
Panorama.am 6.11.2009- Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի հոկտեմբերի 20-ի համարում Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրվել է մի հոդված, որով պարզվում է, որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Այս հոդվածի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը մեկնաբանություն է տվել:
«Նրանք թերևս, մոռացել են մատնել այն, թե ինչպես 11-րդ դարից մինչև 20-րդ դարի քսանական թվականները իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում և նրա մատույցներում ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու»:
Ըստ Մանվել Պետրոսյանի, այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է:
«Եվ ահա` Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական «Սաբահ»-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով և մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երևի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես օրինակ թեկուզ հետևյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, և երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95 տոկոսը կազմում էին թուրքերը: «Սաբահ» թերթի հիպերբոլիկ երևակայությունը սահմաններ չունի», -նկատել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
Վերջինիս համար զարմանալի է, որ թերթը անտեղյակություն է դրսևորել` հրապարակելով, թե Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առևանգվել են հայերի կողմից: «Թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը /այժմ ադրբեջանցիները/ հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են վկայում դրանք: Թերթը համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին», -հավելել է Մարսել Պետրոսյանը:
«Թվում է` «Սաբահ» թերթը ադրբեջանական լրատվամիջոցներից վարակվել է ծերունական մարազմով, քանզի նման ախտանշանները ակնհայտորեն առկա են: Այլապես այս կապակցությամբ գոնե մի աննշան մեջբերում կաներ Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատյաց Այազ Մութալիբովից: Այնուհանդերձ, արժանին պետք է մատուցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներին, որոնք ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ էին արել: «Սաբահ»-ը միտումնավոր համր լռություն է պահպանում նաև այս ամենի շուրջ, իսկ դրա փոխարեն, իբր իմիջիայլոց գրում է.
«Գուցե Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը սկսի հեռուստասերիալ ցուցադրել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և Խոջալլուի ջարդերի մասին»: Ինչ խոսք, առաջարկությամբ հանդես գալը չի կարելի մեղք որակել: Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք: Չենք կարծում, որ երբևէ «Սաբահ» թերթին կհաջողվի իր մեղքերին թողություն տալ: Չնայած դրան, այնուամենայնիվ, արժե ձգտել, թեկուզ հանուն ինքնամաքրման: Իսկ գուցե՞ Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը այդ հեռուստասերիալների հեռարձակումը սկսի 1915 թվականի դեպքերից: «Սաբահ» թերթը երբևէ համարձակություն կունենա՞ հանդես գալ նման առաջարկությամբ:
Իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա ԼՂՀ-ում դրան վերաբերվում են, անչափ մեղմ ասած, սառը անտարբերությամբ», -նշել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
No comments:
Post a Comment