Wednesday, December 30, 2009

Տոնվեց «Րաֆֆի» համալիրի 30-ամյակը

Սրանից 30 տարի առաջ Սասուն քաղաքամասի հայ երիտասարդությունը ինքնաբուխ շարժումով որոշեց, մի կտոր չոր ու ավերակ հողամասի հոգի ու շունչ տալ, ստեղծել մի տուն, որտեղ կարողանա հաճելի ժամեր անցկացնել եւ միասնական աշխատանքի քաղցր համը ճաշակել: Սկզբնական նպատակը սեփական ֆուտբոլի դաշտ ունենալն էր, հետո դրան ավելացավ նաեւ այլ մարզաճյուղերի հարմարություններ ավելացնելու հարցը: Բայց քանի որ հայ ենք ու հայն էլ առանց իր մշակույթի չի դիմանում մարզականին գումարեց նաեւ մշակութային բաժանմունքը եւ այդպես քիչ-քիչ երիտասարդ բազկի եւ մտքի շնորհիվ ձեւավորվեց «Րաֆֆի» միությունը, որը առ ժամանակ անց միութենականների անխոնջ աշխատանքի եւ ժողովրդի անվերապահ պաշտպանության արդյունքում վերածվեց համալիրի: Համալիր, որն այսօր մարզանքի կողքին զբաղված է նաեւ հայեցի դաստիարակությամբ ու հայապահպանման գործով: Հինգշաբթի նոյեմբերի 16-ի երեկոյան ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մեծ դահլիճում, ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Գրիգոր Առաքելյանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանի, թերթիս խմբագիր Մովսես Քեշիշյանի, միությունների եւ հաստատությանց ներկայացուցիչների ու հարյուրավոր միութենականների ներկայությամբ, մեծ շուքով տոնվեց ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հիմնադրման 30-ամյակը: Տոնակատարությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ձայնափողին մոտեցավ ձեռնարկի վարիչ, Թեհրանի ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության դասախոս, տկն. Քարմեն Ազարյանը: Նա, ողջունելով ներկաներին, ասաց. «Ուրախ ենք, այսօր, բոլորիդ միասին ու համատեղ տեսնել այս սուրբ հարկի տակ: Սուրբ եմ ասում, թող չափազանցություն կամ մեծամտություն չհնչի, քանի որ սա իրոք սուրբ հարկ է՝ սուրբ օջախ, որն իր շուրջ է հավաքել ոչ թե մի ընտանիք արյանակցական կապ ունեցող սահմանափակ թվով մարդկանց, այն էլ ժամանակավորապես, այլ ամենահեռավոր կապ անգամ չունեցող ամենատարբեր տարիքի, խավի ու տիպի մարդկանց»: Ձեռնարկավարը ավելացրեց. «Իսկ մենք՝ «Րաֆֆի» համալիրի 30-ամյակի հոբելյանի մեծարման առիթով այս հարկի տակ հավաքվածներս, թող մեկ անգամ եւս հիշելով կատարված գործի ահագնությունը, եւ ստեղծվածի անգնահատելի արժեքը, առիթն օգտագործենք միմյանց խոստանալու, որ յուրաքանչյուրս կանենք մեր հնարավորը, ո՛չ, հնարավորինն այսօր դեռ քիչ է, կանենք անհնարինը պահպանելու եւ զարգացնելու մեր բոլորի 30-ամյա աշխատանքի արդյունքը, փոշուց ելած այս կառույցը եւ այս հավաքականությունը՝ այն ծառայեցնելով մեր համայնքի եւ ազգային շահերին»: Վարիչը չմոռացավ նաեւ միության հիմնադիր ներկա եւ բացակա անդամներին՝ Աբրամ Խոսրովյանին, Պետրոս Աբգարյանին, Հայկ Խաջավիին, Վարդան Բաբախանյանին եւ այլոց: Ապա բեմ հրավիրեց Վ. Բաբախանյանին իր խոսքն ու որոշ հուշեր պատմելու: Հոբելյանական ձեռնարկի առիթով շնորհավորական ուղերձներ էին հղվել թեմիս Առաջնորդի, ՀՀ դեսպանի, Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհուրդի, «Արաքս» շաբաթաթերթի, «Սիփան», «Արարատ» եւ հայ կանանց եկեղեցասեր միությունների, տիկ. Աստղիկ Բաբայանի եւ այլոց կողմից: Պահը հարմար գտնելով վարիչը բեմ հրավիրեց Սրբազան Հորը, որպեսզի իր հայրական խոսքն ուղղի միութենականներին: Թեմիս առաջնորդը մոտենալով ամբիոնին, խոսեց հավուր պատշաճի եւ բարձր գնահատելով «Րաֆֆի» համալիրի 30-ամյա ազգային գործունեությունը, հաստատեց, որ իսկապես այն սուրբ օջախ է, որովհետեւ այնտեղ հնչում է հայերենը, մատաղ սերունդը դաստիարակվում հայեցիորեն: Սրբազանն իր օրհնանքը տալով միությանն ու միութենականներին, մաղթեց, որ «Րաֆֆի» համալիրը դեռ երկար ծառայի մեր համայնքին: Այնուհետ ընթերցվեց ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի ուղերձը, ուր Դեսպանն ողջունել էր միության 30-ամյակը, շեշտել՝ որ «Րաֆֆի»-ն մեծ դեր է ստանձնել Հայաստան-Իրան բարեկամության կարեւոր գործում: Ընթերցվեց նաեւ Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի եւ թերթիս խմբագրության կողմից հղված ուղերձները ու նաեւ հիշվեց այն հաստատությունների անունները, որոնք ուղերձներ էին հղել, բայց ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր ընթերցել բոլորը: Թերթիս խմբագրության կողմից հղված ուղերձում ասված էր. «Թեհրանահայ ամենասիրված կառույցներից մեկի՝ «Րաֆֆի» համալիրի անցած երեսուն տարիները փաստել են, որ այն ի գին անմնացորդ նվիրումի ծառայել է հայկական մշակույթի պահպանման եւ մեծ ներդրում է ունեցել թեհրանահայ համայնքի եւ ինչու չէ նաեւ երկրի մարզական կյանքում»: Իր ուղերձի վերջում, «Արաքս» շաբաթաթերթը հավաստիացնում է. «Մենք մեզ հպարտ ենք զգում համայնքի գոյատեւման ու բարգավաճման մեջ «Րաֆֆի» համալիրի նման գործընկեր ունենալու համար եւ մեկ անգամ նորից ողջունում ենք նրան մարզանքի ու ազգապահպանման ոլորտներում ունեցած 30-ամյա վաստակի առթիվ, նրան մաղթելով առանց փուշերի, կանաչ ճանապարհ, իսկ «Րաֆֆի»-ականներին օրավուր նոր հաջողություններ»: Ծրագրի ընթացքում վարիչը պահ առ պահ ներկաներին ծանոթացնում էր միության անցած 30-ամյա աշխատանքների հետ, իսկ սրահի անկյունում տեղադրված էկրանի վրա ցուցադրվում էր հին եւ նոր պատկերներ համալիրում իրականացված ձեռնարկներից՝ միութենականների մոտ արթնացնելով հին հուշերն ու նոր վերելքները: Հոբելյանական ծրագիրը խոսքերից, ուղերձներից ու հյուրասիրությունից բացի օժտված էր նաեւ գեղարվեստական ելույթներով, համայնքի սիրված երգիչներից չորսը այդ օրը ուրախ մթնոլորտ նվիրեցին ներկաներին: Երգերով հանդես եկավ նաեւ միության «Մեղեդի» երգչախումբը՝ Զարուհի Ենգոյանի ղեկավարությամբ: Ասմունքեցին Անի Նազարյանն ու Մեղեդի Բուդաղյանը: Եվ ինչու չէ նաեւ նազանքով բեմ դուրս եկավ միության «Անի» պարախումբը, պարուսույց տկն. Էլգա Մինասյան, եւ «Զանգեզուր» ու «Շալախո» պարերով ոգեւորեց բոլորին: Իսկ ամենավերջում հերթն հասավ 30-ամյակի կարկանդակին, որ ծափողջույններով սրահ բերվեց միութենականների ձեռքով: Եվ նրա շուրջ, հայկական երաժշտության ներքո, կայացավ մի մեծ շրջանակ ու սկսվեց միասնության պարը... Մեկ անգամ եւս շնորհավորելով «Րաֆֆի» համալիրի 30-ամյա հոբելյանը, նրան մաղթում ենք հաղթանակներով լի տարիներ, նորանոր հոբելյաններ: Արթին Բաղումյան «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

No comments: