Monday, November 9, 2009

Էրդողանը խոստանում է լուծել Թուրքիայի հայ համայնքի խնդիրները

Tert.am 09.11.2009- Նոյեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հայկական կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ։ Զրույցի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր երախտագիտությունն է հայտնել վարչապետին նրա համար, որ Թուրքիայի հայ համայնքի կողմից բարձրացված մի շարք հարցեր իրենց լուծումն են ստանում, և հույս հայտնել, որ բոլոր մյուս հարցերը ժամանակի ընթացքում նույնպես կգտնեն իրենց լուծումը։ Հայկական կողմի ներկայացուցիչները նշեցին, որ համայնքային սեփականության մի շարք հարցեր արդեն իսկ լուծվել են, և համայնքին պատկանող սեփականությունն օրենքի սահմաններում վերադարձվել է հայերին։ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքով՝ այլ սեփականությունները վերադարձնելու համար անհրաժեշտ համայնքային փաստաթղթերը պատրաստվում են։ Նա հիշեցրել է Թուրքիայի վարչապետին, որ հայկական համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, հիվանդանոց և նման բազմաթիվ համայնքային հաստատություններ, որոնց միակ եկամուտն է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի վարձակալության գումարները։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, նշել է, որ ինքն «օտար չէ Թուրքիայի հայ համայնքին և գիտի, որ համայնքը խնդիրներ ունի»։ Նա ասել է, որ խնդիրներ ունեն նաև այլ համայնքները, և, որպես կառավարության ղեկավար, ինքը պարտավոր է իմանալ դրանց մասին և աշխատել դրանց լուծման ուղղությամբ։ Նա հավաստիացրել է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերն իրենց լուծումը կստանան, որի համար պետք է աշխատանք տանեն համապատասխան նախարարները։ Հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել այցելել Հայոց Պատրիարքարան և հանդիպել Մեսրոպ պատրիարքի հետ։

No comments: