Saturday, November 21, 2009

Իմ գույնը հողի գույնն է. Լեոնիդ Ազգալդյան

Panorama.am. 21-11-2009 - Նոյեմբերի 22-ին լրանում է մարտական խաչի շքանշանակիր Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 67-ամյակը: Այս կապակցությամբ նրա զինակիցներ` Գագիկ Գինոսյանը և Համիկ Սայադյանը հրավիրել էին մամլո ասուլիս: «Կարին» պարային համույթի ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը իր խոսքի սկզբում ընդգծեց հենց այս հանգամանքը, թե Լեոնիդը իր կենսագրության բոլոր հատվածներում բազմակողմանի զարգացած մարդ էր: Նշենք, որ նա այն բացառիկ հայերից է եղել, որ սովորելով խորհրդային տարիներին Լոմոնոսովի անվան համալսարանում, Մոսկավայում ցույց է կազմակերպել` Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս պատճառով էլ նա հեռացվել է համալսարանից և տեղափոխվել Երևան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում շարունակել ուսումը: Ինչ վերաբերում է Լեոնիդի մարտական ուղուն, ապա, չլինելով մարտական գործի վարպետ, նա մեծ ունակություններ է դրսևորել մարտի դաշտում: Համիկ Սայադյանը նշեց, որ Լեոնիդ Ազգալդյանը կարողանում էր մարտական գործողություններում կանխատսեումներ կատարել թշնամու հետագա քայլերի մասին և միջոցներ ձեռք առնել դեռ 1-2 ամիս առաջ: Բացի այդ, նրա մարտական ընկերները ընգծեցին, որ Լեոնիդը կարողանում էր նաև նոր զինատեսակներ ստեղծել` օգտվելով ֆիզիկայում իր ունեցած գիտելիքներից: Լեոնիդը նաև մարտական ոգի էր դաստիարակում իր մարտիկների մեջ, քանի որ մեծ գաղափարախոս էր: Մի անգամ, ինչպես հիշեց Գ. Գինոսյանը, նա բանավիճել է Կոմանդոսի հետ այն առիթով, թե չի կարելի կիրառել խորհրդային բանակի այն մեթոդը, որ հաղթանակը պիտի տրվի ամեն գնով: Նա գտնում էր, որ ընդհակառակը, պիտի գնահատել յուրքանչյուր մարտիկին: Այդ պատճառով էլ նրա ղեկավարած մարտերի 4 տարիների ընթացքում զոհվել են 6 մարտիկներ: Թեև Նժդեհի գաղափարակիցն էր Լեոնիդը, սակայն չի եղել կուսակցական: Ինչպես հիշեց Գ. Գինոսյանը, երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույց վերցնելիս Լեոիդին հարցրել է` «ի՞նչ գույն ունենք» (ասել է թե` որ կուսակցությանն եք պատկանում), հրամանատարը ծնկի է եկել , մի բուռ հող է վերցրել ու ասել.«Ահա իմ գույնը»:

No comments: