Wednesday, November 4, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Քրիստինե Մելքոնյանի հետ. - Ցյուրիխում ստորագրվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսման արձանագրությունները: Արդյո՞ք դա նշանակում է Երևանի և Անկարայի վերջնական հաշտեցում: - Հայաստանի և Թուրքիայի վերջնական հաշտեցման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն երկու երկրների միջև կարևոր մի գործընթաց է սկսվել: Չպետք է մոռանալ, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են դեռևս 1993թ.: Իհարկե երկխոսություն սկսելու փորձեր եղել են և Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ: Մինչդեռ Անկարան Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու համար առաջադրում էր մի շարք նախապայմաններ: Դրանք են ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը և Ղարաբաղի հարցի լուծումը հօգուտ Ադրբեջանի: Այլ կերպ ասած` Թուրքիան Հայաստանի նկատմամբ բացահայտ ճնշման քաղաքականություն էր որդեգրել: Եվ երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր թուրք պաշտոնակցին հրավիրեց անցած տարվա սեպտեմբերին Երևանում ֆուտբոլային խաղը դիտելու, շատերը չէին հավատում, որ այդ այցը որևէ փոփոխություն կմտցնի: Մինչդեռ այն դարձավ առաջին քայլը: Այսօր արդեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրությունները ստորագրված են: Երկու երկրներին մեծ հնարավորություն է տրված կարգավորել իրենց միջև եղած խնդիրները: Թե ինչպես կօգտվեն այդ հնարավորությունից պարզ կլինի միայն խորհրդարանների որոշումներից: - Այսօր արձանագրությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, ո՞վ է ավելի շատ զիջումներ անում Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան: - Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում տարբեր կարծիքներ են հնչում և դա նորմալ է: Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը այսօր վստահ են, թե հիմնականում Թուրքիան է զիջումների գնում` թաղելով ղարաբաղյան հարցը, այլ ոչ թե Հայաստանը, մինչդեռ հայկական կողմը հակառակն է պնդում: Սակայն Հայաստանի համար կարևոր է, այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայումս ընթանում է առանց նախապայմանի, ավելին` չի փոխշաղկապվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ: - Թուրք պաշտոնյաները ամեն կերպ փորձում են կապ ստեղծել արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի միջև, ինչի՞ համար է այդ ամենը: - Տևականորեն թուրքական լրատվամիջոցներին հետևող անձը նկատած պետք է լինի, որ եթե նախկինում Անկարան պնդում էր, որ «Թուրքիան սահմանը չի բացի և հարաբերությունները չի կարգավորի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել», ապա այսօր այլ կերպ է արտահայտվում` «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցի հանգուցալուծմանը, Թուրքիան կշարունակի պաշտպանել եղբայրական Ադրբեջանի շահերը»: Ինչը բացահայտ վկայում է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ է կատարել, սակայն խիզախություն չունի այդ մասին բացեիբաց խոսելու, այդ պատճառով էլ որդեգրել է վերը նշված մոտեցումը: Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարություններին, որտեղ նա փորձում է շահարկել ղարաբաղյան հարցը` կապ ստեղծելով արձանագրությունների և վերջինիս միջև, ևս նորմալ երևույթ է: Ակնհայտ է, որ թեմայի արծարծումը Թուրքիայում կոչված է քարոզչական խնդիրներ լուծելու` նախ` ներքաղաքական գործընթացներում, ապա նաև` Ադրբեջանի հետ հարաբերությունները ճշտելու առումով: Այլ կերպ ասած` դրանք նախևառաջ ուղված են ադրբեջանական և իրենց ներքին սպառման լսարաններին: - Մի՞թե Բաքվում դա չեն գիտակցում: - Այն, որ Բաքվում դա չեն գիտակցում, սխալ կլինի ասել: Ադրբեջանում արդեն գնահատել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների իրական հեռանկարները, և հանգել այն եզրակացության, որ դրանով վերջնականապես տապալվում է Ադրբեջանի` Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունը: Այդ պատճառով Բաքվի իշխանությունները ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու նպատակով` որոշել են դիմել շանտաժի միջոցին: Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանը մի շարք նախազգուշական քայլեր է ձեռնարկել` այդ երկրում փակվեցին Թուրքիայի կողմից ֆինանսավորվող մզկիթները, Բաքվի հուշապուրակից հանվեցին թուրքական դրոշները: Չնայած հոկտեմբերի 29-ին պաշտոնական Անկարայի ուժեղ ճնշման ներքո դրոշները վերադարձվել են, սակայն երկու երկրների միջև ստեղծված ճգնաժամը չի հաղթահարվել: Մինչօրս Ադրբեջանում շարունակում են հնչել սպառնալիքներ Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գինը բարձրացնելու մասին: Եվ եթե Անկարայի կառավարությանը չհաջողվի համաձայնության գալ վերջիններիս հետ, չի բացառվում, որ արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում ձգձգվի: - Ի՞նչ ժամկետներում կարող է տեղի ունենալ արձանագրությունների վավերացումը: - Հոկտեմբերի 21-ին արդեն արձանագրությունները մտել են Թուրքիայի խորհրդարան, սակայն վավերացման ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ: Ներկա պահին Թուրքիայում տարբեր կարծիքներ են հնչում: Օրինակ` եթե Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի ղեկավար Սինան Օգանը պնդում է, որ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների մեծամասնությունը աջակցում են վարչապետի այն հայտարարությանը, որ երկրի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, քանի դեռ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չի գրանցվել, ապա Միջինարևելյան տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին մեկ այլ տեսակետ է հայտնում: Ըստ Հյուսեյն Բեգջի, Էրդողանը ստիպված է ապահովել արձանագրությունների վավերացումը, քանի որ այսօր ժամանակի ոգին է պահանջում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Այլ կերպ ասած` պետք է հուսալ, որ ադրբեջանական գործոնը բանակցային գործընթացի խափանման պատճառ չի հանդիսանա և Մեծ տերությունները կշարունակեն ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ստիպելով արագ վավերցնել դրանք: - Ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին և Թուրքիային: - Փաստաթղթերի արագ վավերացումը ձեռնտու է երկու երկրների համար: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը հնարավորություն կտա նոր հարաբերություններ կառուցել տարածաշրջանում: Հայ-թուրքական սահմանի բացումը բոլորովին նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի տնտեսությանը: Այսինքն` Հայաստանը ձեռք կբերի նոր ճանապարհներ, առևտրա-տնտեսական նոր հոսքեր: Կազատվի Վրաստանից ունեցած իր կախվածությունից: Անկարան էլ կարգավորելով հարաբերությունները Երևանի հետ կատարում է Եվրամիության առաջադրած կարևոր նախապայմաններից մեկը: Կառույցը Թուրքիային այլևս չի կարող մեղադրել Հայաստանի նկատմամբ մեկուսացման քաղաքականություն վարելու մեջ և այս կերպ թուրքերը կբարձրացնեն իրենց վարկանիշը: Մյուս կողմից էլ, չնայած Հայաստանի կառավարության և Սփյուռքի պաշտոնական հայտարարություններին, որ ցեղասպանության ճանաչման գործընթացից չեն հրաժարվելու, թուրքական կողմը սկզբանական շրջանում հույս ուներ, որ պատմաբանների համատեղ հանձնաժողովի աշխատանքների սկսմամբ օտարերկրյա խորհրդարաններում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կկասեցվի: Սակայն վերջին օրերին ԱՄՆ-ի Սենատում հայոց ցեղասպանության դատապարտման հերթական օրինագծի հայտնվելը մեծ հիասթափություն է առաջացրել Թուրքիայում: Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը օրինագիծը որակել է, որպես «իրադարձությունների ողբալի զարգացում» և շեշտել, որ չափազանց մեծ սխալ է Սենատ նման բանաձև ներկայացնել անմիջապես այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունները։ - Սփյուռքում հայ-թուրքական արձանագրությունները, որոշակիորեն բացասաբար են ընդունվել, իսկ ինչպիսի՞ մոտեցում են ցուցաբերել Թուրքիայում բնակվող հայերը: - Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակավող հայերին, ապա վերջիններս ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավաման գործընթացը: Արձանագրությունների ստորագրումը նրանց համար կարծես հույսի նշյուլ է: Թուրքաբնակ հայերը հավատում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարբերությունների բարելավումը կարևոր քայլ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ իրենց համար: - Որքա՞ն հայ են այսօր բնակվում Թուրքիայում: - Պաշտոնական տվյալների համաձայն Թուրքիայում բնակվում է մոտավորապես 70 հազար հայ։ Թե իրականում ներկայումս ազգությամբ որքան հայ է ապրում Թուրքիայում ոչ ոք չի կարող ասել: Այսօր նրանցից մեծամասնությունը փոխել են իրենց հայկական ազգանունները, վերածելով դրանք թուրքականի։ Դա Թուրքիայում ապրելու և գոյատևելու հիմնական միջոցներից մեկն է: Հայերի մի մասը իսլամ են ընդունել, մի մասն էլ քրդացման և ալևիական համայնքներում են իրենց փրկության միջոցը գտել: Նրանցից շատերը մինչ օրս վախենում են ընդունել, որ իրենք հայ են: Սակայն, չի բացառվում, որ հայ-թուրքական բանակցությունները նպաստեն, որ ծպտյալ ազգությամբ հայերը, որոնք նույնիսկ իրենց այսօր հայ էլ չեն համարում առանց վախի զգացումի խոստովանեն, որ իրենց նախնիները հայեր են եղել: Ինչը ևս կարևոր փաստ է:

No comments: