Wednesday, December 30, 2009

«Թունյան» դպրոցը` Թեմական խորհրդի Աքիլեսյան գարշապա՞ր

Թվում է «Թունյան» դպրոցի հարցը, «ազգային իշխանության բուրգում», պատրվակ է որոշների ձեռքում՝ հարվածելու Թեմականի ատենապետուհուն «Թունյան» դպրոցի եւ «Սասուն» մանկապարտեզի համալիր շենքի վերակառուցման խնդիրը երեւի թեհրանահայության ամենակարեւոր հարցերից մեկն է, որն օր առաջ լուծում է պահանջում: Սակայն ԹՀԹ Թեմական խորհուրդը, հակառակ իր խոստումներին, առայսօր անկարող է եղել այդ գործում: Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Հովհաննիսյանը, դեռ 2008թ. օգոստոսի 31-ին տված մի հարցազրույցում ասել էր, որ. «Արդեն տարիներ է, ինչ «Սասուն» մանկապարտեզի նոր շենքը կառուցելու հարցը Պատգամավորական ժողովի կողմից հաստատվել է եւ Թեմական խորհրդի առաջարկով վաղուց է, որ աշխատանք է տարվում...»: Տարիներ առաջվա այդ որոշումը, ցայժմ դեռ չի իրականացել ու դեռ մի բան էլ ավել, նրա վրա ծանրացել է նաեւ «Թունյան» աղջ. դպրոցի պարագան, որի շենքը ավելի քան մեկ տարի է ինչ հիմնաքանդ է արվել եւ այն ժամանակվանից տեղաշարժ չի նկատվում գործում: 2008թ. մայիսին Պատգամավորական ժողովը որոշեց «Թունյան» տարր. դպրոցը վերակառուցել: Եվ, դրանից հետո, սկսվեց «Թունյան» դպրոցի տեղափոխելու, քանդելու եւ վերակառուցելու անհաշիվ աշխատանքը: 2008թ. սեպտեմբերին «Թունյան» դպրոցի շենքը դատարկվեց՝ վերակառուցման նպատակով: Տարրական բաժինը ժամանակավորապես տեղափոխվեց «Նաիրի» դպրոց, իսկ ուղեցույցը՝ մշտապես «Հ. Թովմասյան»: Նույն սեպտեմբերին դիմեցին քաղաքապետարան՝ վերակառուցման իրավունք ստանալու համար: 2008թ. նոյ. 2-ին, հոծ բազմության ներկայությամբ, Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ իրականացավ «Թունյան» դպրոցի հիմնօրհնեքի արարողությունը, ուր թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն ասաց. «Ինը տարիների ընթացքում այս երրորդ դպրոցն է, որ վերակառուցվում է, իսկ նրանք, ովքեր իրենց աչքերը փակել են ճշմարտության առաջ, թող բացեն եւ տեսնեն, թե այս համայնքը կենսունակ է եւ ինչպիսի աշխուժությամբ է գործում իր ազգային իշխանության հետ»: 2008թ. նոյ. 26-ին ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետուհի դոկտ. Աիդա Հովհաննիսյանը խոսելով իր ղեկավարած խորհրդի «տարբեր շինարարական աշխատանքների» մասին ասաց. «նաեւ դպրոցական կամ կրթական նոր միավորների ստեղծման ծրագիրն է, որի առաջին քայլը վերցվեց «Թունյան» դպրոցի վերակառուցման ծրագրով եւ հույս ունեմ, որ ընդհանուր ծրագրերի հաստատման պարագայում՝ դրանց շարանում մենք կարողանանք դպրոցական ավելի ժամանակակից համալիրներ ստեղծել եւ մեր հինգ դպրոցները ավելի նոր շենքերով փոխարինել»: Հայոց ազգային մյուս դպրոցներն էլ «Թունյան»-ի օրին տեսնելու վախից, զգուշանում ենք օր. Աիդա Հովհաննիսյանի հետ ձայնակցելուց: Երկու շաբաթ հետո, 11 դեկտ. 2008թ., Կրթական խորհրդի գրասենյակի վարիչ Ֆրեդ Աշուղյանն ասաց. «Թեմական եւ Կրթական խորհուրդների որոշումով մինչեւ 2009 թ.-ի հոկտեմբեր ամիսը, հույսով ենք, կավարտվի («Թունյան» դպրոցի) շենքի կառուցումը եւ կտրամադրվի մեր փոքրիկներին»: Նույն օրը «Թունյան» տարր. դպրոցի փոխտեսչուհի տկն. Շաքե Ավետյանն, «Նաիրի» դպրոցի անհարմար վիճակի առիթով, ծնողների երկմտությունը փարատելու համար ասաց. «Ըստ Թեմական խորհրդի եւ Սրբազան Հոր խոստումի՝ մենք միայն մեկ տարի ենք այստեղ լինելու, իսկ հետո տեղափոխվելու ենք «Թունյան»-ի նորակառույց շենք»: 2008թ. դեկտ. 30-ին Թեմական խորհրդի փոխատենապետ Համիկ Մարգարյանը, խոսելով Թեմականի գործունեության մասին, ասաց. «Հնարավորությունները միատեղելու գործում, ուզենք թե չուզենք, մեր դպրոցներում ու կենտրոններում աշխատող մարդուժի մի մասը կարող է կորցնել իր աշխատանքը, նույնիսկ միգուցե որոշ շենքեր ու կառույցներ փակվեն...»: ՀՅԴ ներկայացուցչի եղբայր՝ Հ. Մարգարյանը հավելեց. «Հակառակ որոշ շրջանակների ունեցած ոչ-տրամաբանական մոտեցումներին, նույնիսկ միտումնավոր դրսեւորումներին, համայնքում նկատվում է համընդհանուր կամք՝ գործադրելու բոլոր ծրագրերը, որոնք կազմվել են հենց համայնքի ներկայացուցիչների եւ պատգամավորների միջոցով»: 2009թ. մարտին պարզեցին, որ կալվածագրերը խնդիր ունեն: Ամիսներ տեւեց այդ հարցի լուծումը: Եվ վերջապես 2009թ. սեպտեմբերին պատրաստվեց «Թունյան» տարր, եւ «Սասուն» մանկապարտեզի համալիր նոր շենքի հատակագիծը: Իսկ այն օրվանից մինչեւ հիմա որեւէ փոփոխություն չի տեսնվել «Թունյան» դպրոցի կալվածի վրա, բայց էլի խոստանում են գործը «սկսվելու պահից շուրջ 12 ամիս հետո պատրաստ կլինի նոր շենքը»: Սպասենք ու տեսնենք: Այնուամենայնիվ, ինչն այսօր ավելի շատ է մտահոգեցնում «Թունյան» դպրոցի աշակերտների ծնողներին այն է, որ 2008-2009 տարեշրջանի սկզբից աշակերտությանը «ժամանակավոր» տեղափոխել են «Նաիրի» տարր. դպրոց, որը շատ ավելի անհարմար եւ անբարվոք վիճակում է, քան այն ինչ էր 50-ամյա «Թունյան»-ը, ինչի հետեւանքով ծնողները մի ստորագրահավաքի միջոցով դիմեցին Առաջնորդարան եւ բացատրություն պահանջեցին այդ առնչությամբ: Վերոհիշյալ նամակին ի պատասխան եւ ի հեճուկս Թեմական խորհրդի կամքի, 2009թ. նոյեմբերի 26-ին, Պատգամավորական ժողովի Դիվանի հրավերով, Ս. Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլյան» սրահում, կայացավ հանդիպում ծնողների հետ, որտեղ Պատգամավորականի եւ Թեմականի ներկայացուցիչները փորձեցին արդարանալ իրենց հասցեին հնչող մեղադրանքներից, ինչն այնպես էլ չստացվեց: Հանդիպումից ճիշտ մեկ օր առաջ Թեմականը դպրոցի շենքի կառուցման համար նվազուրդի հայտարարություն էր տվել, «Ալիք» օրաթերթում, ինչը վատ տպավորություն էր թողել ներկաների վրա: «Ինչո՞ւ հենց երեկ, ինչո՞ւ «Ալիք»-ում», հարցնում էին նրանք: Հանդիպմանը ՊԺ Դիվանից մասնակցում էին ատենապետ՝ Գեորգ Աբուլյանը, փոխատենապետ՝ Էմիլ Մնացականյանը, ատենադպիր եւ «Թունյան» դպրոցի փոխտեսչուհի տկն. Շաքե Ավետյանը, իսկ Թեմականից փոխատենապետ՝ Սեւան Դանիելյանը եւ Շինարարական հանձնախմբի անդամ՝ Ռուբիկ Սարխոշյանը: Հավաքում ներկա էին նաեւ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանը, ՊԺ-ի եւ եկեղեցու խորհուդի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ եւ համայնքի հարցերով մտահոգվող անձինք: Որոշների մասին բարձրաձայն ու շշուկով հնչեցին խոսքեր: Խիստ նկատելի էր Թեմական խորհրդի ատենապետուհի Աիդա Հովհաննիսյանի բացակայությունը, որ չվրիպեց նաեւ ծնողների աչքից: Գեորգ Վարդանի, թեեւ անխոս ներկայությունը, գնահատվեց բոլորի կողմից, պարզապես պահանջվում էր լոկ մի բառ: Իսկ տկն. Շաքե Ավետյանին այս անգամ ուզում էին տեսնել նստած իրենց կողքին եւ ոչ թե դիմաց: Ինչեւէ, Հանդիպումն սկսվեց Թեմական խորհրդի եւ Շինարարական մարմնի ներկայացուցիչների զեկույցներով՝ տարված աշխատանքների եւ ծրագրերի վերաբերյալ: Նրանք խոսեցին նաեւ կալվածագրերի հետ առնչվող որոշ դժվարությունների մասին, «որոնց պատճառով էլ մի քանի ամիս գործերը ուշացել են»: Հիշեցնենք, որ «Սասուն» մանկապարտեզի կառուցման ծրագրի ձգձգման պատճառներից մեկը նաեւ կալվածագրերի հարցն էր: Նույն խնդիրն ուներ եւ ունի նաեւ «Արարատ» մարզավանն ու երեւի նաեւ այլ ազգային կառույցներից որոշները: Պատգամավորականի եւ Թեմականի ներկայացուցիչները իրենց խոսքերը դարձյալ փակեցին նոր խոստումով՝ «Շուտով սկսվելու են հիմնական աշխատանքները եւ սկսվելու պահից շուրջ 12 ամիս հետո պատրաստ կլինի դպրոցի նոր շենքը»: Զեկուցողները հնչեցրին հակասական նախադասություններ՝ սկզբում ասացին. «նկատի առնելով նյութական սահմանափակումը քանի անգամ փոխել ենք քարտեզը (նախագիծը), որպեսզի տեղավորվի բյուջեի սահմաններում», իսկ վերջում՝ «դպրոցի կառուցման հարցում ոչ մի սահմանափակում չունենք եւ որքան պետք լինի կծախսենք»: Զեկույցներից հետո ծնողները հարցերով դիմեցին պատասխանատուներին: Մեկն ասաց. «Եթե այդքան պիտի ուշանար նոր շենքի կառուցումը, ինչո՞ւ հիմնաքանդ արիք այդ փառավոր շենքը եւ երեխաներին ուղարկեցիք «Նաիրի» դպրոց, որի թե դասարաններն են խոնավ եւ թե չունի անգամ հարմար եւ չափին զուգարաններ, ինչն երեւի գիտեք, որ շատ կարեւոր է այս տարիքի երեխաների համար»: Պատասխանեցին, որ ձգձգումները եղել են մեր կամքից անկախ, որ ունեցել ենք կալվածագրի դժվարություն եւ այլն: Մեր կողմից ավելացնենք, «Թունյան» դպրոցի շենքը, որին ըստ օր. Աիդա Հովհաննիսյանի՝ մասնագետները վթարային են գնահատել երկրաշարժի դեմ, շատ ավելի ամուր շինություն ուներ քան 2008-ից ժամանակավոր օգտագործվող «Նաիրի» դպրոցը: Այնուհետ խոսք առավ 13-րդ ՊԺ պատգամավոր դոկտ. Ռայմոնդ Թորոսյանը, ում փաստավորված բացատրությունները բավականին լույս սփռեցին, մթում պահված, հարցերի վրա, որն ինչքան դժգոհեցրեց օրվա ձեռնարկը կառավարողներին, նույն չափ եւ գուցե ավելին գոհացրեց ծնողներին, որոնք մինչ այդ անտեղյակ էին շատ հարցերից: Ընդորում ՊԺ ատենապետ Գեորգ Աբուլյանն ու եկեղեցու խորհրդի նախագահ Խեչում Խեչումյանը փորձեցին կասեցնել դոկտ. Թորոսյանի ելույթը, բայց ներկաների պաշտպանողական ծափահարությունները նահանջի մատնեց նրանց: Հիշեցնենք, այս առնչությամբ դեռեւս 2008թ. սեպտեմբերին դոկտ. Ռայմոնդ Թորոսյանը ՊԺ-ի վեց այլ պատգամավորների հետ միասին մի նամակով ՊԺ-ի նախագահին եւ Դիվանին զգուշացրել էին՝ հեռու մնալ ծրագրերի, այդ շարքում նաեւ «Թունյան» դպրոցի վերակառուցման, շտապ հաստատումից ու գործադրումից, քանի որ «հանգելու է լուրջ դժվարությունների եւ անփոխարինելի հետեւանքներ կունենա համայնքի համար»: Այնուհետեւ ծնողներից մի ուրիշն հարցրեց. «Երբ գիտեիք որ կալվածագրերի խնդիր կա, էլ ինչո՞ւ էիք քանդում գործող շենքը, իսկ եթե տեղյակ չէիք ինչո՞ւ տեղյակ չէիք»: Այս հարցին ի պատասխան դարձյալ շեշտեցին, որ. «Միայն շենքի քանդելուց հետո էր որ իմացանք այն ունի կալվածագրերի խնդիր եւ հենց այդ պատճառով էլ շինությունը քանի ամիս հետաձգվեց»: Ու ծնողներից մեկն էլ այս պատասխանին մի նոր հարց ավելացրեց որ ավելի շուտ ինքնին պատասխանն էր շատ ինչուների: Նա ասաց. «Ես անուսում մարդ եմ, բայց լավ գիտեմ, որ եթե ուզում ես տունդ վերակառուցես նախ պիտի պարզես կալվածագրիդ պարագան, հետո քաղաքապետարան գնաս՝ շինության համար արտոնություն վերցնելու, այնուհետ ճշտես, որ մինչեւ շենքի կառուցումը որտեղ ես բնակվելու: Էդ պարզ հարցերը, դուք, որ ուսում առած մարդիկ եք, ո՞նց չգիտեք»: Ամենայն դեպս, ավարտվեց հանդիպումը եւ ըստ ՊԺ ատենապետ Գեորգ Աբուլյանի այն հասավ իր նպատակին, իսկ ծնողները նույն կարծիքի չէին, վերջիններս պահանջում էին կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր եւ լուծումներ՝ կարգի բերել «Նաիրի» դպրոցը եւ լրջորեն հետեւել «Թունյան»-ի վերակառուցման պարագան: Իսկ ի՞նչ նորություններ հրապարակ եկավ «Թունյան» դպրոցի աշակերտության ծնողների հետ հանդիպելուց հետո. Կրթական խորհրդի նախկին ատենապետ Նորայր Արամյանն ամեն ինչում իրեն անմեղ ձեւացնելով՝ ձեռքերը լվաց այս հարցում՝ պատասխանատվությունը լրիվորեն բարդելով Թեմական խորհրդի գլխին: Ն. Արամյանն առանց բառերը ծամծմելու ասում է. «Կրթական խորհուրդը դպրոցի քանդման եւ հետագա աշխատանքների մեջ միջամուխ չի եղել եւ, բնական է, Կրթական խորհրդի բնագավառին չեն առնչվում շինարարական կամ կալվածային աշխատանքները»: Նա հավելում է, որ. «Ժամանակին կատարված համադրության արդյունքում՝ Թեմական խորհուրդը մեզ հայտնեց, որ տվյալ տարեշրջանում պետք է դպրոցը դատարկվի» եւ իհարկե հետո ստեղծվեց «Հարմարություններ», որ «Թունյան»-ի տարրական բաժինը փոխադրվի «Նաիրի»: Ըստ նրա «Նախնական ծրագրավորումը այն էր, որ մեկ տարվա ընթացքում այդ դպրոցը կառուցվի եւ «Թունյան» դպրոցի աշակերտները օգտվեն նոր շենքի հնարավորություններից»: Իսկ թե հետագայում ինչ դժվարությունների է հանդիպել Թեմական խորհուրդը, «ինչ հարցեր են առաջ եկել, որ չի հաջողվել դպրոցը ժամանակին պատրաստել, իրականության մեջ պատասխանատուն ժամանակի Կրթական խորհուրդը չէ, արդեն հարցի այդ մասով պետք է դիմեք Թեմական խորհրդին»: Ն. Արամյանը իրեն արդարացնելու համար նշում է նաեւ. «Հաստատում եմ, որ «Նաիրի» դպրոցը, ուր ժամանակավորապես փոխադրվել են «Թունյան»-ի տարրական օղակի աշակերտները, շատ անբարվոք վիճակում է գտնվում, շատ նախնական բաներ նախաձեռնվեցին այն ժամանակ, որ դպրոցի այդ հատվածը միայն մեկ տարվա ժամկետով օգտագործվի աշակերտության համար»: Ուզում է ասել, որ փոխադրման առաջին տարին, ոչինչ, լավ էր, բայց դա իրականում այդպես չէ եւ Ն. Արամյանն էլ լավ գիտի այդ մասին, պարզապես իր օձիգն է փրկում: Կրթական խորհրդի նախկին պատասխանատուն չի մոռանում հայտնել նաեւ իր անձնական տեսակետը: Նա ասում է, որ. «Եթե պետք է երկարաձգվի նորակառույց դպրոցի աշխատանքը, ուրեմն՝ տնօրինում պետք է կատարվի, որ աշակերտությունը փոխադրվի այլ դպրոց, փոխադրամիջոցներ տրամադրվեն աշակերտությանը: Համենայն դեպս՝ «Նաիրի» տղայոց դպրոցի հին շենքը հարմար չէ աշակերտության համար, եթե նրանք այնտեղ մեկ տարուց ավել պետք է մնան»: Արամյանի այս տեսակետը, երեւի, այնքան էլ նոր չէր դոկտ. Աիդա Հովհաննիսյանի համար, ով «առանց իսկ իմանալու» Արամյանի ասուլիսի մասին պատասխանել է, որ «Այս հարցում միակ գործնական տարբերակը «Նաիրի» տղայոց տարրական դպրոցի հարակից դպրոցն է ներկա «Թունյան»-ի, նրանից օգտվելն է, որը, իհարկե, ... նաեւ պայմանավորված է նրանով, որ «Նաիրի» դպրոցի տնօրենությունը համաձայնվի դրան, իսկ հակառակ դեպքում՝ պետք է տեսնել ինչ ուրիշ հնարավորություններ կան, որովհետեւ, բնականաբար, կրթական նախարարության համաձայն՝ տվյալ շրջանից ուրիշ շրջան հնարավոր չէ դպրոցը տեղափոխել»: Իսկ «Թունյան» դպրոցի փոխտեսուչ տկն. Շաքե Ավետյանը «պահպանելով քաղաքավարության էտիկան» անընդհատ շնորհակալություն է հայտնում ազգային իշխանություններին: Ըստ նրա. «Բարեբախտաբար, հանդիպումը կայացավ եւ ամեն ինչ շատ նորմալ ընթացք ունեցավ» եւ «ժողովուրդը շատ գոհ մնաց այդ հանդիպումից»: ՊԺ ատենադպիրը, չգիտես ումից վախեցած կամ ում մոտ արդարանալու համար, մի քանի անգամ կրկնում է, որ հանդիպմանը հիմնականում մասնակցում էին ծնողները եւ ապա բացատրում՝ «Ինչո՞ւ եմ հաստատ նշում՝ մեծամասամբ, քանի որ դռան մուտքի մօտ արձանագրել ենք, թե ովքեր են ծնող, ... թվով 10 հոգի ծնողներ չէին, ... բայց մեկ անգամ էլ եմ շեշտում՝ մեծամասնությունը դահլիճում ծնողներն էին»: Շ. Ավետյանն ասում է. «ես շատ վստահ եմ, որ ժողովուրդը գոհ եւ բավարարված էր այս ամենից եւ ամենակարեւորը՝ դա պատիվ է, որ բերում է մեր ազգային իշխանությանը, որ իսկապես ազգային իշխանությունը հետամուտ է բոլոր աշխատանքներին՝ «Թունյան»-ի հարցով կամ ընդհանրապես համայնքին վերաբերող հարցերին եւ ես ծնողների տեսակետը ժողովից հետո նաեւ իմանալով, որոնք մոտենում եւ շնորհակալություն էին հայտնում հատկապես ազգային իշխանություններից, որոնք եկան եւ լսեցին մեզ: Ես զգում եմ, որ ժողովուրդը բավականին արժեւորված է զգում իրեն»: Նա հավելեց, որ Պատգամավորական ժողովում «հստակ որոշում տրվեց՝ Պատգամավորական ժողովը խնդրեց Թեմական խորհրդին, որ շուտափույթ կերպով քննարկվի, որ արդեոք հնարավո՞ր է «Թունյան» տարրական դպրոցի երեխաներին տեղափոխել մի ուրիշ հարմար վայր, քանի որ մեր դպրոցը որոշված էր կառուցել մինչեւ մեկ տարի, բայց, դժբախտաբար, բոլորս էլ գիտենք նման աշխատանքներում պատահում են շատ անսպասելի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում՝ ծրագրված աշխատանքները հետաձգվեն եւ թերեւս այս դեպքում Թեմական խորհրդի ջանքերով խնդիրները հարթվել են եւ մենք արդեն մեկ տարի եղել ենք այս անհարմար շենքում եւ արդեն երկրորդ տարեշրջանն ենք թեւակոխում, ... եւ ըստ Թեմական խորհրդի՝ դեռ 2010-11-ն էլ մենք լինելու ենք այս վայրում: ... Հիմնականում, այս ուղղությամբ որոշում կայացվեց, որ Թեմական խորհուրդը շտապ կերպով ուսումնասիրություններ կատարի եւ եթե հնարավոր է, նաեւ Կրթական խորհրդի հետ միատեղ քննարկումներ կատարվեն եւ եթե հնարավոր լինի, աշակերտությանը ժամանակավորապես տեղափոխեն մեկ ուրիշ ավելի հարմարավետ վայր՝ մինչեւ «Թունյան»-ի նոր շենքը կառուցվի: Եվ ես շատ վստահ եմ, որ այս աշխատանքը հենց այդպես էլ հանգուցալուծում կը գտնի եւ վստահ եմ, որ աշխատանքները այսուհետ դրական ընթացք կունենան»: Նույն ժամանակ կալվածագրերի վիճակի մասին Շինարարական մարմնի հետ ԹՀԹ Թեմական խորհրդի կապ Ռուբիկ Սարխոշյանն ասում է. «Ճիշտն ասած՝ այդ կալվածագրերի հարցը անցյալ շրջանի Թեմական խորհրդից է մեզ փոխանցվել, եւ գիտեք, որ տարբեր հողամասերից է այդ տարածքը բաղկացած, ընդհանուր մի տարածք՝ 2300-ից 400 մետր է, եթե չեմ սխալվում, եւ երբ դիմել են քաղաքապետարան, որպեսզի ստանան շինարարության արտոնագիրը, պարզվել է, որ այդ կալվածագրերից մեկը չկա»: Ռ. Սարխոշյանը վերակառուցման աշխատանքների մասին նշել է. «Մեր նախատեսումները մեկ տարվա ժամկետի շրջանակներում են: Պայմանագիրը կապալառուի հետ ստորագրելուց հետո՝ մեկ տարվա ժամկետ կճշտենք նրա համար, այսինքն՝ կապալառուն դա իմանալով է գալիս եւ իր գինը ներկայացնում»: Իսկ օր. Ա. Հովհաննիսյանի պատասխանը, կապված դպրոցի կալվածագրերին, եթե ոչ ծիծաղալի ապա անլուրջ է: Նա այդ առնչությամբ ասում է. «Առանց կալվածագրերի վիճակը ստուգելու՝ դպրոցը քանդվել է, որովհետեւ կալվածը ունի 10 կալվածագիր եւ ընդհանրապես առանց դրանք քաղաքապետարանին հանձնելու եւ քաղաքապետարանի հետ միասին հողամասի վրա. այդ քարտեզների դասավորումը, ընդհանրապես քաղաքապետարանի պատկան բաժնի կողմից դասավորումները՝ այդ կալվածագիրը համեմատելու, համապատասխանեցնելու հողամասի տարածքի մետրաժի հետ, ընդհանրապես մեզ համար պարզ չէր, որ կա մի կալվածագիր, եւ չէր էլ սպասվում, որ մեկ կալվածագիր հանկարծ մի փոքրիկ տարածքի համար, 170 մետրի համար ընդամենը, գոյություն չունենա: Կալվածագիրը, իհարկե, կորած չէր, այլ ընդհանրապես երբեք կալվածագիր այդ փոքրիկ տարածքի համար տրված չի եղել. սա էր հիմնական պատճառը»: Այս հումորային վիճակից ազտվելու համար օր. Աիդան հիշեցնում է, որ. «Երեւի թե հնարավոր էր նախապես քաղաքապետարանի հետ պարագան ստուգել, բայց որովհետեւ ընդհանրապես չկար այդ պատկերացումը, որ կարող է պատահել 10 հատ կալվածագրերի մեջ մեկ հատը 50 տարի առաջ տրված չլինի, ընդհանրապես չէր նախատեսվում նման դժվարություն»: Թվում է «Թունյան» դպրոցի հարցը, «ազգային իշխանության բուրգում», պատրվակ է որոշների ձեռքում՝ հարվածելու Թեմականի ատենապետուհուն: Այդուհանդերձ, մի պարզ ու անմեղ հարց ուղղելով իրավաբան - դոկտոր Աիդա Հովհաննիսյանին, փակենք այս խոսակցությունները. Արդյո՞ք նման տրամաբանությամբ կարող էիք համոզել որեւէ դատավորի: Հիշեցնենք, այստեղ դատավորի դերում է ժողովուրդը, իսկ մենք այս հարցում երբեք չէինք ցանկանա տեսնել ձեր պարտությունը, որովհետեւ հետայնու պետք է մտահոգվել ոչ միայն «Թունյան» դպրոցի, այլ ողջ ազգային կալվածների համար: Մեր աչքի առջեւ է «Քուշեշ-Մարիամյան» դպրոցի, «Արամ» սրահի, Հայաստանում գնված տարածքի եւ այլ պարագաները: Եվ ի վերջո, մենք էլ, մեր խոսքը փակենք նույն «Թունյան» դպրոցի վաստակավոր ուսուցիչ, պրն. Նազար Շահվերդյանի բառերով՝ «Մեր աղոթքն է, որ Տերն ընդմիշտ ամուր պահի ու պահպանի մեր հավատամքի, մեր գոյության երաշխիքը համարվող կրթական օջախները, մեր լեզուն ու մշակույթը», որպեսզի «դրանով իսկ նեցուկը լինենք մեր Ազատ, Անկախ Հայաստանի եւ նրա անբաժան մասը համարվող արյան գնով ձեռք բերած հայոց Արցախի պահպանմանը, Ամեն», միայն թե չմոռանանք, լոկ աղոթքով արդյունքի չենք հասնելու, արդյունքը ոչ միայն միտք, հավատք ու խոսք, այլ ԳՈՐԾ է պահանջում: Վերջին լուր. 2009թ. դեկտեմբերի 8-ին, ԹՀԹ Պատգամավորական ժողովի կայացած նիստում օրակարգ է դրվել նաեւ «Թունյան» դպրոցի ժամանակավոր վիճակին վերահասու լինելու հարցը: Արդյունքում՝ ՊԺ-ը որոշել է Թեմական խորհրդին հանձնարարել՝ «Նաիրի» դպրոցի անհարմարությունների պարագան ուսումնասիրել եւ հնարավորինս շուտ կարգի բերել: Հուսանք, շուտով կտեսնենք որոշման արդյունքը: Հրայր «ԱՐԱՔՍ» շաբաթաթերթ, համար 195, Նոյ. Դեկտ. 2009.

No comments: