Wednesday, November 4, 2009

Թմրամոլության աճ է գրանցվում նաև Հայաստանում

2009թ.-ի տվյալներով 12 թմրամոլ Հայաստանում բուժման ընթացքի մեջ են: 2008թ.- տվյալներով 1141 թմրամոլ բուժվել է, իսկ 30 հազարից ավելի թմրամոլներ օպերատիվ դիտարկման փուլում են: «Դա այն է, երբ մենք գիտենք, որ թմրամոլները կան, բայց դեռևս հայտնաբերված չեն», - տեղեկացրեց «Նարկոկլինիկայի» ղեկավար Պետրոս Դեմիրճյանը` հավելելով, որ թմրամոլների գերակշիռ մասը երիտասարդներ են: Ընդ որում, Դեմիրճյանի հաղորդած տվյալներով, բուժում ստացած թմրամոլների 90 տոկոսը մինչև 5 տարին կրկին թմրադեղ է ընդունում: ԱԺ Առողջապահական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, թմրամոլության միտումները միշտ նույնն են, քանի որ այն շահավետ բիզնես է. «Աշխարհով մեկ զարգացում է ստանում թմրամոլությունը: Փողի մոլուցքով տարված` մարդիկ հաշվի չեն առնում, թե թմրամիջոցն ի՞նչ ազդեցություն է ունենում երիտասարդների կյանքի վրա, և շատ շատերն են այսօր ներգրավված այդ բիզնեսում»: Պ.Դեմիրճյանն էլ նշեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև ՀՀ-ում թմրամոլությունն աճում է, խոսում են տեմպերի նվազեցման մասին, և ոչ մի երկիր չի խոսում թմրամոլության վերացման մասին: «Դա հավերժական խնդիր է, որը եղել է դեռևս մ.թ.ա. 5000 տարի առաջ: Պատերազմը թմրամոլության դեմ պարտված է, պետք է գտնել նոր ուղիներ` հակազդելու դրա զարգացմանը: Երևույթը միշտ եղել է և կմնա», - ասաց նա: Կողմերն անդրադարձան նաև հայ-թուրքական սահմանի բացման հետևանքով թմրամիջոցների հնարավոր ներկրմանը: Մ. Մինասյանը վստահ է, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, ինչպես նաև մաքսային մարմինների լավ աշխատանքի արդյունքում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Պ.Դեմիրճյանը քաղաքական տեսակետից դեմ է սահմանի բացմանը, իսկ թմրամիջոցների ներկրման մասով անհանգստությունը նույնն է, ինչ հայ-վրացական կամ հայ-իրանական սահմանի դեպքում: Պետրոս Դեմիրճյանը նաև նշեց, որ թմրամոլներ կան և բարձր, և ցածր խավերից, և ասաց, որ տարբերությունը միայն օգտագործած թմրամիջոցի գնի մեջ է. «Շատ են օգտագործում հաշիշ, դա ամենաէժանն է, իսկ ամենաթանկը մեր երկրում կոկաինն է` 1 գրամի համար 200 ԱՄՆ դոլար նվազագույնը»:

No comments: