Thursday, July 12, 2012

Ադրբեջանական կողմի զորավարժությունների պատճառով անհանգստանալու կարիք չկա. փորձագետ

Հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից զորավարժությունների անցկացումն անվտանգ է այնքանով, որքանով դրանք պարբերական բնույթ են կրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Միաժամանակ, չեմ կարծում, որ մենք անհանգստանալու կարիք ունենք: Ի վերջո, ադրբեջանական բանակի դիմաց կանգնած են հայկական Զինված ուժերը, որոնք վստահաբար հետևում են հակառակորդի գործողությունների ընթացքին: Հատկանշական է նաև այն, որ նման զորավարժություններ շփման գծում պարբերաբար անցկացնում է նաև հայկական կողմը: Եվ հետո, Ադրբեջանի կողմից անցկացվող այս զորավարժությունները պլանային բնույթ են կրում»,- ասաց փորձագետը: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը «հերթական լայնամասշտաբ զորավարժությունն է անցկացնում հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում»։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունը։ Ըստ հաղորդագրության` մինչև այս շաբաթվա վերջ անցկացվելիք զորավարժություններում, որոնք ղեկավարում է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, ներգրավված են ցամաքային զորքերը և ռազմաօդային ուժերի անձնակազմը։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է «արդիական տեխնիկայի և սպառազինության օգտագործում»։

No comments: