Wednesday, December 2, 2009

ԵՎՐԱՆՅՈՒԶՈՎ ՀԻԱՑԱԾՆԵՐԸ

«Լրագիր» 2-12-2009- Հայ հեռուստադիտողի համար դեկտեմբերի 1-ի հեռուստաերեկոն հիշարժան էր թերեւս նրանով, որ Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաընկերությունները միասին, կարծես թե մի հրամանով` “արտատպել” եւ ցուցադրում էին Եվրանյուզ հեռուստաալիքի ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղի մասին, որտեղ նշվում էր, որ այն հայկական տարածք է, հայերով բնակեցված եւ հայկական մշակույթի հուշարձաններով հագեցած, իսկ Բակո Սահակյանի “տիտրն” էլ հուշում էր, որ նա ԼՂՀ նախագահն է: Այդ ռեպորտաժն անթաքույց հիացմունք էր առաջացրել հայկական հեռուստատընկերությունների շրջանում: Հեռուստաընկերությունների որոշ լրագրողներն նույնիսկ այնպես էին անդրադարձել այդ ռեպորտաժին, կարծես երկրորդ անգամ էր ազատագրվել Ղարաբաղը: Մինչդեռ որեւէ մեկն այդպես էլ ուշադրություն չէր դարձրել ռեպորտաժի մեջ, հայերին արված բոլոր ռեվերանսներով հանդերձ, մի նուրբ դրվագ, որը թերեւս ամենաէականն է այդ ամբողջ պատմության մեջ: Եվրանյուզի լրագրողը տեղեկացնում է, որ “միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին”: Հիմա ինչն է կարեւոր` որ Բակո Սահակյանի տիտրի տակ ԼՂՀ նախագահ են գրել, որ Ղարաբաղը հայկական տարածք են համարում, թե որ հայտարարում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Հայերի համար թերեւս էականը տիտրերն ու հայկական վերագրումն է կամ փաստագրումը: Բայց այդ ռեպորտաժն արդյոք հայերի համար է նախատեսված: Եթե այո, ապա ամեն ինչ հիանալի է, իսկ եթե ոչ, ապա ինչ է մտածելու օտարերկրացի հեռուստադիտողը, որն ի տարբերություն հայերի ավելի զգայուն վերաբերմունք ունի իրավունք հասկացության նկատմամբ: Այդ հեռուստադիտողը դատում է իրավունքի տեսանկյունից: Նրա համար իրավունքն է արդարությունը, քանի որ արտերկրի արդարադատության համակարգերը իրավունք հասկացությունը չեն շեղել ու արժեզրկել, ինչպես օրինակ Հայաստանում: Հետեւաբար, եթե Եվրանյուզի լրագրողը նույնիսկ կես ժամ շաարունակ պատմի եւ երդվի, որ Ղարաբաղը հայկական տարածք է, միեւնույն է, արտերկրի հեռուստադիտողի համար կարեւոր է լինելու այն, թե ով այդ տարածքի նկատմամբ ունի իրավունք: Իսկ այդ իրավունքը Եվրանյուզը տալիս է Ադրբեջանին: Գուցե արժեր մի քիչ մտածել հիանալուց առաջ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: