Saturday, November 7, 2009

ՀԻՄԱ ԷԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7

Lragir 06/11/2009 - Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում կարեւոր նշանակություն կարող է ունենալ դեկտեմբերի 7-ը: Այդ մասին կարծիք նոյեմբերի 6-ին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտարարել է, որ այդ օրը լրանում է ժամկետը, երբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը պետք է եզրակացություն տա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ: Շարմազանովը համարում է, որ այդ եզրակացությունը կլինի դրական, այլապես տեղի չի ունենա նույն օրը Վաշինգտոնում ծրագրվող Բարաք Օբամա-Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպումը: Շարմազանովը նշել է, որ ինքն այդպես կարծում է՝ ելնելով թե Օբամայի, թե պետքարտուղար Քլինթոնի հայտարարություններից, որոնք Թուրքիային կոչ են անում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները առանց որեւէ նախապայմանի: Շարմազանովը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում չկա Ղարաբաղի նախապայման, իսկ եթե Թուրքիան նախապայման առաջ բերի, ապա Հանրապետական կուսակցությունը միարժեք դեմ կլինի դրան: Եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը չունի միակողմանի որեւէ քայլ կատարելու պարտավորություն, նշել է Էդուարդ Շարմազանովը:

No comments: