Wednesday, December 2, 2009

Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթը չի քննարկվել

Tert.am. 2-12-2009- Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։ Նրա խոսքով՝ հանդիպումն աշխատանքային բնույթ է կրել։ «Հասկանում եք, մենք այդ հանդիպման ժամանակ չենք քննարկել հենց այդ փաստաթուղթը։ Մենք խոսել ենք բանակցությունների շարունակելու ձևաչափի մասին։ Վերջին անգամ փաստաթղթի շուրջ քննարկումներն անցկացվել են Մյունխենում՝ նախագահների մակարդակով։ Եվ դրանից հետո համանախագահները սկսեցին աշխատել առաջարկների վրա, որոնք ընդունվել են այդ հանդիպման շրջանակներում։ Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից հետո կարելի է կազմել հաջորդ տարվա օրացույցը, թե ինչպես են շարունակվելու բանակցությունները»,- հավելել է Էլմար Մամեդյարովը։ «Ես հետևյալ կերպ կգնահատեի այսօրվա հանդիպումը. մենք դեռ շատ անելիք ունենք հաջորդ տարի, բայց այն, որ կա բանակցությունները աշխուժացնելու ցանկություն, զգացվում է, և դա կարելի է միայն ողջունել։ Քանի որ տվյալ դեպքում դիրքորոշումների մերձեցման միջոցով մենք կարող ենք առնվազն նվազագույն որոշումներ կայացնել՝ ելնելով գլխավոր սկզբունքներից, որպեսզի հարթենք ճանապարհը դեպի համընդգրկուն խաղաղ պայմանագրի կնքումը»,- Մամեդյարովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը։

No comments: