Wednesday, December 2, 2009

Ալեքսանդր Արզումանյան. «Ղարաբաղին հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողությանը»

«Ազատություն» 1-12-2009- Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հարակից տարածքները, եւ Մյունխենում համանախագահների կողմից արձանագրված «առաջընթացը» նշանակում է, որ ձեռք է բերվել գոնե բանավոր համաձայնություն Մադրիդյան սկզբունքների հիման վրա որեւէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ։ «Դա առաջընթացն է։ Ինչ վերաբերում է դժվարություններին. այդ, մեզ համար անընդունելի փաստաթղթի մեջ որոշ ձեւակերպումների կամ որոշ դուրսբերման գրաֆիկի կամ Լաչինի շրջանի հետ կապված խնդիրներ հավանաբար դեռ առաջ քաշվում են, եւ դեռ համաձայնություն չկա։ Դրանք բարդություններն են», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արզումանյանը։ Հայաստանի նախկին արտգործնախարարի գնահատմամբ, Մադրիդյան սկզբունքների հիման վրա փաստաթուղթ ստորագրելը նշանակում է համաձայնություն տալ հայկական զորքերի դուրս բերմանը Ղարաբաղին հարակից շրջաններից. - «Մադրիդյան առաջին սկզբունքը միանշանակ հայտարարում է՝ Ղարաբաղին հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողությանը»։ Վերջին մեկուկես տարիների ընթացքում, ըստ Արզումանյանի, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ողջունում են Մադրիդյան սկզբունքները, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունները համաձայնություն են տվել նաեւ հայկական զորքերը դուրս բերելու մասին վերոհիշյալ դրույթին։ Ընդհանուր առմամբ, Նախկին արտգործնախարարի կարծիքով, Մադրիդյան սկզբունքների հիման վրա ստեղծված որեւէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել Հայաստանի եւ Ղարաբաղի համար։ Արզումանյանը հատկապես մտահոգիչ է համարում այդ սկզբունքներում մատնանշված ձեւակերպումը՝ հետագայում, ինչ-որ պահի Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հիման վրա Ղարաբաղի կարգավիճակի շուրջ որոշում կայացնելու մասին։ «Եթե խոսքը գնում էր ռեֆերենդումի մասին, ապա պարտադիր է, որ միջազգային իրավունքի կողմից ընդունված նորմը՝ ռեֆերենդում տերմինը օգտագործվեր փաստաթղթում եւ ոչ թե դրա մեղմասացությունը՝ ինչ-որ կամարտահայտության մասին, որը մենք չգիտենք ինչ բան է, միջազգային իրավունքը չի տալիս դրա բացատրությունը եւ մենք ունենք լեգիտիմ իրավունք մտահոգ լինելու, որ վաղը մեզ կհրամցվի որեւէ փաստաթուղթ ստորագրված Բակո Սահակյանի կողմից, որը կներկայացվի որպես կամարտահայտություն», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը։ Շաբաթ օրը Հանրապետական կուսակցության համագումարի իր ելույթում, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել»։ Նախկին արտգործնախարարի համոզմամբ, այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պայմանավորված է միմիայն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առաջխաղացման հետ։ «Արձանագրությունները կվավերացվեն այն ժամանակ, երբ կլինի հստակ խոստում Հայաստանի իշխանությունների կողմից՝ զորքերի դուրս բերման վերաբերյալ», - վստահ է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։

No comments: