Tuesday, December 1, 2009

Լիոնել Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակի»

Tert.am. 1-12-2009- «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ 2009 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիր։ Չնայած այս մրցանակը շնորհվում է ոչ թե ՖԻՖԱ-ի կամ ՈւԵՖԱ-ի, այլ ֆրանսիական France Football ամսագրի կողմից, սակայն համարվում է ամենահեղինակավոր անհատական մրցանակը ֆուտբոլիստի համար։ Մեսսին «Բարսելոնայի» 6-րդ ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս պատվին։ Երկրորդ տեղը քվեարկման արդյունքում գրավել է «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով արժանացել էր «Ոսկե Գնդակին» նախորդ տարի։ Երրորդը Մեսսիի խաղընկեր Չավին է։ Հետաքրքիր է, որ Մեսսին առաջին արգենտինացին է, ում շնորհել են այս պատվավոր մրցանակը։ Նա հավաքել 473 միավոր։ Ռոնալդուն, համեմամտության համար, երկու անգամ քիչ ձայն է հավաքել՝ 233։ «Անկեղծ լինեմ, ես գիտեի, որ ֆավորիտ եմ, որովհետև «Բարսելոնան» 2009-ին շատ ավարներ ունեցավ։ Բայց ես չէի կարծում, որ նման մեծ առավելությամբ կհաղթեմ։ «Ոսկե Գնդակը» շատ կարևոր է ինձ համար։ Բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր արժանացել են այս մրցանակի՝ հզոր ֆուտբոլիստներ են, իսկ մյուս կողմից՝ մի շարք գերհզոր ֆուտբոլիստներ այդպես էլ չեն արժանացել այդ պատվին։ Ծանր կլինի ևս մեկ այսպիսի մրցաշրջան անցկացնել։ Հուսամ, ինձ մոտ կստացվի նման բարձր մակարդակի վրա շարունակել հանդես գալ։ Բայց երկրորդ տարին անընդմեջ արժանանալ «Ոսկե Գնդակի»՝ դա հեշտ չէ», - ասել է Մեսսին՝ France Football-ին տված հարցազրույցում։ Ոսկե Գնդակ - 2009 1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») - 473 2. Կրիշտիանու Ռոնալդու (« Մանչեսթե Յունայթեդ»/«Ռեալ») - 233 3. Չավի («Բարսելոնա») - 170. 4. Անդրես Ինյեստա («Բարսելոնա») - 149. 5. Սամուել Էտո'Օ («Բարսելոնա»/«Ինտեր») - 75. 6. Կակա («Միլան»/«Ռեալ») - 58. 7. Զլատան Իբրահիմովիչ («Ինտեր»/«Բարսելոնա») - 50. 8. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 35. 9. Դիդյե Դրոգբա («Չելսի») - 33. 10. Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ») - 32։

No comments: