Monday, November 30, 2009

Today’s Zaman. Արձանագրությունները չի կարելի մեկնաբանել որպես հայերի՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի ավարտ

News.am. 30-11-2009- Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են քննարկվել երկու երկրներում, իր էջերում գրում է թուրքական Today’s Zaman-ը։ Թերթը հիշեցնում է, որ «այդ նախաձեռնությունը սկզբնական շրջանում ողջունվեց խանդավառվածների եւ հավանության չարժանցավ քննադատների կողմից։ Եւ այս ամենը՝ հույսերով ու վախերով։ Սակայն այժմ քննարկումներն առավել նրբերանգային բնույթ են կրում։ Վերոնշյալ փաստաթղթերը կասկածներ են առաջացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, այնպես որ դեռ շատ վաղ է խոսել հաջողության մասին։ Կան բազմաթիվ բաց հարցեր, որոնցից մեկն էլ ղարաբաղյան հիմնախնդիրն է։ Ժամանակի հաշվարկը չի սկսվել արձանագրությունների ստորագրման պահից, այն կսկսվի, երբ դրանք կվավերացվեն երկու երկրների խորհրդարաններում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան առաջընթացի հույս ունի, եթե Հայաստանը խորհրդարանական քվեարկությունից առաջ „գրավյալ“ տարածքներից դուրս բերի իր զինված ուժերը։ Եվ քանի որ այդ հարցը ներառված չէ արձանագրությունների օրակարգում, Հայաստանը կարող է պնդել, որ ամեն ինչ ընթանում է առանց նախապայմանների, այն ժամանակ, երբ Թուրքիան կարող է հավատացնել Ադրբեջանին, որ երկու գործընթացները փոխկապակցված են։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փոքր քայլին Թուրքիան կպատասխանի մեծով, ինչը ձեռնտու տարբերակ կդառնա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, քանի որ տարածաշրջանը վերջապես կայունության եւ բարգավճման հեռանկարներ կունենա»։ Հետո թերթը նշում է, որ «արձանագություններում առկա ամենահակասական հարցը պատմական արխիվներն ու փաստերն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողով ստեղծելու հարցն է։ Դա Թուրքիայի հաղթանակն է համարվում, քանի որ „ուսումնասիրությունների“ ընթացքում երրորդ երկրները զերծ կմնան Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստով համապատասխան բանաձեւերից։ Հայաստանն անհանգստանում է նաեւ այն պատճառով, որ այդ հանձնաժողովի ուսումնասիրություններն անաչառ չեն լինի, քանի որ գիտնականներն ու պատմաբանները ելույթ կունենան իրենց երկրների անունից։ Ոչ մի կասկած չկա նրանում, որ այդ գործընթացի յուրաքանչյուր քայլ քննադատաբար կընդունվի ամբողջ աշխարհի հայերի եւ թուրքերի կողմից։ Պայքարը կնթանա ակադեմիական, քաղաքական եւ իրավական մակարդակներով։ Չմոռանանք նաեւ, որ մոտենում է 2015թ., իսկ դա նշանակում է, որ 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին առավել մեծ ուշադրություն է դարձվելու։ Շատ թուրքեր վստահ են, որ Հայաստանի կառավարությունն ընդունակ է վերահսկել հայկական Սփյուռքի՝ երրորդ երկրների խորհրդարաններում համապատասխան բանաձեւեր ներկայացնելու ջանքերը։ Սակայն այդ սպասումները անհիմն են եւ կարող են հետընթացի բերել։ Եվ շատ կարեւոր է, որ Թուրքիայում արձանագրությունների մի քանի կետեր չմեկնաբանեն որպես հայերի՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի ավարտ»։

No comments: