Monday, November 30, 2009

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են Կիլիկիայի միակ հայկական Վագըֆլը գյուղ

News.am/ 30-11-2009- Թուրքիայի սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, արդարադատության նախարար Սեդուլլահ Էրգինը եւ այլ պաշտոնյաներ, Կուրբան բայրամի շրջանակներում ժամանել են Թուրքիայի Հաթայ նահանգ (Կիլիկիա): Թուրքական Urkiyegazete կայքէջի փոխանցմամբ` բարձրաստիճան թուրք պաշտոնյաները ժամանել են այդ նահանգում գտնվող՝ Թուրքիայի միակ հայկական Վագըֆլը գյուղը: Որտեղ այցելել են տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Թուրքական Hurriyet-ի տեղեկացմամբ` բարձրաստիճան հյուրերին դիմավորել է հայկական գյուղի գյուղապետ` Պերճ Քարթունը: Վագըֆլըի հայ գյուղապետը առիթ է ունեցել զրուցելու հյուրերի հետ: NEWS.am-ը հիշեցնում է, որ Վագըֆլը գյուղում մեծ ոգեւորությամբ էին սպասում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Վագըֆլի գյուղապետ Պերճ Քարթունը իր գոհունակությունն էր հայտնել ընթացող հայ-թուրքական գործընթացների հետ կապված եւ նշել. «Հայ-թուրքական հարաբերությունները դեռեւս տարիներ առաջ պետք է կարգավորվեին։ Երկու երկրների միջեւ տեղի ունեցող գործընթացների մասին մամուլից իմացանք եւ շատ ուրախացանք։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք արձանագրություններով երկու երկրների միջեւ եղբայրությունը ավելի կխորանա։ Ցանկանում ենք, որ երկու երկրների հարաբերությունները հասնեն ամենաբարձր մակարդակին»: Վագըֆլը գյուղի մյուս բնակիչները նույնպես կարծում են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը ուշացած գործընթաց է, սակայն հավատում են, որ սրանից հետո երկու ազգերը ավելի լավ հարաբերությունների մեջ կլինեն։

No comments: