Panorama.am.1-12-2009- Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականի կայքէջը Լեո Սուրեն Հալեպլիի մասին մի հոդված է հրապարակել: Նշենք, որ Թուրքիայի հայազգի այս քաղաքացին, փայլուն կերպով հանձնելով մասնագիտական քննություն, դարձել է Թուրքիայի ԵՄ գլխավոր քարտուղարությունում պաշտոնավարելու հավանական թեկնածու:
«Hurriyet»-ը զրուցել է Հալեպլիի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ընդարձակ հարցազրույց անցկացնել առաջիկա բանավոր քննությունից հետո:
Լեո Սուրեն Հալեպլին ծնվել է 1981թ. Ստամբուլում: Սովորել է Փանգալթի հայկական նախակրթարանում, ապա` Ռոբերթ վարժարանում, այնուհետև համալսարանական կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում:
«Ամերիկայի համալսարանների համակարգն այլ է, քան մերը: Մինչև որևէ ուղղությամբ մասնագիտանալը, ուսանողներն այնտեղ կարող են իրենց հետաքրքրող ոլորտներում դասեր առնել: Դե, ես էլ գրականության, սոցիոլոգիայի և փիլիսոփայության հանդեպ հետաքրքրությունս բավարարելուց հետո խորամուխ եղա տնտեսագիտության մեջ»,- ասել է Հալեպլին «Hurriyet»-ին:
Նշվում է, որ դեկտեմբերի 7-ին անցկացվելիք հարցազրույցից հետո վերջնականապես պարզ կդառնա Հալեպլիի պաշտոնավարության հարցը:
«Հալեպլին բանավոր քննությունը բարեհաջող հանձնելուց հետո կդառնա պետական պաշտոնյա: Թուրքիայի ԵՄ գլխավոր քարտուղարությունում աշխատելու համար պահանջվում է նվազագույնը երկու եվրոպական լեզվի իմացություն, մինչդեռ Հալեպլին բացի անգլերենից և ֆրանսերենից, տիրապետում է նաև գերմաներեն և արևմտահայերեն լեզուներին»,- տեղեկացնում է հիշյալ կայքը:
Իսկ «Բիլգի» համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարն էլ նշել է. «1926 թվականին ուժի մեջ մտած «Պաշտոնյաների մասին օրենքը» պարտադիր նախապայման էր համարում թուրք լինելը: 1965-ին դա փոխարինվեց Թուրքիայի քաղաքացի լինելու պայմանով, բայց դարձյալ հնարավորություն ստեղծված չէր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար»: Հալեպլիի հաղթանակի դեպքում, ըստ Աքթարի, կնշանակի կոտրվում է այն արգելքը, որը ծառանում է համալսարանական կրթություն ստացած ոչ-մահմեդականների առջև, երբ հերթը գալիս է պետական պաշտոն ստանձնելուն:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment