Sunday, November 8, 2009

Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային միայն օգուտ կբերի

News.am. 7-11-2009- Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարը նշել է, որ Թուրքիան աշխարհի երկրների շարքում ավելի զգալի տեղ զբաղեցնելու համար պետք է հարեւանների հետ խնդիրները լուծի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը։ Էսքիշեհիրի «Նախաձեռնող արդյունաբերողների եւ գործարարների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհատ Էրգյունը ասելով. «Էներգետիկան դարձել է ամբողջ աշխարհի խնդիրը։ Թուրքիան այս խնդրում հետապնդում է տարանցիկ երկիր դառնալու քաղաքականություն։ Թուրքիան մինչ 2023 թվականը պետք է մտնի զարգացած երկրների շարքը, եւ այդ համատեքստում, առաջ գնալու համար անհրաժեշտ է նախեւառաջ լուծել հարեւանների հետ առկա խնդիրները։ Սիրիայի հետ կարգավորեցինք մեր հարաբերությունները։ Մի թե՞ դա մեզ վնաս եղավ։ Իսկ ի՞նչ է՝ Հայաստանի հետ խնդիրները որ լուծվեն՝ վա՞տ կլինի։ Թուրքիան մեծ տնտեսություն ունեցող աշխարհի 10 երկրների շարքում թող լինի»,-ասել է նախարար Նիհատ Էրգյունը։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհատ Էրգյունը ժամանելով Վան՝ հայտնել էր, որ Թուրքիա-Իրան-Իրաք սահամանակից գոտում ստեղծվելու է հզոր առեւտրատնտեսական գոտի, որը կդառնա Մերձավոր Արեւելքի ամենախոշոր տնտեսական բազան։ Նա նշել է, որ հնարավոր է այդ նախագծին մասնակցեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Ի դեպ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ 2008-ի տվյալներով՝ Թուրքիան իր տնտեսությամբ աշխարհում 17-րդ տեղում է, իսկ 2009թ.-ին սպասվում է, որ կբարձրանա 16-րդ հորիզոնական։ Իսկ թուրքական կապալառու-շինարարական ընկերությունները աշխարհում երկրորդն են՝ չինական ընկերություններից հետո։

No comments: