Wednesday, November 4, 2009

«Նաբուկո». Նախապատվությունը տրվում է Իրանին

Panorama.am. 3-11-2009- Եվրոպական ընկերությունները սկսել են ոչ պաշտոնական խորհրդակցություններն Իրանի ղեկավարության հետ` այդ երկիրը «Նաբուկո» նախագծի մեջ ներգրավելու համար: «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ` նոյեմբերի 3-ին նման հայտարարություն է արել Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (National Iranian Gas Export Company, NIGEC) ղեկավար Ռեզա Քեսաիզադեն: Միաժամանակ նույն օրը շվեյցարական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական գազի ներկրումները Եվրոպա կազմակերպելու համար պաշտոնական Բեռնը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում: Այս երկու լուրը կարելի է նշանակային համարել ոչ միայն տարածաշրջանի, այլև` ողջ աշխարհի համար: Գաղտնիք չէ` Իրանն էներգետիկ ռեսուրսներով աշխարհի խոշորագույն երկրներից է: Նավթի արտադրությամբ (օրական` 4.2 մլն բարել) Իրանը զիջում է միայն Սաուդյան Արաբիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ պաշարներով (136 մլրդ բարել) 2009 թվականի տվյալներով աշխարհում գրավում է երրորդ տեղը` զիջելով Սաուդյան Արաբիային ու Կանադային: Գազի առումով Իրանի դիրքերն առավել ազդեցիկ են. այս երկիրը Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդն է բնական գազի հետախուզված պաշարներով (28 տրլն խմ), իսկ արտադրությամբ (տարեկան մոտ 120 մլրդ խմ) զիջում է միայն Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Կանադային: Վերը նշվածը վկայում է, որ երկարաժամկետ կտրվածքով անհեռանկարային են տարածաշրջանում ձեռնարկված էներգետիկ բոլոր այն նախագծերն ու ծրագրերը, որոնք անտեսում են Իրանին: Այս առումով բացառություն չէր կարող լինել նաև «Նաբուկո»-ն: 21-րդ դարի սկզբում, երբ ակնհայտ դարձավ, որ վառելիքա-էներգետիկ ռեսուրսներն աշխարհում օր-օրի ավելի մեծ պահանջարկ են վայելում, դրա խոշորածավալ ներկրող- սպառողները, հատկապես` եվրոպական երկրները, բախվեցին էներգետիկ անվտանգության մարտահրավերին: Ինչու՞ հենց եվրոպական: Որովհետև մոլորակի մյուս երկու մեգառեգիոնները` Հյուսիսային Ամերիկան ու Արևելյան Ասիան, տիրապետում են սեփական մեծածավալ ռեսուսրներին և մեծ հաշվով էներգետիկ անվտանգությունը նրանց դեպքում սահմանափակվում է հումքի սակագների բարձրությամբ: Իսկ ահա Եվրոպայի դեպքում, բացի թանկարժեք հումք լինելուց, էներգառեսուրսները դրանց մատակարարների, մասնավորապես` Ռուսաստանի, ձեռքում աստիճանաբար վեր էին ածվում քաղաքական ազդեցիկ գործոնի: Ասվածը մեծմասմաբ վերաբերում է բնականա գազի շուկային: Նավթի դեպքում հարցադրումները մի փոքր այլ են, քանի որ վառելիքի այդ տեսակը մատակարարվում է տարբեր ուղիներով` մեծմասամբ ծովային տրանսպորտով: Իսկ ահա բնական գազի պարագայում ընտրությունը մեծ չէ` անհրաժեշտ է երկրարաժամկետ ներդրումներ կատարել հազարավոր կիլոմետրեր ձգվող խողովակաշարեր կառուցելու համար, որոնց իրագործումից հետոայլևս մատակարարն ու սպառողը դառնում են «անփոխարինելի» գործընկերներ: Թե գործնականում ինչ վտանգ կարող է սա ներկայացնել, աշխարհն ականատես եղավ անցնող ձմռանը, երբ ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» պատանդ դարձան գազից զրկված եվրոպական երկրները: Ահա այս խնդիրները հաշվի առնելով եվրոպական երկրները ձեռնամուխ եղան սեփական էներգետիկ անվտանգության ապահովմանը, որի հիմքում դրվեց աղբյուրների ու ուղիների բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքը: Եվրոպայի դիրքն այս դեպքում տարբերակների մեծ ընտրության հնարավորություն չէր ընձեռում: Հարավային էներգետիկ աղբյուրները (Հյուսիսային Աֆրիկայի երկրներ) կտրված են Միջերկրական ծովով (չնայած արդեն իսկ գործում են մի շարք անդրծովյան խողովակաշարեր) և մատակարարումների ծավալը զգալիորեն սահմանափակ է, Արևելքում միակ գազային տերությունը Ռուսաստանն է: Հընթացս նկատենք, որ Ռուսաստանն իր պատկերացմամբ արդեն իսկ ձեռնամուխ է եղել Եվրոպային գազային մատակարարումների դիվերսիֆիկացման` այլընտրանքային ուղիներ կառուցելով Բելառուսի ու Ուկրաինայի տարածքով անցնող երկու խողովակաշարերին: Դրանցից մեկը` «Երկնագույն հոսքը», արդեն իսկ կառուցվել է և հատելով Սև ծովը, գազ է հասցնում Թուրքիա: Այժմ նախատեսվում է կառուցել «Երկնագույն հոսքի» երկրորդ հերթը, ինչպես նաև նախգծվում են «Հյուսիսային հոսք» (Բալթիկ ծովով Ռուսաստանից` Գերմանիա) և «Հարավային հոսք» (Սև ծովով Ռուսաստանից` Բուլղարիա) խողովակաշարերը: Սակայն, Մոսկվայի այս քայլերը Եվրոպայի պատկերացրած դիվերսիֆիկացումն ապահովում են միայն 50 տոկոսով` թեև ուղիները բազմապատկվում են, սակայն աղբյուրը մնում է մեկը` Ռուսաստանը: Բնական է, որ անգամ ռուսական կողմի հսկայական ջանքերը չստիպեցին Եվրոպային ձեռնպահ մնալ այլընտրանք փնտրելու մտքից և այն այժմ շարունակում է ակտիվ առաջ մղվել: Վերադառնալով այլընտրանքների հնարավորությանը` նշենք, որ Եվրոպան բավականին շուտ հասկացավ, որ միակ իրական այլընտրանք կարող է լինել հարավ-արևելքում եղած պատուհանը` Թուրքիան: Այդ ժամանակ էլ առաջ քաշվեց «Նաբուկո» նախագիծը: Նախագծի անվանումը Ջուզեպպե Վերդիի հայտնի օպերայի` «Նաբուկո»-ի անունն է, որն էլ իր հերթին վերցված է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի անունից: 2004 թվականին առաջարկված այս նախագիծն, ի սկզբանե, ենթադրում էր իրանական հանքավայրերից գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա: Սակայն 2006 թվականին` այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագիրը սուր քննարկումների առարկա դարձավ, օրակարգից դուրս եկավ նախագիծն Իրանի միջոցով իրականացնելու գաղափարը: Փոխարենն առաջ մղվեց խողովակաշարն Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի արդյունահանած հումքով լցնելու մոտեցումը: Սակայն սա բավականին ռիսկային էր` թե’ տնտեսական, թե’ քաղաքական տեսանկյունից, և նախագծի իրականացնողները` ավստրիական «OMV Gas GmbH», թուրքական «Botas», բուլղարական «Bulgargaz», ռումինական «S.N.T.G.N. Transgaz S.A.», հունգարական «MOL Natural Gas Transmission Company Ltd.» և գերմանական «RWE» ընկերությունները բավարարվեցին նրանով, որ կառուցվելու է մայրուղային գազամուղ` Թուրքիայի արևելքից մինչև Ավստրիա` 3,3 հզ կմ երկարությամբ, տարեկան 31 մլրդ խմ թողունակությամբ: Փաստորեն` մայրուղու հարցում համաձայնությունը եղավ, իսկ ահա մատակարարների հարցով` ոչ: Այն մասին, թե ինչու էր` Կասպյան ավազանի տարբերակը ռիսկային: Նախ` այս տարածաշրջանի երկրները (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան) իրենց արտադրական հնարավորություններով ու պաշարներով անհամեմատելի զիջում են Իրանին ու հարավային ուղղության մյուս երկրներինը: Ապա` այս տարբերակով ծրագիրն իրականացնելու դեպքում դրա հովանավորները կանգնելու էին լուրջ խնդիրների առաջ. խողովակաշարն անցնելու էր անկայուն շրջաններով և վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, որ անգամ կարճաժամկետ հատվածում նախագծի անխափան իրագործումն անհնար է, և` բոլոր դեպքերում Ադրբեջանը միայնակ նախագիծը սպասարեկել չէր կարող` խիստ սահմանափակ ռեսուրսների պատճառով, իսկ կենտրոնասիական երկրների ներգրավումն այս նախագծին խնդրահարույց էր, քանի որ առկա Կասպից ծովի կարգավիճակի հարց, որի առկախված լինելն անհնար է դարձնում անդրկասպյան, կամ որ նույնն է` Ռուսաստանի ու Իրանի տարածքը շրջանցող խողովակաշարերի կառուցումը: Նման պայմաններում բնական է, որ նախագծի իրականացման մեջ լուրջ շահագրգռվածություն, այլ ոչ` քաղաքական դիվիդենտներ որոնող կողմերն ի վերջո գալու էին ողջախոհ եզրահանգման. նախագիծը հնարավորինս շահավետ ու նվազ ռիսկերով իրականացնել հնարավոր է միայն Իրանի հետ համագործակցությամբ: Իսկ իսլամական հանրապետության հետ այս թեմայով ուղիղ երկխոսության հնարավորություն ընձեռեց «միջուկային փաթեթի» շուրջ երկուստեք մեղմ դիրքորոշման դրսևորումը: նախորդ սեպտեմբերին շվեցարական Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ թե Թեհրանը, թե «Վեցնյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) նկատելիորեն կառուցողական էին, ինչը փորձագետներին հնարավորություն տվեց ենթադրություններ անել ճգնաժամի հանգուցալուծման մասին: Սա ազդանշան էր վառելիքա-էներգետիկ շահեր փնտրող ընկերությունների համար, և պատահական չէ, որ արդեն սկսվել են համապատասխան խորհրդակցությունները: Ասել է թե «Նաբուկո»-ն իրականացնողները վերջնականապես կլողմնորոշվել են Իրանի կողմը, ինչի մասին վկայում է Ռեզա Քեսաիզադեի հայտարարությունը: Իսկ ահա Շվեյցարիան, որն այս օրերին բանակցում է Թուրքիայի հետ, արդեն հասցրել է Իրանի հետ համապատասխան պայմանագիր կնքել: Շվեցարական «EGL Energy Group»-ի հետ կնքած պայմանագրով իրանական NIGEC-ը պարտավորվել է 2012 թվականից սկսած տարեկան 25 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպային: Դժվար չէ գուշակել, թե որ մայրուղով է իրանական գազը հասնելու Եվրոպա: Հ.Գ. Ադրբեջանը տևական ժամանակ «Նաբուկո» նախագիծը քաղաքական-քարոզչական նպատակներով օգտագործել ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու նպատակով: Սակայն տարածաշրջանում առկա միտումները ցույց են տալիս, որ անգամ կարճաժամկետ կտրվածքով պաշտոնական Բաքուն սխալ հաշվարկ էր կատարել: Հայ-թուրքական բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանն անընդհատ շանտաժային բնույթի հայտարարություններ է արել Թուրքիային գազ մատակարարելու ու Թուրքիայի միջոցով գազ արտահանելու թեմաներով, սակայն նոր իրողությունների առկայության պայմաններում Անկարան այլևս չի խորշում «եղբայրական պետությանը» համարժեք պատասխանելուց: «Արևմտյան ուղղությամբ ադրբեջանական գազի միակ ուղին անցնում է Թուրքիայով»,- NTV հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում զգուշացրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը` խորհուրդ տալով Բաքվին` չմոռանալ, որ յուրանաչյուր երկիր միշտ էլ ունի էներգետիկ աղբյուրների այլընտրանք: Նա պատրաստակամություն է հայտնել վճարել ադրբեջանական գազի դիմաց առաջացած այն տարբերությունը, որն, ըստ Բաքվի, առաջացել է էժան գներով մատակարարումների արդյունքում: Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է բաքվի համար գոհացուցիչ թվալ, սակայն իրականությունն այն է, որ Անկարան պահանջում է, որպեսզի Ադրբեջանն էլ իր հերթին տարանցման համար վճարի այնքան, որքան մյուս երկրները: Սա վերստին փաստում է, որ «մեկ ազգ` երկու պետություն» իռացիոնալ ձևաչափն աստիճանաբար զիջում է դիրքերը, և առաջին պլան են մղվում սեփական շահերի հիման վրա ռացիոնալ քաղաքականություն վարելու դրսևորումները: Անշուշտ, սա բխում է Հայաստանի շահերից, ինչին կանդրադառնանք հաջորդիվ: Կանդրադառնանք նաև այն թեմային, թե ինչ ներկայացվածություն կարող է ունենալ Հայաստանը «Նաբուկո»-ի և տարածաշրջանային մյուս նախագծերում` աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում:

No comments: