Wednesday, November 11, 2009

Կովկասում անվտանգության հարցը կքննարկվի Ժնևում

Aysor.am 11.11.2009 - Այսօր Ժնևում կմեկնարկի Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ բանակցությունների ութերորդ փուլը, որի ընթացքում կքննարկվեն Թբիլիսիի և Ցխինվալի, ինչպես նաև Թբիլիսիի և Սուխումի միջև ուժի չկիրառման նախապատրաստվող համաձայնագրերի մանրամասնությունները: Սպասվում է, որ վրացական կողմը նաև կբարձրացնի Հարավային Օսիայում ձերբակալված դեռահասներին ազատելու հարցը: Խոսքը վերաբերում է չորս դպրոցականների` Գեորգի Ռոմելաշվիլու, Ալեկո Սաբաձեի, Վիկտոր Բուչուկուրիի և Լեվան Խմիադաշվիլիի մասին, որոնք ս.թ. նոյեմբերի 4-ին հատել էին Վրստանի հսկողության տակ գտնվող տարածքը և հայտնվել Հարավային Օսիայում: Այն ժամանակ Հարավային Օսիայի ՆԳ նախարարությունը հայտարարել էր, որ դեռահասների մոտ 4 նռնակ և պայթուցիկ նյութեր էին առգրավվել: Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցությունները անց են կացվում Մեդվեդև-Սարկոզի ծրագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2008 թ.-ի օգոստոսի 12-ին` Հարավային Կովկասում հնգօրյա պատերազմի ավարտից հետո: Բանակցություններին որպես երաշխավորող կողմ են հանդես գալիս Մոսկվան և միջազգային միջնորդները: Բանակցությունների այս փուլը նման ներկայացուցչական ձևաչափով (Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՄՆ), ինչպես նաև 2008-ի օգոստոսին Կովկասում տեղի ունեցած պատերազմի վերաբերյալ միջազգային հանձնաժողովի հրապարակած զեկույցից հետո առաջինն է: Բանակցությունների նախորդ` յոթերորդ փուլը տեղի էր ունեցել ս.թ. սեպտեմբերի 17-ին, երբ կողմերը, չգալով համաձայնության, լրացուցիչ ժամանակի կարիք ունեցան` փոփոխություններ և առաջարկություններ կատարելու համար:

No comments: