Monday, November 2, 2009

ՀԱՅՈՑ ՄՏՔԻ ԹԱՔՍՏՈՑԸ

«Լրագիր» 2,11,2009- Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի ամբողջ ընթացքը ուղեկցվում էր միջազգային կառույցների եւ զանազան պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների, քաղաքագետների գնահատականներով, որոնք հիմնականում հայտարարում էին, որ հայ-թուրքական գործընթացը շահեկան է բոլորի համար: Հայաստանի քաղաքական իստեբլիշմենտն էլ, քաղաքագիտական եւ փորձագիտական մտքի հետ միասին, ուշադրությամբ հետեւում եւ եզրահանգումներ է անում միջազգային այդ հայտարարություններից, կարծես թե դրանց մեջ որոնելով իր համար կարեւոր հարցերի պատասխաններ: Եվ այդ պատասխանների մի զգալի մասն իսկապես առկա է այդ հայտարարություններում: Դրանցից իսկապես կարելի է որոշակի եզրահանգումներ անել, տրամադրություններ շոշափել, փորձել հասկանալ, թե ինչ իրական մտադրություններ եւ ծրագրեր կան աշխարհում կապված հայ-թուրքական գործընթացի հետ: Բայց, նկատելի է նաեւ, որ այդ արտերկրային կարծիքների եւ գնահատականների մեջ Հայաստանի հասարակական-քաղաքական, փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակները թաքստոց են որոնում, որտեղ կարելի է պատսպարվել եւ խուսափել սեփական հստակ եւ կոնկրետ գնահատականներից: Նույնն է նաեւ իշխանության պարագայում: Այսինքն, գրեթե բոլոր հայտարարությունների, բոլոր գնահատականների մեջ, որ տալիս է Հայաստանի քաղաքական եւ իշխանական համակարգն առկա գործընթացին, առանցքը կազմում են հղումները արտերկրից հնչած այս կամ այն հայտարարություններին: Մեկ ԱՄՆ պաշտոնյաներն այսպես ասացին, մեկ Էրդողանը Դավութօղլուի հետ այսպես ասաց, մեկ Ալիեւն ասաց, մեկ Մեդվեդեւը, Մինսկի խմբի համանախագահները, Սարկոզին, Օբաման, Հիլարին, այսպես շարունակ: Լավ, հասկացանք: Հիմա ենթադրենք, որ այդ մարդիկ բոլորը լռել են, ոչ մի բան չեն ասել: Ինչն է կողմնորոշելու Հայաստանի հասարակական-քաղաքական մտքին, ինչին են նրանք հղումներ կատարելու, ինչից են բռնվելու, ինչով են արդարանալու, ինչի հետեւում են թաքնվելու նրանք: Որն է Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի սեփական պատկերացումների, սեփական գնահատականների եւ կարծիքների ձեւավորման հենքը, ինչի վրա են դրանք ձեւավորվում, եթե իհարկե ձեւավորվում են: Բայց բանն էլ հենց այն է, որ սեփական կարծիքներ, գնահատականներ ու պատկերացումներ չեն ձեւավորվում, կամ եթե ձեւավորվում են, ապա եզակի անհատների մոտ: Իսկ մեծամասնությունն առաջնորդվում է ընդամենը կոնյունկտուրային սկզբունքով՝ մթնոլորտում որ կարծիքի, որ մոտեցման պահանջարկ կա, այն մոտեցումն էլ հնչեցվում է: Կամ հնչեցվում է այն մոտեցումը, որը որ լավ կվաճառվի, որին որ լավ գին կտան որեւէ կողմից: Արդյունքն այն է, որ հայկական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում այդպես էլ չի կարողացել ձեւակերպել որեւէ ամփոփ միտք, որը հասկանալի լիներ թե սեփական հասարակությանը, թե միջազգային հանրությանը: Գրեթե բոլոր մտքերը, դիտողություններն ու դատողությունները կիսատ են մնում, քանի որ ավարտուն տեսքը մտքի հեղինակին կզրկի կոնյունկտուրայի հավանական փոփոխության դեպքում անհրաժեշտ ճկունությունից: Դժբախտաբար դա է իրականությունը, որ առկա է մեզանում: Դրա համար էլ շատ պարզ է, թե Հայաստանում ով ում շահը կարող է սպասարկել, բայց աստիճանաբար ավելի ու ավելի անորոշ է դառնում, թե ով կարող է սպասարկել հասարակության շահը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: