Monday, November 30, 2009

Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հաջորդ տարի խոստանում են վերանորոգել

Թե՞ պետական մակարդակով շարունակում են խաբել մեզ Նոյեմբերի 19-ին փլուզվեց Թբիլիսիի Մուղնեցող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին: «Եթե որեւէ բան չնախաձեռնվի, հաջորդ փլվողը լինելու է Սուրբ Նշանը»,-վստահ է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը կառուցվել է 1356 թվականին: Այն գմբեթավոր է, եւ բացի մեծ գմբեթից եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված են եղել փոքր գմբեթներ, որոնցից մեկը ծառայում էր որպես զանգակատուն: Փլուզվել է եկեղեցու մեծ գմբեթը եւ ընկել շինության մեջ: Փլուզումը ավերվածություններ է պատճառել շրջակայքում գտնվող տրանսպորտային միջոցներին, սակայն զոհեր չեն եղել: Սուրբ Գեւորգ չէր գործում, փակ է եղել նաեւ որհրդային տարիներին, ծառայել է որպես ազգագրական թանգարանի պահոց, իսկ 1990 թվականին որակվել է որպես վթարային եւ վերջնականապես փակվել: 1763 թվականին Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1789 թ. եկեղեցու արեւմտյան մասում կառուցվում է զանգակատունը: 1795 թ. եկեղեցին թալանվել է պարսիկների կողմից, բայց շնորհիվ Տ. Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի հնարավոր է դարձել պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93 թթ եկեղեցում կատարվել են մասնակի նորոգություններ: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս ոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան- ոջայանցը, ինչպես նաեւ եկեղեցու սպասավորներ: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ խիստ բովանդակություն ունեցող գրությամբ իրենք դիմել են Վրաստանի վարչապետին եւ խորհրդարանի նախագահին. «Վրաց իշխանությունները չլուծելով եկեղեցիները` Հայ առքելական եկեղեցուն վերադարձնելու, թեմին իրավաբանական կարգավիճակ տալու հարցը, անուղղակի կերպով նպաստում են հայ մշակույթի կոթողների ոչնչացմանը Վրաստանի տարածքում: Մտածում ենք, որ հանդիպենք երկրի առաջին դեմքի հետ, որեւէ այլ մարդու հետ հանդիպելը մենք համարում ենք անիմաստ»: «Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»,- եկեղեցու փլուզման օրը տարածած հաղորդագրութնամբ արձանագրել է Վիրահայոց թեմի առաջնորդարանը: Եթե մինչ օրս Մայր Աթոռը փորձում էր բանակցությունների եւ «բարիդրացիական հարաբերությունների» կարգախոսով հարցերը կարգավորել, ապա Սուրբ Գեւորգի փլուզման հաջորդ օրն իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհուրդը ժողովում մեղադրական տոնով արձանագրեց, որ բոլոր այդ ջանքերն անարդյունք մնացին. «Հիշյալ խնդիրների կարգավորման մեջ վրացական կողմի դրսեւորած հանիրավի ձգձգումների հետեւանքներից է նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի Հանրապետության իշխանությունները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին»: Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ հայտարարեց, որ հայկական սրբավայրերի պահպանության ուղղությամբ վրաց պետության դրսեւորած անտարբերությունը որեւէ կերպ չի համատեղվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եւ նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ վրաց պետության կողմից մշտապես հնչեցվող հայտարարություններին եւ միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորություններին: Վրաստանի նախագահի հայազգի խորհրդական Վան Բայբուդյանը հատկապես շեշտեց եկեղեցու` գործող չլինելու հանգամանքը. «Որ ասում են` եկեղեցին քանդվեց, չափազանցնում են: Նկատի ունեն, որ սա գործող եկեղեցի պետք է լինի, բայց սա գործող եկեղեցի չէր 1922 թ-ից: Իհարկե, սա պատմական, եկեղեցական ճարտարապետական նմուշ էր, բայց գործող չէր»,-ասաց Վան Բայբուրդյանը: Վրաստանի տարածքում հայկական սրբատեղերի, եկեղեցիների եւ մշակութային այլ կոթողների շուրջ լարվածությունը սկսվել է որհրդային միության փլուզումից հետո: Հայկական կողմը պնդում է, որ Վրաստանի տարածքում հայկական պատմամշակութային կոթողների նկատմամբ վրաց իշխանությունները ոչ միայն հոգատարություն չեն դրսեւորում, այլ նպաստում են դրանց վրացականացմանն ու ոչնչացմանը: Մինչ օրս չլուծված է մնում որհրդային ժամանակաշրջանից Վիրահայոց թեմին օրինականորեն չվերադարձված հայկական 6 եկեղեցիների խնդիրը: Այդ եկեղեցիների թվին են դասվում Թբիլիսիի Սուրբ Նորաշենը (XV դար), Սուրբ Նշանը (XVIII դար), Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (երկրորդ անվանումը` Կարմիր Ավետարան, XVIII դար), Երեւանցոց Սուրբ Մինասը (XVIII դար) եւ Մուղնի Սուրբ Գեւորգը (XIV դար), ինչպես նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում` Ախալցխայում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին (XIX դար): Այս եկեղեցիները Վրաց պատրիարքարանի կողմից հռչակվել են «վիճելի», որով էլ վրացական կողմը արդարացնում է եկեղեցիների` Վիրահայոց թեմին չվերադարձնելը: Ընդ որում` Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թբիլիսիիում փլուզված արդեն երկրորդ եկեղեցին է: Առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվել էր 1989 թ. եւ վերածվել ավերակների: Վիրահայոց թեմի` Վրաստանի տարածքում կարգավիճակի հարցը եւս առկախ է: Վրացական օրենսդրությամբ միայն Վրաց Ուղղափառ եկեղեցին ունի իրավական կարգավիճակ: Եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու եւ Վիրահայոց թեմին իրավաբանական կարգավիճակ ստանալու նպատակով թեմի, ինչպես նաեւ Սուրբ Էջմիածնի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Սակայն բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մամուլի միջոցով: Անցյալ տարվա մայիսից ոտնձգություններ էին կատարվում նաեւ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ: Մոտ մեկ տարի առաջ` նոյեմբերի 16-ին քահանա Տարիել Սիկիճելաշվիլին եկեղեցին մաքրելու պատրվակով տեղահանել էր բակում թաղված հայ բարերարներ Թամամշյանների շիրմաքարերը: Դեպքը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց վրացահայ համայնքում: Այն շոշափվեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Անցյալ տարի, դեկտեմբերի 9-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Թբիլիսում այցելեց Նորաշենի եկեղեցի, եւ երկար դադարից հետո Նորաշենում այդ օրը մոմ վառվեց ու հայերեն աղոթք հնչեց: Կարծես թե խնդիրը պետք է որոշակի լուծում ստանար: Կրկին խոսվեց միջկառավարական ու պատմական հանձնաժողովի մասին, որը պետք է զբաղվեր եկեղեցիների պատկանելության հարցով: Մինչդեռ Վազգեն Սրբազանն ասում է, որ առ այսօր այս դաշտում էլ որեւէ դրական առաջընթաց չկա: Մամուլում շրջանառվեց տեղեկատվություն, թե Վրաստանի խորհրդարանն արդեն Կրոնի մասին օրենքի նախագիծ է մշակում, որով լուծվելու է հայկական եկեղեցիների վերադարձման եւ թեմի կարգավիճակի հարցը: Կրոնի մասին օրենքի նախագծից Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը տեղյակ էին: Վան Բայբուրդյանի խոսքերով, այդ օրենքը անցյալ տարվա դեկտեմբերի պետք է մտներ խորհրդարան, բայց նախագիծը դեռ վերջնական տեսք չի ընդունել եւ խորհրդարան չի մտել: «Օրենքի վրա աշխատանքները տարվում են, այդ օրենքի ընդունումը այսօրվա Վրաստանի ղեկավարությունն է ուզում եւ միջազգային կազմակերպությունները»,-ասաց Վան Բայբուդյանը: «Այդ օրենքն անպայման կընդունենք, ուղղակի առայժմ նիստի չի դրվել, օրենքի վրա աշխատում են: Վերջնաժամկետի մասին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց որ օրենքը պիտի լինի, դրանում ոչ մի խոսք չկա»,-վստահեցրեց Արմեն Բայանդուրյանը: Սակայն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն այս տեղեկությունը եւս հերքեց. «Սուտ է այդ ամբողջը: Մեզ պետական մակարդակով խաբել են, երբ ասում էին, թե օրենքի նախագաիծ կա եւ այլն: Մենք խոսեցինք խորհրդարանի փոխնախագահի հետ 4 օր առաջ, նա ասաց, որ նման նախագիծ չկա, եւ խորհրդարանը չի էլ մտածում նոր օրենք ընդունել կամ օրենքի փոփոխություն մտցնել»,-ասում է Վազգեն Սրբազանը: Մինչեւ եկեղեցիների` Հայ առաքելական եկեղեցուն վերադարձը Վիրահայոց թեմն իրավասու չէ որեւէ վերանորոգում, շինարարություն կամ այլ տիպի աշխատանքներ իրականացնել «վիճելի» հռչակված եկեղեցիների վրա: Ավելին` Վիրահայոց թեմին պատկանող եկեղեցիներում եւս աշխատանքներ իրականացնելու համար թույլտվություն է հարկավոր: «Նույնիսկ մեր եկեղեցիները նորոգելու հարց ունեինք, օրինակ` խոսքը գործող Սուրբ Էջմիածնի նորոգման մասին է: Մենք օրինական կերպով իրավունքն չունենք, քանի որ եկեղեցու սեփականության որեւէ փաստաթուղթ չունենք: Դա նշանակում է, որ մենք իրավական առումով չենք կարող որեւէ փորձնական աշխատանք տանել: Իսկ չգործողներին մեզ ոչ ոք թույլ չի տա անգամ մոտենալ ու մի բան անել, որովհետեւ դա մեզ պաշտոնապես վերադարձված չէ»,-ասում է Սրբազանը: Վիրահայոց թեմը բազմիցս դիմել է վրացական իշխանություններին` կամ վերադարձնել կամ պատշաճ ուշադրություն դարձնել վթարային եկեղեցիների վիճակին: Գարնանը Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպել է Վերարաինտեգրման հարցերով նախարար Թ. Յակոբաշվիլու հետ, ով վստահեցրել է, թե Վրաստանի իշխանությունների կողմից որոշում է կայացվել` սկսել նորոգել Սուրբ Նորաշենը: Այդ խոստումն էլ իրականություն չի դարձել: «Մենք աբսուրդ վիճակի մեջ ենք: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է այստեղի իրավիճակը: Մենք դիմել ենք միջազգային կազմակերպություններին, ոչ մի բան չի փոխվում, մեր երիտասարդությունն անցյալ տարի Մշակույթի նախարարության մոտ բողոքի ակցիա անցկացրեց, բայց ոչ մի արձագանք: Արդեն հույսներս կտրել ենք եւ չգիտենք ինչ անենք»,-հուսահատորեն նշում է Սրբազանը: Բողոքի նմանատիպ ակցիա անցկացրեցին նաեւ Երեւանում: Նոյեմբերի 24-ին մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին հանձնեցին իրենց բողոքը, եւ ակցիան շարունակեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ: «Մենք իրենց առաջարկում ենք երկրորդ ձեւը` պայմանագիր կնքել սուբյեկտի եւ կառավարության հետ, որի փորձը կա եվրոպական շատ երկրներում, ասում են` դրա մասին մտածում են, բայց չգիտեմ` ոնց կլինի»,-որպես այլընտրանքային ելք` առաջարկում է Վիրահայոց թեմի առաջնորդը: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ ապրող բնակիչներն առաջարկել են ապամոնտաժել եկեղեցու տարածքը, այսինքն` քանդել եւ դուրս բերել եկեղեցու մնացուքները, քանի որ հետագա փլուզում վտանգ կա: Նրանք մի քանի անգամ դիմել են Վրաստանի Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության, վերականգնման եւ մոնիտորինգի գործակալությանը, որն այս օրերին ուսումնասիրում է փլուզումը եւ տարածքից հեռացնում փլուզված բեկորները: Գործակալության համակարգող Քրիստինե Դարչիյանը «Հետքին» ասաց, որ եկեղեցին հաջորդ տարվանից կսկսեն վերանորոգել, եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ վերականգնումը հնարավոր է: Չնայած այն «վիճելի» համարվող եկեղեցիների ցանկում է, սակայն մեզ հետ զրույցում գործակալության համակարգողը հաստատեց, որ այն հայկական, բայց չգործող եկեղեցի էր: «Քանի որ այն գործող չէր, այլ վաղուց փակ էր, մենք այնքան չէինք ուշադրություն դարձնում նրան, որքան պետք էր: Ցավոք, մենք ունենք նաեւ բազմաթիվ նմանատիպ վրացական եկեղեցիներ: Եթե եկեղեցին գործում է, նրան պատշաճ ուշադրություն է դրաձվում, իսկ որը չի գործում, կառավարությունը չի կարող պատշաճ հոգ տանել»,-ասում է Քրիստինե Դարչիյանը եւ շեշտում, որ առաջին հերթին խնդիրը ֆինանսական է: «Մենք կաշխատենք վերականգնել եկեղեցին, դեռ բյուջեն կկազմենք եւ հաջորդ տարվանից կսկսենք աշխատանքները»,-հավաստիացրեց Քրիստինե Դարչիյանը: Եկեղեցու արեւմտյան մասը` զանգակատնով, դեռեւս ամուր է, եւ ըստ Սրբազանի, հնարավոր է վերականգնել: «Եթե մաքրեցին, մենք լրիվ կկորցնենք, բայց գոնե ավերակ վիճակում, էլի հույս կա, որ վաղը, մյուս օրը, եթե մեզ վերադարձնեն, մենք մի ձեւ գտնենք այդ հարցը լուծելու»,-ասում է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թբիլիսիում այժմ գործում է երկու հայկական եկեղեցի` Սուրբ Գեւորգը եւ Սուրբ Էջմիածինը: Վերջինի վերանորոգումը մեկ ամսից կավարտվի: Փլուզված եկեղեցու` Մուղնուեցոց Սուրբ Գեւորգի հարեւանությամբ եւ նույն թաղամասում է գտնվում նաեւ Սուրբ Նշան եկեղեցին, որը նույնպես վթարային է: Ճիշտ է, Վրաստանի Հուշարձանների պահպանության, վերականգնման եւ մոնիտորինգի գործակալության համակարգողը գիտեր, որ նման եկեղեցի կա, բայց տեղյակ չէր, թե այն ինչ վիճակում է: Նա եւս որեւէ հոգածություն չի տեսնում, քանի որ «չգործող է»: Քանի դեռ Կրոնի մասին օրենքի նախագածի մուտքը Վրաստանի խորհրդարան հարցականի տակ է, հայկական եկեղեցիների ճակատագիրը ես անորոշ է: Քրիստինե Աղալարյան Աղբյուր՝ «Հետք» 30-11-2009.

No comments: