Tuesday, December 1, 2009

Ֆիլիպ Գորդոն. Գործընթացներից ոչ մեկը չպետք է շաղկապվի այլ գործընթացների հետ

Panorama.am.1-12-2009- Վաշինգտոնը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման և ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացները համարում է միմյանցից առանձին գործընթացներ և գտնում, որ այդ բանը բխում է նաև մի կողմից Հայաստանի և Թուրքիայի, մյուս կողմից` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շահերից: Այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատանը նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նշենք, որ ասուլիսի սղագրությունը տարածվել է նախօրեին: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ սպասվելիք այցին ընդառաջ ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների օրակարգում ներառված հարցերին ու դրանց առնչությամբ եղած դիրքորոշումներին: Հարցազրույցի ընթացքում չեն անտեսվել նաև Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների և Լեռնային Ղարբաղի հակամարտության կարգավորման թեմաները: Ֆիլիպ Գորդոնը հարցազրույցում նախ առաջարկել է այդ երկու գործընթացները պետք է դիտարկել առանձին-առանձին, ապա նշել. «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա մենք ուրախ ենք, որ երկու երկրները հոկտեմբերի 10-ին պատմական համաձայնություն ձեռք բերեցին` ստորագրելով հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու մասին արձանագրությունները: Դա իսկապես պատմական գործընթաց է, որը ձեռնտու է երկու կողմերին էլ: Մենք արժանին ենք մատուցում երկու պետությունների առաջնորդներին: Մենք գիտենք, որ դա հեշտ չէր: Եվ Թուրքիայում, և Հայաստանում կա բողոք, դիմադրություն, և չնայած դրան առաջնորդները բավականին իմաստուն ու խիզախ գտնվեցին` սկսելու համար մի գործընթաց, որը բխում է նրանց շահերից: Մենք սատարեցինք նրանց համաձայնությանն ու արժանին ենք մատուցում նրանց որոշմանը: Մենք կցանկանայինք, որ գործընթացն առաջ գնար: Արձանագրություններն ուղարկվել են խորհրդարաններ` վավերացվելու, և ակնհայտ է, որ մինչև ուժի մեջ մտնելը դրանք պետք է վավերացվեն: Եթե վավերացվեն ու դրույթները մտնեն ուժի մեջ, դա կբերի սահմանների բացմանը, առևտրի զարգացմանը, բարգավաճմանն ու խաղաղությանը: Հենց այդ պատճառով էլ մենք խորապես աջակցում ենք այս գործընթացին»: Անդրադառնալով Լեռնային Ղարբաղի հակամարտությանը` Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է իր և պաշտոնական Վաշինգտոնի նախկին մոտեցումն առա այն, որ գործընթացները պետք է զարգանան միմյանցից անջատ: «Մենք այդ երկու գործընթացները չենք կապում, քանի որ կարծում ենք, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են, և որ Հայաստան-Թուրքիա բնականոնացումը կարևոր է ինքնին առանձին: Այն չպետք է շաղկապված լինի որևէ այլ բանի հետ և մենք նաև սատարում ենք ղարաբաղյան կարգավորմանը, քանի որ գտնում ենք, որ երկու կողմերի շահերի համար էլ ձեռնտու է, եթե դա չշաղկապվի այլ գործընթացի հետ: Ուստի մենք ակտիվ աշխատում ենք Մինսկի խմբում ղարաբաղյան կարգավորման վրա` ուշադրություն չդարձնելով այլ բաների վրա: Երկու կողմերի համար էլ սա շահեկան կլինի, չէ՞որ սա հակամարտություն է, որը հանգեցրել է բազմահազար մարդկային զոհերի ու տեղահանվածների, ներկայիս լարված իրավիճակին ու փակ սահմաններին: Ճիշտ նույն պատճառով, որ մենք ցանկանում ենք բարելավել/զարգացնել Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումը, մենք ցանկանում ենք զարգացնել այն Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Դա բարդ է, եթե այդպես չլիներ, այդ հարցն այժմ չէր լինի այնտեղ, որտեղ է: Այդուհանդերձ, ղեկավարները բանկցություններ են վարում: Ցանկացած բանակցություններում մարդիկ սակարկում են, բայց մենք կարծում ենք, որ հանգուցալուծումը, որից երկու կողմերն էլ կշահեն, մեզ լավատեսությամբ է լցնում, և դա իսկապես պատմական առաջխաղացում կլինի տարածաշրջանում, եթե երկու խնդիրներն էլ առաջընթաց գրանցեն մոտ ապագայում»,- ասել է նա:

No comments: