Thursday, December 3, 2009

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՆԱԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏ ՉԷ

«Լրագիր» 3-12-2009- Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը դեկտեմբերի 3-ին գնահատելով Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, ասել է, որ համանախագահներն անկախ ամեն ինչից միշտ էլ կգտնեն լավատեսություն արտահայտելու հիմք: “Գովելու բան միշտ էլ կգտնեն, ու դա լավ է”, ասել է Ստեփան Սաֆարյանը, սակայն նշել, թե կա մի խնդիր: Դա, ըստ նրա, այն է, որ լուռ պայքար է գնում, թե ով պետք է գնահատի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի դրական դինամիկան: Ստեփան Սաֆարյանն ասում է, որ տրամաբանական կլիներ, որ Գյուլը դիմեր Ալիեւին, որ վերջինս գնահատի դինամիկան, նա էլ ասի, որ առաջընթաց է եղել, ու Թուրքիան առաջ գնա հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու գործում: Սակայն, Ստեփան Սաֆարյանի կարծիքով, այդ դեպքում գնահատումը թողնել Ադրբեջանի վրա, կնշանակի խաչ քաշել հայ-թուրքական գործընթացի առաջխաղացման հնարավորության վրա, որովհետեւ Ալիեւը Ղարաբաղի հարցում դինամիկան երբեք չի գնահատի դրական: Այդ իսկ պատճառով, ըստ Ստեփան Սաֆարյանի, Մինսկի խմբի համանախագահներն իրենք են իրենց վրա վերցրել Թուրքիային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի կապակցությամբ առաջընթացի մեսիջ փոխանցելու առաքելությունը: Բայց այս իրավիճակում էլ, ըստ Ստեփան Սաֆարյանի, Հայաստանի համար իրավիճակը ռիսկային է: Ըստ նրա, բանն այն է, որ այս նախաձեռնողական հայտարարված քաղաքականության պայմաններում էլ հայ-թուրքական սահմանի բացման բանալին չի գտնվում Հայաստանի ձեռքում, եւ այն թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ է: “Ժամանակը ցույց կտա, թե ինչպես միջազգային հանրությանը կհաջողվի վերցնել այդ բանալին եւ բացել հայ-թուրքական սահմանը”, ասում է Ստեփան Սաֆարյանն ու նշում, որ այդ առումով շատ բան պարզ կլինի դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպումից:

No comments: