Thursday, November 5, 2009

Վահրամ Աթանեսյան. «Պատերազմի վերսկսումը ոչ թե կլուծի, այլ նոր խնդիրներ կստեղծի»

/PanARMENIAN.Net/ 04.11.2009 - ԼՂՀ-ի անկախության ընդունումն ԱՄՆ-ի կողմից լավագույն քայլը կլիներ ղարաբաղյան հակամարտության տարածքում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Ես գիտեմ, որ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է այդ հայտարարությունը, եւ դժվար է ասել` արդյոք Վաշինգտոնն իսկապես այդպիսի հայտարարություն արել է, թե ոչ: Բայց հայտնի է, որ հերքվում են նաեւ այն հայտարարությունները, որոնք իսկապես արվել են: Այդուհանդերձ, ես չէի ցանկանա, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կապված լիներ պատերազմի հնարավոր վերսկսման հետ», - ասաց հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքերով, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն գտնում է, որ անհրաժեշտ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա նրանք կարող են գնալ այդ քայլին, առանց հաշվի առնելու պատերազմի վերսկսման գործոնը: «Չեմ կարծում, որ այդ հայտարարությունը Բաքվի համար զսպաշապիկ կդառնա եւ որ ԼՂՀ ԶՈՒ ու Ադրբեջանի սահմանագծում կկրճատվեն հրադադարի խախտման դեպքերը: Առավել հետաքրքրական է, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ ամրագրված է, որ Բաքուն մերժում է երկրների միջեւ անհամաձայնությունները պատերազմի միջոցով լուծելը: Այնպես որ, եթե Բաքուն վերսկսի պատերազմը, նա կխախտի իր իսկ սահմանադրությունը», - ասաց Վահրամ Աթանեսյանը: Ադրբեջանի պատերազմական հայտարարությունները մեկնաբանելով` Աթանեսյանը նշեց, որ Բաքվի ռազմատենչ հռետորությունը պայմանավորված է երկրի արտաքին քաղաքականության համար առկա ոչ բարենպաստ իրավիճակով: «Միջազգային հանրությունը, մասնավորապես` ԱՄՆ-ն, պետք է հասկանա, որ պատերազմի վերսկսումը ոչ թե կլուծի խնդիրը, այլ նոր խնդիրներ կստեղծի: Եթե միջնորդներն ունեն քաղաքական կամք Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն առաջ մղելու, ապա նրանք պետք է բացատրեն Բաքվին, որ Ղարաբաղն արդեն կայացած պետություն եւ ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում: Եթե այս փաստը հաշվի չառնեն, նշանակում է խոսք չի կարող լինել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մասին», - շեշտեց Աթանեսյանը:

No comments: