Monday, November 30, 2009

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳԻՆՆ ԱՃՈՒՄ Է

Անշարժ գույքի շուկայում վերջին մեկ ամսում աշխուժություն է նկատվում Lragir. 30-11-2009- Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այս տարի հայաստանցիներից քչերը “խոպան” գնացին, գնացողներից քչերը “լավ” վերադարձան, բայց, այնուամենայնիվ, որոշակի տեղաշարժ անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին նկատվում է, թեև ոլորտի մասնագետներն այդ տեղաշարժն արձանագրում են ոչ թե անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այլ ընդամենը երկու ամիս առաջվա համեմատությամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սովորաբար ամեն տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վաճառվող և վարձակալությամբ տրվող բնակարանների նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է: Ու թեև որոշակի տեղաշարժ է նկատվում, բայցևայնպես, 2008-ի համեմատ 5 անգամ նվազել են իրականացվող գործարքների թվերը: Ըստ “Կենտրոն” անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանի`անշարժ գույքի շուկայում արդեն նկատելի տեղաշարժ կսկսվի գարնանը, երբ հիպոթեկի շուկան կկայունանա: Ըստ նրա կանխատեսումների` հունվար ամիսն անշարժ գույքի շուկայի համար ամենապասիվն է լինելու: Ըստ տնօրենի` շրջանառվող լուրերի, թե անշարժ գույքի շուկայում գներն իջնելու են, նախկին գներն էլ չեն լինելու, որ Հայաստանում չեն կարող այդքան թանկ գներ լինել, որ իբր դրանք ուռճացված են, սխալ է, քանի որ ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում և Երևանում, տները միշտ բարձր գին են ունենալու: “2010-11 թթ. կանխատեսում եմ, որ ավելի բարձր գներ ենք ունենալու, քան ունեինք 2007-ին: Եվ եթե համեմատենք ԱՊՀ տարածաշրջանում բոլոր մայրաքաղաքների գների հետ, մեզ մեր գները շատ բարձր չեն: Իսկ անցած տարվա համեմատ կարող եմ ասել, որ մոտ հինգ անգամ քչացել են գործարքները, իսկ գներն ընկել են երեսուն տոկոսով”, նշեց տնօրենը` հավելելով, որ իր ասած տվյալները չեն համապատասխանում Կադաստրի պետական կոմիտեի տվյալների հետ: Ըստ նրա` ճգնաժամը սկսվել էր անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, բայց մարտի մեկի դեպքերից հետո շուկան “սառեցված” էր, քանի որ մեր անշարժ գույքի գնորդների մեծ մասը դրսից է, որոշ չափով սպասողական վիճակ էր, բայց երբ մայիսից սկսած հանդարտվեց վիճակը, որոշակի ակտիվություն նկատվեց: Անշարժ գույքի շուկայում վերջին շրջանում որոշակի ակտիվությունը “Կասկադ ռիելթի” անշարժ գույքի գործակալության տնօրեն Վարդան Ավագյանը պայմանավորում է գների այլևս չնվազմամբ, այսինքն, արդեն մի քանի ամիս է` ստաբիլ վիճակ է, և մարդիկ զգալով, որ այլևս գների իջեցում չի լինելու, արդեն սկսել են գնումներ կատարել: Միանշանակ դժվարանում է ասել` առաջիկայում անշարժ գույքի շուկայի գները կաճե՞ն, թե կնվազեն, բայց կարծում է` ավելի հավանական է գնաճը, որովհետև մինիմալ արժեքի գույքերը կվաճառվեն, և կմնան միջին և բարձր արժեքի գույքերը, ինչն էլ կհանգեցնի անշարժ գույքի գների բարձրացմանը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծությունների` 2009 թ. երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 40545 գործարքներ, որոնք քանակը 2009-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 9.1%-ով, իսկ 2008 թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ նվազել 1.6%-ով: 2009թ. երրորդ եռամսյակում Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 69.0 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2009 թ. երրորդ եռամսյակում, 2009 թ. երկրորդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 40.0 տոկոսով, իսկ 2008 թ. երրորդ եռամսյակի համեմատ` 13.5 տոկոսով: ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

No comments: