
News.am. 6-11-2009- ԱՄՆ վարչակազմն իր դժգոհությունն է հայտնել, որ Թուրքիան ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել իրանական գազի արդյունահանման ու մատակարարման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ հիմա Իրանի հետ նորմալ բիզնես վարելու ժամանակը չէ:
Նա հիշեցրել , որ ԱՄՆ-ը տնտեսական ու առեւտրային հարաբերություններ չունի Իրանի հետ: «Մենք էլ ունենք օրենսդրություն, որը պատժամիջոցներ է պահանջում, եթե այլ երկրները կապիտալ ներդրումներ են կատարում Իրանի էներգետիկ ոլորտում եւ այդ առումով ոչինչ չի փոխվել»,- նախազգուշացրել է ամերիկացի դիվանգետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարած այցելության ժամանակ մի շարք համաձայնագրեր են կնքվել գազային ոլորտում, մասնավորապես իրանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու խնդրի հետ կապված: Դրա համար Իրանն ու Թուրքիան նախատեսում են համատեղ ձեռնարկություն ստեղծել, որը կզբաղվի երկնագույն վառելիքի մատակարարմամբ: Փորձագետների կարծիքով, այդ պայմանավորվածությունները կարող են լուծել «Նաբուկո»-ի հիմնական խնդիրը` ռեսուրսային բազայի բացակայության խնդիրը:
Ավելի վաղ Իրանի գազի արտահանման ազգային Ընկերության ղեկավար Ռեզա Քեսաիզադեն հայտարարել էր, որ եվրոպական ընկերությունները ոչ պաշտոնական խորհրդակցություններ են սկսել Իրանի հետ` վերջինիս «Նաբուկո»-ին միանալու օրակարգով: Նա ընդգծել է, որ առանց իրանական գազի «Նաբուկո»-ն երկամտաբեր չի լինի, եւ դրա իրականացումը անհնար կդառնա: Այդ գազամուղը կիրականանա միայն այն դեպքում, եթե նրանով տարեկան հոսի 30 միլիարդ խմ գազ, ասել է Քեսիզադեն:
Հիշեցնենք, որ «Նաբուկո»-ի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011 թվականին, որը շահագործման կհանձնվի 2014-ին:
No comments:
Post a Comment