Monday, November 30, 2009

«CnnTurk». Ակնկալիքներ Էրդողան-Օբամա հանդիպումից

Panorama.am. 30-11-2009- Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունն անդրադարձել է վարչապետ Էրդողանի առաջիկայում Վաշինգտոն կատարելիք այցի բնույթին, արծարծվելիք հարցերի բովանդակությանն ու հնարավոր ակնկալիքներին: Ծրագրված է Թուրքիայի կառավության ղեկավարի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Նշվում է, որ վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում եղել էր 2007-ի նոյեմբերի 5-ին, երբ կողմերը «ՔԲԿ»-ը (Քրդական բանվորական կուսակցություն) հայտարարեցին ընդհանուր թշնամի և հստակեցրին թուրք-ամերիկյան համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: «Այժմ` երկու տարի անց, ահաբեկչությանը վերջ դնելու նպատակով կենսագործվող դեմոկրատական նախաձեռնության պայմաններում Թուրքիայի վարչապետը դարձյալ Ամերիկայի ճանապարհին է: Գլխավորը դարձյալ ահաբեկչության դեմ պայքարի հարցն է»,- գրում է «CnnTurk»-ը: Ի դեպ` Թուրքիայի վարչապետն ուղեևորվելու է դեկտեմբերի 5-ին, իսկ Օբամայի հետ հանդիպելու է դեկտեմբերի 7-ին, որի ժամանակ սեղանին լինելու են` Պայքար «ՔԲԿ»-ի դեմ Թուրքիան Միացյալ Նահանգներից աջակցություն էր խնդրել հյուսիսային Իրաքում գտնվող ահաբեկչական օջախը ոչնչացնելուհարցում մինչև ամերիկյան զինուժի դուրսբերումն Իրաքից: Իրաքի Քանդիլ լեռան վրա դիրքավորված քրդական խմբավորմանը գործունեությունը կռախի մատնելու նպատակով Անկարան ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերթ Մյուլլերից պահանջել էր իրենց հանձնել քուրդ գործիչներին: Ակնկալվում է, որ Անկարան նորից այդ հարցով կդիմի ամերիկյան վարչակազմին: Գործընկերության մոդել Թուրքիայի ակնկալիք ունի նաև նոր որակ հաղորդել երկկկողմ հարաբերություններին: Ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Թուրքայի խորհրդարանում Օբաման հնչեցրել էր նման ձևակերպում` «գործընկերության մոդել»: Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կողմերը հստակեցնելու են այդ գաղափարը և քննարկելու դրա կենսագործման ուղիները: Կիպրական հարց Վարչապետ Էրդողանը մեկ անգամ ևս հայտնելու է, որ նախասահմանված ժամանակացույցը չի բավականանցնի խնդրի լուծման համար: Էրդողանը տեղեկացնելու է, որ լուծման ժամկետներն Անկարան նպատակահարմար ու իրատեսական է համարում այս տարվա դեկտեմբերի վերջից տեղափոխել է 2010-ի ապրիլ: Թուրքիան աջակցություն է ակնկալելու ԱՄՆ-ից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջիկա նախագահական ընտրությունների հարցում: Անկարան սպասում է, որ ԱՄՆ-ն Կիպրոսի հարցով հատուկ ներկայացուցիչ կնշանակի: Իրանի միջուկային գործունեությունը Արևմուտքի բոլոր առաջարկները մերժած ու վերջում էլ միջուկային զինաթափման մասին պայմանգրից դուրս գալու մասին հայտարարած Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու: Այդ հարցում Սպիտակ տունը նորից ցանկություն է հայտնելու տեսնել Թուրքիայի հստակ դիրքրոշումը: Իսկ Թուրքիան այդ առնչությամբ Միացյալ Նահանգներին երեք ազդակ է տալու: 1. Բոլորն էլ խաղաղ նպատակներով կարող են ունենալ միջուկային տեխնոլոգիաներ: 2. Միջուկային զենքերը մարդկության համար մեծ վտանգ են պարունակում: 3. Պետք է ճանապարհ հարթել դիվանագիտության և երկխոսության համար: Հայաստանի հետ հարաբերությունները Վաշինգտոնը կարևորելու է երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վավերացումը մեջլիսի կողմից: Ի պատասխան` Թուրքիան Սպիտակ տանը նկատել կտա, որ քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդրում առաջխաղացում չկա, արձանագրությունների վավերացումը դժվար է լինելու: Ի թիվս նշվածների` Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև Աֆղանստանին, թուրք-իսրայելական հարաբերություններին և «Նաբուկո» նախագծին առնչվող բազում հարցեր:

No comments: