Monday, October 12, 2009

Hurriet-ի թղթակից. «Ղարաբաղի հարցը նախապայման է»

News.am.11-10-2009- Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության մի քանի ժամ ձգձգման պատճառը ղարաբաղյան խնդիրն է: Այդ մասին հայտարարել է թուրքական Hurriyet թերթի թղթակից Զեյնեփ Գյուրջանլըն՝ մեկնաբանելով ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ոււ դրանից առաջ տեղի ունեցած անհարթությանը, որի պատճառով մի քանի ժամ հետաձգվեց արձանագրությունների ստորագրությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի խնդրի հետ կապված որեւէ հղում չկա։ «Հայաստանը իր հանրությանը եւ ամբողջ աշխարհում ցրված, բայց ուժեղ սփյուռքին անընդհատ նույն բառերն էր կրկնում, որ Ղարաբաղի խնդիրը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը նախապայման չէ։ Շատ լավ, իսկ իրականում այդպե՞ս է»,- հարցրել է թուրք լրագողն ու հավելել. «Թուրքական իշխանությունները այդպես չեն ասում։ Ըստ Թուրքիայի, Ղարաբաղի խնդիրը ներառված չէ արձանագրություններում, սակայն արձանագրությունների ուժի մեջ մտցնելու համար Ղարաբաղի խնդիրը նախապայման է»։ Ավելին, Hurriet-ի թղթակիցը նշել է, որ չնայած արձանագրությունները ստորագրվել են՝ ոչ ոք չի ասում, որ սահմանները բացվելու են կամ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու։ «Ստորագրված արձանագրությունները ուժի կամ գործողության մեջ մտնելու համար՝ հարկավոր է, որ դրանք վավերացվեն։ Ահա այստեղ է, որ Անկարայում վստահում են Թուրքիայի խորհրդարանին։ Մինչ Ադրբեջանին գոհացնող լուծում չլինի ղարաբաղյան հարցում՝ արձանագրությունները չեն մտնի թուրքական խորհրդարանի գլխավոր խորհուրդ։ Այսինքն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանական խորհրդարանում տված իր խոստումի տերն է»։ Թղթակիցը նաեւ նշել է, որ «արձանագրությունների ստորագրությամբ Անկարայի գլխին ճոճվող ցեղասպանության թուրը կվերցվի վերահսկողության տակ։ Թեկուզ դեռեւս չվավերացված արձանագրությունները՝ արտաքին քաղաքականության մեջ որպես գործիք կօգտագործվեն Թուրքիայի կողմից»։

No comments: