Tert.am. 28-10-2009- Այսօր Նովի Սադում անցկացվող Եվրոպայի շախմատի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց առաջատարի` Ադրբեջանի ընտրանու հետ:
Առաջին խաղատախտակին հանդես եկող Լևոն Արոնյանը սևերով շատ արագ, 19-րդ քայլին ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ: Երկրորդ խաղատախտակին նույն արդյունքը գրանցեցին Վլադիմիր Հակոբյանն ու Վուգար Գաշիմովը: Մեր գրոսմայստերը խաղում էր սպիտակներով, իսկ պարտիան ավարտվեց 46-րդ քայլին:
Իսկ ահա Գադիր Հուսեյնով – Գաբրիել Սարգսյան և Տիգրան Պետրոսյան-Շահրիյար Մամեդյարով պարտիաները երկար ընթացք ունեցան: Սարգսյանը սև ֆիգուրներով կարողացավ պարտության մատնել Գադիր Գուսեյնովին: Հայ գրոսմայստերը վերջնախաղում զինվորի առավելություն ստացավ և մրցակիցը հանձնվեց 70-րդ քայլին:
Չորրորդ խաղատախտակին Տիգրան Պետրոսյանը նույնպես մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն նա ոչ-ոքի արդյունք գրանցեց Շահրիյար Մամեդյարովի հետ պայքարում` պաշտոնապես ամրագրելով մեր թիմի հաղթանակը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ շախմատային օլիմպիադայի ժամանակ Հայաստանի հավաքականը նույնպես պարտության մատնեց ադրբեջանցիներին 2,5:1,5 հաշվով: Այն ժամանակ Մամեդյարովին հաղթեց Վլադիմիր Հակոբյանը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին հավասարվեց ադրբեջանցիներին: Նույնքան 11 միավոր է վաստակել նաև Ռուսաստանի ընտրանին, որն այսօր հաղթեց վրացիներին:
Լրացուցիչ ցուցանիշներով ռուսներն առայժմ առաջինն են, Հայաստանը` երկրորդը, իսկ Ադրբեջանի հավաքականը հանգրվանել է երրորդ տեղում:
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment