Monday, November 30, 2009

Թուրքիային Եվրամիությունում չեն սպասում

News.am. 30-11-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ քննարկել է Թուրքիայի ԵՄ անդամակցության շանսերը՝ հատկապես ԵՄ նախագահի պաշտոնում նոր նախագահի ընտրությունից հետո, ով կտրականապես դեմ է այդ անդամակցությանը: Ամեն ինչից երեւում է, որ Եվրամիությունը մտադիր չէ մոտակա տարիներին իր կազմ ընդունել Թուրքիային: Բրյուսելը դժգոհ է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակից ու ժողովրդավարության մակարդակից: Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ԵՄ առաջին նախագահ է ընտրվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ հանդես եկող Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպեյը: Հիշեցնենք, որ նախքան իր ընտրվելը, Ռոմպեյն իր ելույթներից մեկում ասել է. «Թուրքիան Եվրոպայի մաս չէ եւ ԵՄ ընդլայնումը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի անդամակցության ճանապարհով»: Նրա խոսքով, Եվրոպայի ունիվերսալ արժեքները, որոնք հիմնված են քրիստոնեական գաղափարների վրա, կվերանան, եթե ԵՄ անդամ դառնա այնպիսի հսկա մահմեդական երկիր, ինչպիսին Թուրքիան է: Նշենք, որ վերջերս ԵՄ-ն իր հայտարարությամբ նշեց այն երկրները, որոնց ԵՄ անդամակցությունը Եվրամիության համար առաջնային է: Այդ երկրների ցանկում Թուրքիան չկար: Պարզվում է Հայաստանի հետ մերձեցումն էլ չի օգնում Թուրքիային, թեեւ շատ հնարավոր է, որ այս խստացումները նպատակ ունեն հասնել նրան, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվի եւ սահմանը բացվի:

No comments: