Monday, November 30, 2009

Հակոբ Հակոբյանը հայ-թուրքական սահմանի բացմանը սպասելիս

«Հետք» 30-11-2009- Երեւան-Էջմիածին ավտոմայրուղու աջակողմյան հատվածում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (մականունը` Ճոյտ) պատկանող «Զվարթնոց» հյուրանոցային համալիրը: Հյուրանոցի անմիջապես կողքին է գտնվում պատգամավորին պատկանող կիսակառույց շինությունները, որոնք նախատեսված են խանութների համար: Հ. Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ ավարտին չի հասցնում շինարարությունը եւ այդպես կիսաավարտ վիճակում թողել է 4-5 տարի: Նա ասաց, թե սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը: «Ուզում եմ իրենք գան (նկատի ունի թուրքերին,-հեղ.) նոր իրենց ճաշակով ավարտին հասցնեմ»,-ավելացրեց Հ. Հակոբյանն ու խոստովանեց, որ ակտիվ քարոզչություն է անում հայ-թուրքական սահմանի բացման համար: «Այսօր գիտեք, թե մեր բեռներն ինչ դժվարությամբ են Հայաստան մտնում: Ով մեծ գումարներ ունի կարողանում է ապրանքներ ներկրել, իսկ փոքր ձեռներեցները, որոնք ասենք շրջանառության մեջ ունեն 3000 դոլար, չեն կարող գնալ նավով ապրանք բերել: Իսկ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մարդը կնստի սովորական գազել ավտոմեքենա, կանցնի թուրքական սահմանը, 3000 դոլարի իր առեւտուրը կանի ու կգա: Նման գազելները կլինեն ոչ թե 1-2-ը, այլ` հարյուրավոր: Այդ ժամանակ նոր կլինի մրցակցություն»,-ասում է Հ. Հակոբյանը: Նրա փոխանցմամբ սահմանի բացումից ոչ մի վտանգ չկա, հիշեցնելով որ մեր հայրենակիցներն ապրում են աշխարհի բոլոր երկրներում ու չպետք է անընդհատ մտածենք, թե` թուրքը կգա, քանի որ նույն հաջողությամբ կարող է թուրքն ասել` հայը կգա: Նախկին պատգամավորը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է ազատ թողնենl եւ չպետք է վախենաl, որ թուրքը կգա ու մեր հողերը կգնի: Նա խորհուրդ է տալիս թուրքի կողմից հող գնելու առաջարկն ընդունել կամ ոչ, քանի որ ոչ ոք ստիպողաբար նրանց հող չի վաճառելու: «Էն մարդն առաջարկություն է անում` ուզում ես վաճառի, չես ուզում մի վաճառի: Երբ զգանք, որ պետությանը, հասարակությանը վնաս է լինում` օրենք կընդունենք կսահմանափակենք; Ես ազատության կողմնակիցն եմ: Նույնիսկ պատերազմների ժամանակ մեր 2 պետություններն իրար հետ առեւտուր են արել, բայց այսօր ունենք փակ սահման: Դա նշանակում է, որ մենք զարգացած չենք, չգիտենք ինչ բան է քաղաքակրթությունը: Երբ մենք քաղաքակրթված չենք, շատ դժվար է քաղաքականությամբ զբաղվելը»,-ավելացրեց Հ. Հակոբյանը: Նրա համոզմամբ, կգա մի ժամանակ, երբ տարածաշրջանում բոլոր սահմանները բաց կլինեն, իսկ օրենքներն ու մաքսատները կլինեն գրեթե նույնը: Ըստ Հակոբյանի` եթե մենք չդառնանք Եվրոպայի կառույցներին նմանվող մի փոքրիկ պետություն, եվրոպական երկրները երբեք մեզ չեն ընդունի իրենց շարքերը: «Համոզված եմ Եվրոպան փորձելու է իր փոքր օրենքները ներարկել այստեղ, փորձելու է մեզ քաղաքակրթել, դրանից հոտո տարածաշրջանին նոր կմտցնի Եվրախորհրդի կազմի մեջ: Երբեք Թուրքիային իրենց անդամը չեն դարձնի Հայաստանին թողնեն, կամ Հայաստանին վերցնեն Վրաստանին թողնեն: Բոլորին կդարձնեն նույն մտածելակերպի պետություն ու դրանից հետո մի որոշումով կդառնանք իրենց անդամը»,-ասաց Հ. Հակոբյանը: Նա ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ պետք է հարմարվող ու զիջող լինենք եւ նույնն էլ պահանջենք մեր հարեւաններից, հակառակ դեպքում` կդառնանք կիսավայրենի մի պետություն եւ մարդիկ կխուսափեն մեր երկրում ներդրումներ անել: «Մեր նախագահը միլարդավոր բնակչություն ունեցող Չինաստանի նախագահի հետ հավասարը հավասարի հետ բանակցություններ է վարում, ի՞նչ է հելնենք գոռանք` մենք հայ ենք, մենք խելացի ենք: Նման բան չի լինում»,-ասաց Հ. Հակոբյանը եւ պատմեց, որ հիմա էլ զբաղված է 1820-1865թթ թուրքական եւ այլ երկրների տնտեսական ոլորտի ուսումնասիրություններով: Դրանից նա վերլուծություններ է անում, թե ֆինանսական ճգնաժամը ինչ ազդեցություն կունենա, քանի որ դրանից հետո սկսվելու է տնտեսական ճգնաժամ, որի մասին, ըստ Հակոբյանի` քչերն են խոսում: «Ես վերլուծություններ եմ արել ու եզրակացրել, որ մինչեւ 20 000 դոլար շահույթ հետապնդող կազմակերպությունները պետք է շատ լինեն: ոշոր ձեռնարկությունները պետք է վերածվեն միջինի, իսկ միջինները` փոքրերի: Միայն այդ դեպքում կարող ենք մեր երկրում մրցակցություն ստեղծել, որը ցավոք պակասում է: Հենց ցավոտ կողմն այն է, որ մենաշնորհ է եւ գնային առումով ով ոնց ուզում անում է: Մեր երկրում քարոզչությունն է պակասում: Քարոզչությունն այն չի, որ ասենք իմ զոքանչը խփի մեկի ավտոյի հետեւից, բոլոր թերթերը գրեն, թե` Հակոբի զոքանչը քացով խփեց ավտոյի հետեւից, միլիցեքն եկան ու Հակոբը նրանց թարս նայեց»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Գրիշա Բալասանյան

No comments: