Thursday, December 31, 2009

Ինչպե՞ս են նշում Նոր տարին հայաստանյան թերթերի խմբագիրները

News.am. 31-12-2009- Լրագրողները, եւ մանավանդ խմբագիրները, այն փոքրաթիվ մարդկանցից են, ովքեր, ամբողջ տարին անդադար աշխատելով՝ արդարացիորեն հանգստի իրավունք են վաստակում։ NEWS.am-ի թղթակիցը, փորձելով պարզել, թե որտե՞ղ են պատրաստվում անցկացնել Ամանորը «Հայկական ժամանակ», «Հայք», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Տարեգիր» եւ «Հրապարակ» օրաթերթերի խմբագիրները, տեղեկացավ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Գեւորգյանն, օրինակ, Նոր տարին դիմավորելու է Երեւանում՝ ընտանիքի հետ, համտեսելու է իր սիրած պասուց տոլման, իսկ Ձմեռ պապիկից էլ, որպես նվեր, «նորմալ երկիր» է խնդրելու։ «Հայքի» խմբագիր Գեղամ Նազարյանը եւս Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը, բայց ի տարբերություն Հայկ Գեւորգյանի, Նոր տարվա սեղանից առավել նախընտրելի ուտելիք չունի։ «Ձմեռ պապիկից որպես նվեր կուզեի ժողովրդավար երկիր, որտեղ մարդիկ կապրեին արժանապատիվ կյանքով։ Իսկ ընդհանրապես, կուզեի շրջապատված լինել լավ մարդկանցով եւ հատկապես լավ լրագրողներով»,- նշեց նա։ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանն էլ տեղեկացրեց, որ Ամանորին մնալու է Երեւանում։ Հարցին, թե ի՞նչ է նախընտրում ամանորյա սեղանից, նա պատասխանեց, որ ամեն ինչ, սակայն քիչ քանակությամբ եւ թարմ վիճակում։ «Ձմեռ պապիկից էլ քաղաքացիական հաղթանակ կուզեի»,-եզրափակեց նա։ NEWS.am-ի թղթակիցը, նույն հարցերն ուղղելով «Տարեգիր» , «Հրապարակ» եւ «Առավոտ» օրաթերթերի խմբագիրներ Վասակ Դարբինյանին, Արմինե Օհանյանին եւ Արամ Աբրահամյանին, տեղեկացավ, որ նրանցից առաջինը Նոր տարին, հավանաբար, կդիմավորի Երեւանում՝ համտեսելով մսից պատրաստված իր ամենասիրելի ուտեստները, իսկ Ձմեռ պապից, որպես ամանորյա նվեր, իր թերթի համար 5 հազար ընթերցող կխնդրի։ «Հրապարակ» օրաթերթերի խմբագիր Արմինե Օհանյանն էլ, իր հերթին, մեծ ուրախությամբ հայտարարեց, որ ամանորյա տոներն անցկացնելու է Դուբայում։ Իսկ ընդհանրապես, նա, որպես տան տնտեսուհի, Նոր տարուն սիրում է բազմատեսակ աղցաններ պատրաստել։ Հարցին, թե ի՞նչ կխնդրեր Ամանորին Ձմեռ պապիկից, Արմինե Օհանյանը պատասխանեց. «Երեւի անձնական երջանկություն, որովհետեւ միայն դա կարող է կնոջը խաղաղ ու գոհ դարձնել»։ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Նոր տարին, ամենայն հավանականությամբ, կանցկացնի տանը։ «Ուտեստների առումով օրիգինալ չեմ, օլիվյե աղցան եմ սիրում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Ձմեռ պապիկից, որպես նվեր, երկու շաբաթվա հանգիստ է ուզել, ինչը եւ արդեն ստացել է։ Բացի նրանից, որ թերթերի խմբագիրների մեծ մասը պատրաստվում է Նոր տարին անցկացնել Երեւանում, հետաքրքիր է նաեւ այն, որ նրանք, մի կողմ թողած անձնական ցանկությունները, Ձմեռ պապիկից բարօրություն էին խնդրում ոչ թե անձնապես իրենց, այլ երկրի եւ հասարակության համար։ Մեծահոգությունի՞ց է դա, թե՞ մասնագիտական որակներից, հարց է։ Բայց եթե ոմանք գոնե մի քիչ նրանց նման մտածեին…

No comments: