Tuesday, December 1, 2009

Աթենքում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

«Ազատություն» 01.12.2009 Երկուշաբթի երեկոյան Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում, կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո որեւէ հայտարարություն չարվեց լրագրողների համար: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանցի պաշտոնակցի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման նախորդել էր նրա հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ընթացել է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը: Հայաստանի արտգործնախարարը Աթենքում հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: Ինչպես նույն օրը ճեպազրույցում տեղեկացրեց ԵԱՀԿ-ի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին, ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երեքշաբթի երեկոյան կկայանա Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորող` պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ավարտին նրանք կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ըստ ԵԱՀԿ-ի մամուլի քարտուղարի` ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպումը: Երեքշաբթի օրը Հունաստանի մայրաքաղաքում սկսվում է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի հանդիպումը, որի շրջանակներում նաեւ հայտարարություններ են անելու արտգործնախարարները: Հայաստանի արտգործնախարարը, ըստ օրակարգի նախագծի, իր հայտարարությունը անելու է 27-րդը, եւ անմիջապես նրան հաջորդելու է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը: Աննա Իսրայելյան, Աթենքից

No comments: