Saturday, January 2, 2010

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ

Սիրելի Հայրենակիցներ. 2010 թ. շեմին, Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) կողմից, շնորհավորում ենք աշխարհի չորս ծագերում` Մայր հայրենիքից մինչեւ Սփյուռքի հեռավոր համայնքներում ապրող հայ ժողովրդի Նոր Տարին եւ Ս. Ծնունդը: Ցանկանում ենք, որ 2010 թ. մեր ժողովրդի համար լինի հաջողությունների ու հաղթանակների տարի եւ այն՝ ինչ չհաջողեցինք ձեռք բերել անցնող տարիներում, նվաճենք գալիք տարվա մեջ: 2009 թ. հայ ժողովրդի համար, քաղաքական առումով, ամենալարված տարիների շարքին կարելի է դասել. ազգի համար մտահոգություններով ու ճակատագրական պահերով լի մի տարի, որը, իհարկե, բնական շարունակությունը կարելի է համարել առնվազն երկու նախորդ տարիների: 2009 թ. Սփյուռքը նույնպես ցուցաբերեց քաղաքական աննախադեպ հանձնառու վերաբերմունք եւ աշխուժություն՝ իր լուրջ վերապահությունն արտահայտելով համազգային խնդիրներին վերաբերող գործելաոճի, մանավանդ ՀՀ-ի կողմից ստորագրված արձանագրությունների բովանդակության նկատմամբ: Սփյուռքը դանդաղ, բայց հաստատուն եւ հանձնառու վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի իր քույրերի եւ եղբայրների հասարակական, տնտեսական եւ քաղաքացիական ոչ նախանձելի պայմանների, եւ ընդհանրապես, Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերվող հարցերի նկատմամբ, գիտակցելով, որ Հայաստանում ապրող Հայությունը կանգնած է կրկնակի դժվարությունների եւ սպառնալիքների առաջ: Սիրելի Հայրենակիցներ, Եվրոպայի Հայերի Համագումարը մաղթում է, որ 2010 թ. լինի իրականացված ցանկությունների տարի, սակայն քաջ գիտակցելով, որ կանգնած ենք պատմական մարտահրավերների առաջ՝ մեր տեսիլքներն իրականություն դարձնելու համար, պարտադիր պետք է լինենք զգոն եւ անսխալական, ցուցաբերենք համարժեք վերաբերմունք եւ անցյալից դասեր քաղելով՝ հաղթահարենք մեր դեմ ծառացած, անհաղթահարելի թվացող դժվարությունները: ԵՀՀ-ը ցանկանում է, որ 2010 թ. լինի վճռական փոփոխությունների տարի, այն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում խորքային եւ ներդաշնակ գործունեություն, երկրում կործանարար կոռուպցիայի եւ մենաշնորհյալ քրեատնտեսական համակարգի անհետացում, դատաիրավական համակարգի ինքնուրույն գործունեություն եւ Իշխանություն-Հասարակություն անմիջական եւ թափանցիկ դաշտի ստեղծում: Աշխարհի բոլոր մայրցամաքներում իր ստեղծագործությամբ աչքի ընկնող հայը, վստահաբար, կարող է նաեւ հաջողակ լինել իր երկրում, եթե կամայականությունը փոխարինվի օրենքի իշխանությամբ: 2010 թ. շեմին մեր կոչն է՝ ուժերի առավելագույն համախմբում, կազմակերպվածություն, աշխատանքների նպատակասլացություն եւ ազգային համատեղ ծրագրի ստեղծում: Հայ ժողովրդին մաղթում ենք ամուր ու աննկուն կամք, առողջություն, խաղաղություն, ցանկությունների և արդար պահանջների իրականացման տարի: ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ (Assembly of Armenian of Europe) Նախագահ՝ Կարո Հակոբյան 30 դեկտեմբեր, 2009 թ. Ուփսալա, Շվեդիա

No comments: