Tuesday, November 10, 2009

Երկու հայ նախարար Լիբանանի նոր կառավարությունում

News.am. 10-11-2009- Մոտ 4 ամիս եւ 15 օր տեւած քաղաքական ճգնաժամը Լիբանանում հանգուցալուծվեց: 2009թ.-ի հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո Լիբանանը նոյեմբերի 9-ի երեկոյան նոր կառավարություն է ձեւավորել՝ այն հռչակելով «ազգային միասնության կառավարություն»: Բեյրութում հրապարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Լիբանանի կառավարությունը բաղկացած է 30 հոգուց, հարգված է նաեւ լիբանանահայ համայնքին տրված չափաբաժինը: Ըստ Քանդահարյանի՝ ՀՅԴ-ի առաջադրմամբ ճարտարարվեստի նախարար է դարձել Աբրահամ Դեդեյանը, իսկ վարչապետ Սաադ Հարիրիի կուսակցության առաջադրմամբ՝ պետական նախարարի պաշտոնում նշանակվել է Ժան Հովասափյանը: «Քաղաքական դաշտի բաղադրիչ ուժերը, հոսանքները՝ ընդհանրապես, ե՛ւ իշխանամետ ե՛ւ ընդդիմադիր, ներկայացված են կառավարությունում»,- հայտնեց Քանդահարյանը՝ հավելելով. «Որոշակի լավատեսական մթնոլորտ կա հիմա: Առճակատման կամ քաղաքական ճգնաժամի դուռը փակված է, եւ համագործակցության դուռ է բացվել Լիբանանում»: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններում Սաադ Հարիրիի «14 մարտի» շարժումը հաղթանակ էր տարել, իր հիմնական մրցակցի «8 մարտի» դաշինքի նկատմամբ, որում ընդգրկված էին Քրիստոնեական «Բարեփոխում եւ կարգուկանոն» կուսակցությունը՝ գեներալ Միշել Աունի գլխավորությամբ, Մահմեդական կուսակցությունը՝ բաղկացած հիմնականում շիաներից, «Հըզբոլլահն» ու ՀՅ Դաշնակցությունը:

No comments: