
News.am. 6-11-2009- Իսրայելի դեսպանի շրջագայության երրորդ օրը կրկին անհանգիստ է անցել։ Այս մասին հայտնում է թուրքական Radikal-ը։
Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին նոյեմբերի 5-ին հանդիպել է Գյումուշհանեյի նահանգապետի, այնուհետ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, Գիրեսունի քաղաքապետ Մուսթաֆա Ջանլըի հետ։
Այս հանդիպումները՝ նախորդ երկու օրվա անախորժ հանդիպումների նման են անցել։ Գիրեսունի քաղաքային խորհրդի եւ միաժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Օմեր Աքընջըն հարցրել է Իսրայելի դեսպանին, թե ի՞նչ են մտածում իրենց կատարած ցեղասպանության վերաբերյալ։ Այդ հարցից հետո Օմեր Աքնջըին հեռացրել են սրահից։
Երբ Իսրայելի դեսպանը Գյումուշ հյուրանոցում էր՝ նրա վրա է գոռալով հարձակվել Հասարակական-կրթական արհմիության Գյումուշհանեյի մասնաճյուղի տնօրենը՝ հարցնելով թե ին՞չ է անում Իսրայելի դեսպանը իրենց մոտ։ Արհմիության ղեկավարին նույնպես հեռացրել են սրահից։
Դրսում Իսրայելի դեսպանի այցի դեմ բողոքողները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ։ Բողոքավորների ձեռքերի պաստառների վրա գրված էր. «Մարդասպան Իսրայել, չքվիր Պաղեստինից», «Բոլորս պաղեստինցի ենք» եւ այլն։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իսրայելի դեսպանը Թուրքիայով իր շրջագայության առաջին օրը հանդիպել էր Ռիզեյի քաղաքապետ Հալիլ Բաքըրջըի հետ: Հանդիպումը անցանկալի ընթացք էր ստացել իսրայելցի դեսպանի համար: Ռիզեյի քաղաքապետը սկսել էր մեղադրել Իսրայելին՝ զավթողական քաղաքականության եւ երեխաներ կոտորելու մեջ: Իսրայելի դեսպանը եւ ուղեկցող անձինք ապշած նման հայտարարություններից` անպատասխան էին թողել մեղադրանքները եւ հեռացել:
Իսկ շրջագայության երկրորդ օրը Տրապիզոնի Սեւծովյան տեխնիկական համալսարան մտնելիս ենթարկվել էր հավաքված ուսանողների կողմից հարձակման։ Իսրաելի դեսպանի վրա նետել էին քարեր եւ ձվեր։ Անվտանգության ուժերին մի կերպ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը եւ դեսպանը կես ժամ անց կրկին այցելել է համալսարան։
No comments:
Post a Comment