Wednesday, January 13, 2010

2010–ը Ղարաբաղի հարցում կլինի անորոշության տարի. ռուս քաղաքագետ

Terta.am. 13-1-2010- «2009թ. մեզ բազմաթիվ դրական սպասումներ թողեց: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները քիչ հույսեր չեն ներշնչում: Եվ չնայած Բաքուն բացասաբար արձագանքեց հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը, իմ կարծիքով, դա ևս մեկ միջոց էր ստիպելու Հայաստանին ընդառաջ քայլ անել ղարաբաղյան համակարտության հարցում»,- 1News.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի Քաղաքական կանխատեսումների ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարաևը: Քաղաքագետն առանձնացնում է երկու կետ, որոնց շուրջ անորոշություն է պահպանվում։ Առաջինը այն հարցն է, թե արդյո՞ք Արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, և թե ինչպես Հայաստանը կարձագանքի Թուրքիայի քայլերին: Անորոշության երկրորդ պահը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին: Կարաևի կարծիքով՝ երկու գերտերությունները կարող են ազդել կամ ճնշում գործադրել կողմերից մեկի վրա, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծվի հենց այս տարի: Սակայն դեռևս ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Վաշինգտոնը նման ակտիվություն չեն դրսևորում: «Այնպես որ եթե ամփոփենք, ինձ թվում է` եթե 2009թ. դարձավ անսպասելի գործողությունների և դրական սպասումների տարի, ապա 2010թ. կդառնա անորոշության տարի: Եվ եթե այս տարվա ընթացքում մենք ակնհայտ գործողություններ չտեսնենք ինչպես Հայաստանի, այնպես էլ այն երկրների կողմից, ովքեր կարող են ազդել համակարտության կարգավորման վրա, այսինքն Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կողմից, ապա մենք կհայտնվենք նույն այն հարացույցում, որում հակամարտությունը զարգանում էր 1994թ.: Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում»,- նշել է Կարաևը: Այն հարցին, թե ինչ դիրք կզբաղեցնեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը զինված գործողությունների վերսկսման դեպքում, քաղաքագետը նշել է, որ դա պարզ կդառնա միայն պատերազմի սկսվելուց հետո: «Նախ՝ հայտնի չէ, թե երբ կարող է իրադարձությունների նման զարգացումը իրականություն դառնալ: Երկրորդ, եթե պատերազմ սկսվի, ապա, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ներկայիս նախագահների լիազորությունները ավարտված կլինեն: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մասին հնարավոր կլինի խոսել միայն պատերազմի վերսկսման դեպքում: Խոսելով նաև Պուտին-Էրդողան հանդիպման մասին` Կարաևը նշել է, որ այդ հանդիպումից կարելի է որոշակի ակնկալիքներ ունենալ, սակայն Ղարաբաղյան հակամարտության թեման բոլորովին էլ նրանց օրակարգի գլխավոր թեման չի լինելու:

No comments: