որովհետեւ նրա դիվանագիտական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ արձանագրությունների ստորագրման արարողությունը փրկել ձախողումից: Հոդվածագիրը միաժամանակ ընդգծում է նաեւ ամերիկյան հասարակական կազմակերպությունների առանձնահատուկ դերը նորմալացման այս գործընթացում: «Հայ-թուրքական երկխոսության նախաձեռնություն Հարվարդի համալսարանում» վերնագրով հոդվածում Ասլանը նշում է, որ միջոցառումը եղել է եռօրյա, կազմակերպվել է դեռեւս սեպտեմբերի 18-20-ը, ինքն անձամբ մասնակցել է դրան, նախագիծը գլխավորում են Հարվարդի մարդասիրական նախաձեռնության երկու վաստակավոր փորձագետներՙ պրոֆ. Էլին Բաբիթն ու Պամելա Ստայները: Ի դեպ, վերջինը Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն է: Հարվարդի փորձագետների հրավերով միջոցառմանը մասնակցել են 17 հայեր եւ թուրքեր, որոնցից չորսըՙ դիտորդի կարգավիճակով: Հայերը հրավիրված են եղել ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: Ասլանը տեղեկացնելով այդ մասին, զերծ է մնում մասնակիցների անունները հայտնելուց, պատճառաբանելով, թե թեման նրբազգաց է, իսկ մասնակիցներին չբացահայտելըՙ ընդունված կարգ: Այլ կերպ, միջոցառումը եղել է գաղտնի, գերազանցելով իր գաղտնիությամբ Շվեյցարիայում անցկացված հայ եւ թուրք դիվանագետների շփումները: Ընդ որումՙ դրա թեման երկխոսությունն է, եւ դա անցկացվում է Հարվարդի համալսարանի նման գիտական հաստատությունում, այն էլՙ շնորհիվ «Մարդասիրական նախաձեռնության» ձեռնարկումների: Ըստ երեւույթին, Հարվարդի համալսարանը երկխոսություն ասելով հասկանում է դրա գաղտնիությամբ ապահովումը, այլապես սեպտեմբեր 18-20-ը կազմակերպված միջոցառման մասին ստիպված չէինք լինի իմանալ դրա թուրք մասնակցի մեկ ամիս ուշացումով «Զամանում» հրապարակված հոդվածից: Հայ-թուրքական երկխոսության գաղտնիության պարագայում խնդիրը, իհարկե, Հարվարդի համալսարանը չէ, այլ համալսարանի «Մարդասիրական նախաձեռնությունն» ուղղորդող ամերիկյան ոչ գիտական կառույցները: Համենայն դեպս, նախքան միջոցառումը, դրա կազմակերպիչներըՙ Բաբիթն ու Ստայները, առանձին հանդիպել են հայ եւ թուրք մասնակիցներին: Այնուհետեւ վերջիններս միմյանց են պատմել իրենց տպավորությունները: Ինչպիսի՞ն են եղել դրանք: Հարցին պատասխանում է Ալի Հ. Ասլանը ՙ գրելով. «Միջոցառմանը տեսա, թե որքան մեծ է Թուրքիա այցելության ազդեցությունը հայերի, հատկապեսՙ սփյուռքի վրա: Անատոլիա այցելած, նախնիների հայրենիքում եղած միջոցառման ամերիկացի մասնակիցներին հարցրեցի. «Դուք ձեզ որտե՞ղ եք հարազատ տանը զգում, Թուրքիայո՞ւմ, թե՞ Հայաստանում», եւ բացառապես ստացա «Թուրքիայում» պատասխանը: Կարծում եմ, սա այն հոգեվիճակն է, որը ճիշտ պիտի գնահատեն ե՛ւ մեր պետությունը, ե՛ւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Իսկ «Եթե Թուրքիան մի օր պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը» հարցին հայկական կողմը պատասխանեց, որ հողային պահանջ չի ներկայացնի, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ոմանք փոխհատուցում պահանջեն: Սփյուռքահայ մասնակիցները նախընտրում են կենտրոնանալ այլ հարցերի վրա, քան Ցեղասպանության թեմայով նեղել Թուրքիային: Օրինակ, նրանցից մեկը պայքարում էր Թուրքիայում մարդու իրավունքների ընդլայնման թեմայով»: Հայաստանի հետ Թուրքիայի «մերձեցումը» Վաշինգտոնի քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար հայ-թուրքական երկխոսություն կազմակերպելու եւ դրանք, որպես կանոն, գաղտնի անցկացնելու ամերիկյան համալսարանների նկրտումները նորություն չեն: Որքան էլ այս կարգի երկխոսություններն իրականում կազմակերպվեն ամերիկյան պետական կառույցների նախաձեռնությամբ, այնուամենայնիվ այս կառույցներին տուրք տալու եւ դրանք միջպետական սեպարատ պայմանագրի սկզբունքով գաղտնի անցկացնելու, նույնիսկ մասնակիցների անունները խնամքով քողարկելու գործելակերպը պատշաճ չէ բարձրագույն ուսումնական հաստատության համար: Սա կնշանակիՙ այս հաստատությունները, անկախ կոչումից, վերահսկելի են, ուստի չեն կարող չսպասարկել պետական կառույցներին: Ակամա հարց է ծագում. ո՞ւմ են սպասարկում ամերիկյան պետական կառույցների համար վերահսկելի Հարվարդի համալսարանի կազմակերպած երկխոսության միջոցառմանը մասնակցող հայաստանցի եւ սփյուռքահայ գործիչները, ինչո՞ւ վերջիններս իրենց հարազատ տանն են զգում հենց Թուրքիայում, այլ ոչ թե Հայաստանում, մայր հայրենիքի նկատմամբ նրանց թշնամանքը վերահսկելիությունից բխող առաջադրա՞նք է, թե՞ վերահսկելի դառնալու յուրահատուկ հայտ, կամ ինչո՞վ բացատրել Հայ դատի եւ պահանջատիրության երաշխավորի հավակնություններով տառապող շատ ավանդական կուսակցության ընդգծված հանդուրժողականությունը նրանց նկատմամբ, ովքեր իրենց հարազատ տանը զգալու հարցում նախապատվությունը Հայաստանի փոխարեն Թուրքիային են տալիս, իսկ թուրքական պետության մեջ մարդու իրավունքների ընդլայնման պայքարը գերադասում են Հայ դատի եւ պահանջատիրության պայքարից: Բարձրացրած հարցերի պատասխանը չափազանց կարեւոր է այս լայնախոհ հանդուրժողականության պատճառների բացահայտման առումով, որովհետեւ Թուրքիայում իրենց հարազատ տանը զգալու սփյուռքահայ որոշ գործիչների դրսեւորումները չպետք է նորություն լինեն ավանդական կուսակցության համար, հատկապես, երբ դրանք չեն սահմանափակվում սոսկ ամերիկահայերի շրջանակով: Պարզապես նրանց հակազդելու հնարավորություններն են սահմանափակ: Թե ո՞ր դեպքում են սահմանափակվում սփյուռքի հակահայաստանյան դրսեւորումների նկատմամբ կուսակցության հանդուրժողականությունը պայմանավորող հնարավորությունները, ապա դա առանձին խնդիր է, մասնավոր մոտեցում է պահանջում: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: