Tuesday, December 1, 2009

Ֆրանսիան Երեւանին եւ Բաքվին կոչ է արել գրավոր ձեւակերպել ղարաբաղյան կարգավորման պայմանավորվածությունը

News.am. 1-12-2009- Ներկայումս լրջագույն հիմքեր կան ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորմանը հասնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշները՝ հանդես գալով Աթենքում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Մինսկի խմբի, նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ջանքերի շնորհիվ կարեւոր քայլեր են արվել հակամարտության լուծման ուղղությամբ: «Միայն այս տարի նախագահների վեց հանդիպում է կայացել: Հուսով եմ, որ նման առաջընթացի կարելի է հասնել Աթենքում, եւ հակամարտությունը շուտով կկարգավորվի: Ես կոչ եմ անում երկու երկրների արտգործնախարարներին՝ հասնել հակամարտության կարգավորման պայմանավորվածության եւ գրավոր հաստատել այն»,- հայտարարել է Քուշները՝ նկատելով, որ ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը Եվրոպայում «սառեցված հակամարտություննների» կարգավորման ուղղությամբ: «Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մեր դերը „սառեցված հակամարտությունների“ կարգավորման գործում՝ հաշվի առնելով, որ Վրաստանում ԵԱՀԿ ջանքերը վերջին իրադարձությունների ընթացքում ձախողվեցին»,- հավելել է Քուշները: Ֆրանսիան, նրա խոսքով, սատարում է Եվրոպայում անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի նոր նախաձեռնությանը, որի կետերից մեկն էլ տարածաշրջանում հակամարտությունների լուծումն է։ «Հին հակամարտությունների լուծումը եւ նոր վտանգների կանխարգելումը անվտանգության տվյալ համակարգի հիմնական ուղղություններն են», ասել է նա:

No comments: