Wednesday, November 11, 2009

ՀԲ. 2009-ին Ռուսաստանի տնտեսական անկումը կկազմի մոտ 9 տոկոս, մինչդեռ Հայաստանում այն կլինի 15 տոկոս

NEWS.am 11.11.2009 - Համաշխարհային բանկի (ՀԲ) գնահատմամբ` 2009 թվականին Ռուսաստանի տնտեսական անկումը կկազմի 8.7 տոկոս՝ չնայած միջազգային շուկայում նավթի գների բարձրացման, ինչը որոշակիորեն մեղմել է այդ երկրի ՀՆԱ-ի առավել մեծ անկումը։ 2010 թվականին Համաշխարհային բանկը Ռուսաստանում 3.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, սակայն, ՀԲ-ի կարծիքով, տնտեսության այն հատվածը, որը արտահանմանը չի ուղղված՝ «շարունակելու է զգալ սպառողական պահանջարկի անկման եւ սահմանափակ վարկային միջոցների առկայության հետեւանքները»: Նշենք, որ կապված միջազգային ճգնաժամի հետ` այս տարի աշխարհում միջինը գրանցվել է 1-2 տոկոս տնտեսական անկում: Իսկ ահա Հայաստանը տնտեսական անկման ցուցանիշով ռեկորդակիր է աշխարհում: Այս տարվա 9 ամսվա տվյալներով Հայաստանում ՀՆԱ անկումը կազմել է 18,3 տոկոս եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականներով՝ տարվա վերջին այդ ցուցանիշը կկազմի մոտ 15 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Արդբեջանում այս տարի գրանցվել է 5-6 տոկոս տնտեսական աճ:

No comments: