Tuesday, December 1, 2009

ՄՈՒՂՆԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ` ԱՅԼԵՎՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անտարբերության «զոհերի» թիվը կավելանա եւս մեկով, քանի որ վերականգնումը դատարկ խոստում է «ԱԶԳ, 01-12-2009 - Արեւելյան ժողովուրդներին ու ընդհանրապես Արեւելքը բնորոշելիս գրեթե միշտ նշվում է, թե այդ կողմում չեն սիրում ասել «ոչ»: Ինչ հարց էլ լինի, Արեւելքում նախընտրում են ասել բոլոր այն հնարավոր տարբերակները, որ կարելի է ընկալել որպես «այո»: Ողջ պետությամբ, ազգովին ու ջանադրորեն դեպի Արեւմուտք ու եվրոկառույցներ, ներեցեք, նաեւ եվրոարժեքների ձգտող Վրաստանը, առանց իրեն հաշիվ տալու, ուզածդ արեւելցուց արեւելյան է, քանի որ, ինչպես երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մակարդակում, այնպես էլ մնացյալ հարթություններում ինչ ասես խոստանում են, ինչին ասես «հա» են ասում, բայց ժամանակն անցնում է, իսկ հարցերին լուծում չի տրվում: Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 4:15 փլուզվեց Թբիլիսիի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ վերջին մի քանի տասնյակ տարիներին հայտնվել էր Վրաստանի այն հինգ հայկական եկեղեցիների շարքում, որոնք վրացական կողմը «վիճահարույց» է որակում: Նման եկեղեցիների շարքում են նաեւ քանդված Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցին, Սուրբ Նշանը, Ս. Նորաշենը եւ Հավլաբարի սուրբ Մինասի եկեղեցին Թբիլիսիում, նաեւ Ս. Նշանը Ախալցխայում: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Թբիլիսիի Սոլոլակի թաղամասում գտնվող Ս. Գեւորգ եկեղեցու գմբեթը լրիվ քանդվել, ընկել էր եկեղեցու ներսը: Կիսով չափ փլվել էին եկեղեցու հյուսիսային եւ հարավային պատերը, արեւելյան ճակատը ճաքել ու դեպի դուրս էր կախվել: Կանգուն էր մնացել միայն կենտրոնական մուտքի արեւելյան պատը, որտեղ ամբողջական է մնացել նաեւ զանգակատունը: Վերջին օրերին Թբիլիսիում հորդառատ անձրեւներ էին տեղացել, որոնց հետեւանքով էլ փլվել է Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այդօրինակ փլուզումներ Թբիլիսիում հաճախ են պատահում` քաղաքի ենթակառուցվածքների հնության, բնակավայրի տեղադիրքի եւ որոշ այլ առանձնահատկությունների պատճառով, որոնց, հայկական եկեղեցու պարագայում, ամենայն վստահությամբՙ ավելացել են նաեւ վրացական իշխանությունների անտարբեր վերաբերմունքն ու վրաց եկեղեցու զավթողական մոտեցումը: Նկրտումներ ունի վրաց եկեղեցին այդ եկեղեցիների նկատմամբ, սակայն դրանց պահպանման հարցում նույնքան անտարբեր է, որքան այդ եկեղեցիների ներկա «սեփականատեր» Վրաստան պետությունը: Կաթոլիկները, առաքելականները, իսլամական համայնքը` օդից կախված Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ, տեր Նարեկ քահանա Ղուշչյանի ներկայացմամբ, վիրահայոց թեմը դիմել է բազմաթիվ ատյանների` այդ եկեղեցիները թեմին վերադարձնելու կամ կրոնի մասին օրենք ընդունելու համար, սակայն ոչ մի արձագանք: «Մուղնեցոց եկեղեցին իսկապես վթարային էր, բայց դա չի արդարացնում տեղի իշխանություններին, քանի որ եկեղեցին վթարային էր դարձել անուշադրության հետեւանքով: Ինչպես 1989-ին փլվեց Շամխորեցոց Ս. Աստվածածինը` Կարմիր Ավետարանը, նույնը տեղի ունեցավ Սուրբ Գեւորգի հետ»: Ս. Գեւորգը խնդիրներից մեկն է, որի օրինակով ցայտուն երեւում է Վրաստանում կրոնի օրենքը չընդունելու հետեւանքները, որի պարագայում վիրահայոց թեմը, այլ կրոնական համայնքների նման, կդառնար հանրային իրավունքի սուբյեկտ` ժառանգելով իրեն հասանելիք եկեղեցիները: Վրաստանում իրավաբանական անձի կարգավիճակ ունի միայն վրաց եկեղեցին` Վրաստանի պետության ու վրաց եկեղեցու միջեւ կնքված կոնկորդատով, մինչդեռ երկրի բնակչության գրեթե 1/3-իՙ փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարված են: «2004-ին առաջարկեցին, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն մտցնեն ու եկեղեցուն տան մասնավոր իրավունքի սուբյեկտի կարգավիճակ որպես հասարակական կազմակերպության: Դա անընդունելի է: Հետո խոստացան, թե այս տարվա գարնանը պիտի արդեն օրենքն ընդունվեր, ու մեզ, կաթոլիկ, իսլամական ու հրեական համայնքներին տրվեր այդ իրավունքը: Բայց ընդդիմության շարժումների մեջ այս ամենը մոռացվեց: Ավելի ուշ հանդիպումներում խորհրդարանից ասացին, թե չեն պատրաստվում նման օրենք ընդունել: Մեկը խոստանում է, մյուսը տեղյակ չէ: Խորհրդարանի նախագահի հետ մեր հանդիպումներից էլ տպավորություն ստեղծվեց, որ ամեն ինչից տեղյակ են, բայց ոչինչ չեն անում օրենքն ընդունելու համար», ասաց Տեր Նարեկը: Նրա խոսքերով, երբ հարցը դրվում է վրաց պետության դեմ, ասվում է, թե եկեղեցին է դեմ, երբ եկեղեցու հետ է քննարկվում, ասում են, թե խորհրդարանը չի ուզում ընդունել: «Իրականում փաստն այն է, որ դե յուրե մենք գոյություն չունենք», նշեց առաջնորդանիստ եկեղեցու սպասավորը: Եկեղեցին վիճահարույց որակելու առնչությամբ Տեր Նարեկը փաստեց, որ վիրահայոց թեմի բոլոր հոգեւորականները եւ աշխատակիցները օրը մի քանի անգամ լինում են փլուզված եկեղեցու մոտ: «Այս ընթացքում չենք տեսել որեւէ մեկին վրաց պատրիարքարանից, որ գնա ու իմանա, թե «իրենց» եկեղեցին ինչ վիճակում է»: Վիրահայոց թեմի ներկայացուցչի խոսքերով, սա զուտ հայկական հարց չէ, նման հարցեր ունեն մյուս կրոնական համայնքները եւս: Տեր Նարեկի ներկայացմամբ. «Կաթոլիկները վերջերս մի բան էին կառուցում, օմոն էին կանչել, որ հանդարտեցնեին կառուցման դեմ բողոքող ցուցարարներին: Իսլամական համայնքը Թբիլիսիի թաղամասերից մեկում մզկիթ էր կառուցել, վրաց հոգեւորականներից մեկը գնացել, խաչ է դրել վրան»: Այնուամենայնիվ, վրաց պետության ու եկեղեցու այսօրինակ վերաբերմունքը հայկական ժառանգության հանդեպ առավել քան ընդգծված վատ է: «Վրաստանում սերունդ է դաստիարակվել արդեն այնպես, թե Թբիլիսիում հայկական եկեղեցի չկա: Եղածները մեկնաբանվում են, թե հայերը գնել են ժամանակին կամ վրացական եկեղեցու հիմքի վրա կառուցվել, ինչն անհեթեթ է»: Վերականգնելո՞ւ են Մուղնեցոց եկեղեցին Խորհրդային տարիներին Մուղնեցոց եկեղեցին վերածվել էր ազգագրական թանգարանի, ապաՙ պահեստի, իսկ 1990 թվականին, որակվելով վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց ու այդպես անտարբերության մատնված, մնալով պետության հաշվեկշռում, փլուզվեց: Ինչն էլ կանգուն էր մնացել, բայց վտանգ է ներկայացնում շրջակա բնակելի տների համար, քանդում է քաղաքապետարանը: Ընդ որում, վերականգնման նպատակով կարծես ոչ մեկը ու ոչինչ չէր արել կամ անում եկեղեցու շրջակայքում, քանի որ անգամ շինարարների քանդածները աղբի նման էին հեռացվում տարածքից: Եկեղեցու երեք սյուները քանդող բանվորները տեղեկացրին, թե վտանգավոր է այդ վիճակում թողնելը: Իսկ թե ինչու են քաոսային քանդում, պարզաբանեցին, որ իրենց ոչ մեկը ոչինչ չի ասել վերականգնման մասին: Անգամ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ եթե անգամ վերականգնման աշխատանքներ տարվեն, արդեն բոլորովին այլ եկեղեցի կլինի, թեեւ դժվար թե հայկական հուշարձանների հանդեպ այդօրինակ անտարբերություն ցուցաբերող վրաց պետությունը միջոցներ ծախսիՙ վերականգնելու եկեղեցին: Միեւնույն ժամանակ, Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոր Տաբատաձեն Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ նոյեմբերի 26-ին ունեցած հանդիպմանը հայտարարել է, թե Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին, ընդունված որոշման համաձայն, մեկ տարվա ընթացքում կվերականգնվի: Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին , իր հերթին, հայտարարել է, թե եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսված են: Եթե պրն Նիկոլոզը որպես այդպիսիք նկատի ունի քանդման աշխատանքները, ապա հասկանալի է, թե ինչ նկատի ունի Վրաստանը` վերականգնում ասելով: Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստիացրել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին, որ արդեն իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետեւող նախագծային աշխատանքները կիրականացնի «Արքիտեքս» վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը: Արեւ Սամուելյանը նշել է, որ նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան` մասնակցելու նախագծային աշխատանքներին: Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության մամուլի խոսնակ Նատիա Մուրաչաշվիլին էլ վստահեցրել է, թե մասնագիտական խումբը եկեղեցու մասին տեղեկություններ է հավաքում: Այս դեպքում հետաքրքրական է, թե ինչ կարգի տեղեկություններ է հավաքելու մասնագիտական խումբը: Ամենայն հավանականությամբ, այդ խմբի հավաքած նյութի հիման վրա «վերականգնվելիք» Մուղնեցոց եկեղեցին, եթե անգամ վերականգնվի, դժվար թե պահպանի այն հատկանիշները, որ այդ եկեղեցու կենսագրությունն էին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վրաստանի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային , որը պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու խնդրի լուծմանը: Ռուռուան հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում, եւ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ, նաեւ Վրաստան հրավիրելով հայ վերականգնող ճարտարապետների` աշխատանքների բոլոր փուլերին մասնակցելու համար: Ինչպես արդեն ասվել է, խոստումների հարցում վրացիներն Արեւելքի որեւէ ժողովրդից չեն տարբերվում: ________________________________________ Նկար 1. «Վերականգնման» կոչվող աշխատանքները Մուղնեցոց եկեղեցու կանգուն պատերի վրա: Նկար 2. Մուղնեցոց Սուրբ Գեւորգը մինչեւ փլուզվելը ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան

No comments: