Friday, November 20, 2009

ՇԱՐԺՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ Է ԼԻՆՈՒՄ

Հարցազրույց սոցիոլոգ Իզաբելա Սարգսյանի հետ Lragir.am 20.11.2009 -Դուք ընդդիմադիր ակտիվիստների շարքում եք, նրանց կողքին: Ձեր կարծիքով, ի՞նչ ընդդիմություն ունենք, ո՞ր ուժերն են ընդդիմադիր: Ըստ իս` ընդդիմությունը ես եմ և բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ապագան Հայաստանում են տեսնում, մարդիկ, ովքեր փոփոխություններ են տենչում, ովքեր ուզում են, որ սահմանադրական կարգը վերականգնվի, դավանում են ժողովրդավարական արժեքներ… այ այս բոլոր մարդիկ ընդդիմություն են, լինի դա 2004-ին, թե դրանից հետո, նրանք ինձ համար ընդդիմություն են, և այդ մարդիկ, հավատացեք, քիչ չեն: 2008-ի համազգային շարժումը կարևորում եմ հատկապես այն առումով, որ մինչ այդ ինձ թվում էր` մենք քիչ ենք, ասենք մի 100 -200 հոգի, և բոլորս իրար ճանաչում ենք: Բայց հանրահավաքները, այդ հարյուր հազարանոց երթերը ցույց տվեցին բոլորիս, որ մենք շատ ավելի շատ ենք, քան կարող էինք մինչ այդ կարծել: Բերում եք մեկ-երկու տարի առաջվա օրինակ, երբ հանրահավաքներին այդքան մարդ էր մասնակցում: Ի՞նչ եք կարծում, արդյոք մնացել է այդ ընդդիմադիրների բանակը: Ինձ թվում է` այո: Պարտադիր չէ Կոնգրեսն ընկալել միայն որպես քաղաքական միավոր: Կոնգրեսը բոլոր այն մարդիկ են, ովքեր ներկա ռեժիմի փոփոխությունն են ուզում, ովքեր կրում են մարտի մեկի հիշողությունը, ովքեր պայքարում են, որ մարտի մեկի գործով անհիմն ձերբակալված քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Բոլոր այդ մարդիկ, ովքեր այս գաղափարների կրողն են, Կոնգրես են: Ներկա ռեժիմի փոփոխության անհրաժեշտության հարցը բարձրաձայնում են նաև մյուս կուսակցությունները, ասենք` Դաշնակցությունը, Ժառանգությունը և այլն: Դաշնակցությունը երբեք բացահայտ չի ընդունել մարտի մեկը որպես հանցագործություն, երբեք քաղբանտարկյալներին չի ճանաչել որպես քաղբանտարկյալ, երբեք քաղաբանտարկյալների համար չի պայքարել ու երբեք Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել: Հետևաբար, նրանց այս դաշտում չի կարելի ընկալել: Ինչ վերաբերում է Ժառանգությանը, ապա, այո, իրենք մարտի մեկի և քաղբանտարկյալների վերաբերյալ դիրքորոշում հայտնել են: Եվ եթե իրենք էլ են այդ նույն դաշտում, ապա ես իրենց էլ եմ Կոնգրես համարում, ես իրենց էլ եմ համարում ինձ համախոհ: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո շատերը նրա կողմից իշխանության հետ ավելի շատ համագործակցության, քան նախագահի հրաժարականը պահանջելու միտում են տեսնում: Բոլորովին համաձայն չեմ: Չի կարելի նման եզրակացությունների հանգել մեկ ալեգորիկ պատմության հիման վրա: Նույն այդ ելույթում Տեր-Պետրոսյանը անդրադառնում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու ներկա իշխանությունների անկարողությանը և իշխանափոխության անհրաժեշտությանը: Իրական ընդդիմությունը ՀԱԿ-ը լինի, թե այլ խմբեր և նույնիսկ մարդիկ, ովքեր ֆորմալ առումով չեն հարում որևէ ուժի, համակարծիք են մի քանի հարցերի շուրջ, այն է` մարտի մեկի գործերի անաչառ քննություն և իրական մեղավորների պատիժ, քաղբանտարկյալների անհապաղ ազատում, նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում և սահմանդրական կարգի վերականգնում: Բայց երկու տարի է դա են պահանջում, ի՞նչ արդյունք է գրանցվել: Դա են պահանջում, որովհետև երկու տարի է` դա է ամենաէականը մեր երկրում: Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանում հիմա ավելի քիչ մարդ է ուզում Սերժ Սարգսյանի հրաժարականը, քան երկու տարի առաջ, կամ հիմա ավելի քիչ մարդ է համարում, որ մարտի մեկը ոճրագործություն է, քան երկու տարի առաջ: Ո՞վ ասաց, որ ՀԱԿ-ի համակիրների թիվը նվազում է, ի՞նչ հետազոտության հիման վրա են արվում նման եզրակացություններ: Այս պահին չկա ակտիվ քաղաքական պրոցես, չկան ընտրություններ, և շատ նորմալ է, որ մարդկանց քաղաքական ակտիվությունը պակասել է. ամբողջ աշխարհում է այսպես: Անձամբ ինձ համար էական չէ, թե քանի հոգի է այսօր ապօրինի բանտարկված` հարյո՞ւր, թե մեկ, Նիկո՞լն է, Սասուն Միքայելյա՞նը, թե մեկը, ում ես բացարձակ չեմ ճանաչում: Ինձ համար մեկ հոգին էլ բավարար պատճառ է ասելու, որ մինչև վերջին քաղբանտարկյալը չազատվի, մինչև մարտի մեկը չքննվի, ես անձամբ որպես մարդ չեմ կարող այս երկրում հանգիստ ապրել: Ենթադրենք Սերժ Սարգսյանը վաղը հրաժարական է տալիս, ի՞նչ է լինելու: Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ և երբեք չի եղել ինքնանպատակ: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթներից մեկում ասաց, որ մեզ պետք չէ Ղարաբաղի կամ Ցեղասպանության գնով իշխանափոխության իրականացումը, մենք այդ իշխանությանը չենք ձգտում: Այսինքն` իշխանափոխությունն ընդամենը մեխանիզմ է, որպեսզի բոլորիս կյանքում փոփոխություն տեղի ունենա, մեր կյանքը բարելավվի: Եվ, ի դեպ, բնավ պարտադիր չէ, որ իշխանափոխության արդյունքում նախագահ դառնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Թող ազատ ընտրություններ լինեն և նախագահ դառնա նա, ով կստանա ժողովրդի քվեն: Եվ քանի դեռ մարտի մեկի իրական մեղավորները պատժված չեն և շարունակում են ազատ ապրել մեր մեջ և վայելել կյանքը, քանի դեռ անմեղ մարդիկ բանտերում են, այս իրավիճակում ուրիշ ի՞նչ պետք է ընդդիմությունը պահանջի: Չե՞ք գտնում, որ պետք են խմբեր, որոնք պետք է Ձեզ, ինձ, մյուսին համախմբեն հանարահավաքների, քննարկումների միջոցով: Մեկն ասում է Կոնգրեսը հոգնել է, մյուսը` դադար է վերցրել և այլն, և այլն: Ես համարում եմ, որ շատ լավ է, երբ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, և իրավիճակը տարբեր կերպ են ընկալում: Կոնգրեսը տոտալիտար համակարգ չէ և ոչ էլ մոնոլիտ կուսակցություն: Սա կենդանի շարժում է, և ինչպես ցանկացած շարժում, այն չի կարող միայն վերևից ներքև վեկտոր ունենալ, շարժումը նաև ներքևից վերև իմպուլս պիտի ստանա, նախաձեռնություն պետք է լինի: Չպետք է Լևոն Զուրաբյանը գա և ինձ ասի` գիտե՞ս ինչ, ես քեզ տալիս եմ կուսակցական հանձնարարություն, գնա այսինչ գյուղը, արա այսինչ բանը: Եթե ես, Դուք, մեկ ուրիշը փոփոխություններ տեսնելու ցանկություն ունենք, չպետք է որևէ մեկի հրահանգին սպասենք կամ որևէ մեկի հետ հույսեր կապենք: Ամեն մարդ, ամեն քաղաքացի ցանկացած պարագայում պետք է պայքարի, ամեն մի փոքր և մեծ հարցում պայքարի, ամեն մի հիմնարկում, ամեն մի բուհում, ամեն մի գյուղում, փոքր ու մեծ քաղաքում պայքարի իր իրավունքների և ուրիշ մարդկանց իրավունքների համար, “Ձեր և մեր ազատության համար”: Այլ պարագայում ոչինչ էլ մեր կյանքում մեծ առումով չի փոխվելու: Չէ՞ որ մենք այդ փորձն ունենք. 88-ին ամեն մի հիմնարկում, ամեն գործարանում կային Ղարաբաղ կոմիտեի օղակներ, որոնք կազմակերպում էին ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ որևէ այլ անհատ: Դա մի աննախադեպ քաղաքացիական շարժում էր: Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ հասանելի. կարևորը ցանկությունն է: Մեր հասարակության մեջ կա՞ այսօր այդ ցանկությունը: Ես չեմ կարծում` չկա: Եթե չլիներ, բազմահազարանոց հանրահավաքներ չէին հավաքվի: Միգուցե նոր մեթոդներ կիրառելու կարիք կա, միմյանց հետ աշխատելու փորձի պակասություն կա, մեր ուժերի մեջ հավատի պակաս կա… Ես չեմ ասում Կոնգրեսը շարժվում է, թե դոփում է նույն տեղում, ես ասում եմ` Կոնգրեսը ես եմ, իմ ընկերները, ծանոթներն ու անծանոթները, Կոնգրեսն այն բոլոր արժանապատիվ մարդիկ են, որոնք այլևս չեն ուզում այսպես ապրել: Եվ եթե ինձ, Ձեզ կամ որևէ մեկին թվում է, թե ոչինչ չի շարժվում, միգուցե փորձենք խնդիրը մեր իսկ պասիվության և նախաձեռնության բացակայության մեջ փնտրել: Հավատացնում եմ Ձեզ, եթե լավ մտածենք, ամեն մեկս հարյուր բան կարող ենք մտաբերել, որ այս իրավիճակում կարող ենք անել ու չենք անում: Սկսած քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելուց, դատերին մասնակցելուց, նյութեր տարածելուց` վերջացրած քաղաքացիական կրեատիվ ակցիաներով: Եկեք մենք մեզ թափ տանք, ի՞նչ կարիք կա ուրիշներին մեղադրել: Շատերն ասում են, թե ընդդիմությանը նոր գաղափարներ, նոր ծրագրեր են պետք: Քաղաքականության մեջ, մեծ առումով, չկան նոր գաղափարներ, ճիշտ այնպես, ինչպես գրականության մեջ չկան նոր սյուժեներ: Եթե երկրում կան քաղբանտարկյալներ, եթե գոյություն չունի ազատ մամուլ, անկախ դատական համակարգ, եթե անհատի՝ կյանքը, ունեցվածքը, արժանապատիվ ապրելու իրավունքը ոչնչով ապահովված չէ, եթե երկրում հաստատված է կոռումպացված, կրիմինալ իշխանական համակարգ ու դրան սերտաճած տնտեսություն, եթե երկրիդ դիվանագիտությունը մեկը մյուսի հետևից խայտառակ պարտություններ է կրում, ես չգիտեմ ուրիշ ինչի մասին պետք է խոսի ընդդիմությունը: Որքան էլ այդ ամենը “հին գաղափար” թվա կամ հարյուր անգամ էլ կրկնվի` սա է մեր այսօրվա իրականությունը և ոչ մի “նոր” բան այստեղ չկա, ճիշտ այնպես, ինչպես և այլ թերզարգացած, ավտորիտար երկրներում: Նորից կրկնեմ, ես չեմ կարծում, որ մենք պետք է նստենք ու սպասենք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը, կամ որևէ մեկը կգա և կլուծի մեր բոլոր խնդիրները: Այսպես երբեք չի եղել և չի էլ կարող լինել: Տեր-Պետրոսյանը մեսսիա չի: Ամեն մեկս մեր պատասխանատվության բաժինն ունենք, բոլորս պիտի այս գործի հաջողության համար ջանք գործադրենք: Կիրթ և արժանապատիվ մարդ լինելը, քաղաքացի լինելը զրկանքներ պահանջող, ամենօրյա ծանր աշխատանք է: Ընդդիմադիր գործիչը, առավել ևս առաջնորդը հազարապատիկ ավելի մեծ պատասխանատվություն է կրում, և նրա բեռը շատ ավելի ծանր է: Ըստ իս` Կոնգրեսը նախևառաջ քաղաքացիական շարժում է: Իզուր չէ, որ անհատներն ու հասարակական կազմակերպություններն անդամակցում են Կոնգրեսին ճիշտ այնպես, ինչպես քաղաքական միավորումները: Ձեր հարցազրույցների այս շարքում հաճախ եմ հանդիպում, երբ ասում են` Կոնգրեսում չկա որևէ կուսակցական գիծ: Ես կարծում եմ` շատ լավ է, որ չկա այդ կուսակցական գիծը: Շատ լավ է, որ Կոնգրեսի ներսում կան տարբեր ուժեր, որոնք դավանում են տարբեր գաղափարներ, և կան տարբեր մարդիկ, ովքեր տարբեր ձևով են մտածում: Շարժումն այդպես է լինում:

No comments: