Monday, November 23, 2009

Համանախագահները հորդորել են Ալիևին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից

Tert.am 22.11.2009 - Այսօր Մյունխենում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ալիևին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից: «Նախագահների հետ հանդիպմումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ համանախագահները Իլհամ Ալիևին կոչ են արել զերծ մնալ նման հայտարարություններից», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդյունավետ չլինի, ապա տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել: Երևանում այս հայտարարությունը որակել էին որպես մարտահրավեր ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ նաև ողջ միջազգային հանրությանը: Նշենք, որ այսօր Մյունխենում` Ֆրանսիայի հյուպատոսի կեցավայրում, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես և նախորդ դեպքերում, հանդիպումն անցել է «դեմ առ դեմ» ձևաչափով, իսկ այնուհետև նախագահներին միացել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Յուրի Մերզլյակովը և Բերնար Ֆասիեն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ու երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակը և բանակցային գործընթացի հեռանկարները: Այս տարվա ընթացքում սա երկու երկրների նախագահների արդեն վեցերորդ հանդիպումն էր:

No comments: