Friday, November 20, 2009

Մեկնարկեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողովը

«ԱՅՍՕՐ» 20.11.2009 - Այսօր մեկնարկեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողովը, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը` կրթության ոլորտի բարեփոխումներում ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների ներուժը: Խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպանությունները, ՀԿ-ներ, Սփյուռքի և ԿԳ նախարարությունների ներկայացուցիչներ և ենթակա կազմակերպություններ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նպատակ է դրվել համակարգել և համադասել կազմակերպությունների կողմից կրթության բնագավառում նախաձեռնվող և իրականացվող ծրագրերը, ընդլայնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը կրթության զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում, հիմքեր ստեղծել կրթության համակարգում ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համակարգված գործելու և միջազգային փորձի փոխանակման համար: «Այս ամենը պահանջում է աշխատանք, որի համար ոչ միայն ֆինանսաներ, այլ նախևառաջ մտածելակերպի փոփոխություն է ենթադրում: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչպիսի՞ մտածելակերպ է անհրաժեշտ իրականում մրցունակ կրթության որակ ապահովելու համար: Պետք է ակտիվացնենք կրթության ոլորտի գործընկերների գործունեությունը, ստեղծել համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ»,- ասաց Ա.Աշոտյանը: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջունեց խորհրդաժողովի ներկաներին` կարևորելով կրթության բնագավառում միջազգային համագործակցությունը: «Դա Հայաստանի համար լրջագույն հնարավորություն է որակական աճ ապահովելու համար: Մեկնարել է Եվրամիության հետ հարաբերությունների Արևելյան գործընկերության ֆորմատը, և մեր հանձնաժողովը կարևորում է ոչ միայն քաղաքկան, այլև հումանիտար բաղադրիչը», - նշեց Զոհրաբյանը: Նա նաև հավելեց, որ ԱԺ-ում պատրաստ են քաղաքական և օրենսդրական դաշտում աջակցել կրթական բարեփոխումներին:

No comments: