Sunday, January 3, 2010

Լեւոն Բարխուդարյան. 2008-ի մակարդակին կհասնենք լավագույն դեպքում 2013-ին, վատագույն դեպքում` 2015-ին

News.am. 2-1-2010- Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը կարծում է, որ 2009 թվականը հանկարծահաս ճգնաժամի տարի էր, որի արդյունքում տարին կավարտենք մոտ 15 տոկոս տնտեսական անկումով, ինֆլյացիան կլինի 5 տոկոս, իսկ ներմուծումն ու արտահանումը կրճատվել են համապատասխանաբար 30 եւ 40 տոկոսներով: Նրա ներկայացմամբ, հետաքրքիր է այն, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը տարվա ավարտին կազմում է մոտ 16 տոկոս, որը բավականին վատ ցուցանիշ է: Տնտեսագետն ասաց, որ եթե 2009 թվականին մոտ 50 տոկոսով անկում է ապրել շինարարության ոլորտը, որտեղից հարկերի հավաքագրումը բավականին վատ վիճակում էր, ըստ տրամաբանության, պետք է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը նույնիսկ բարձրանար, սակայն դա տեղի չի ունեցել: «Ճգնաժամը ցույց տվեց մեր տնտեսության կախվածությունը ներկրումներից: ՀՀ տնտեսությունը խարսխված չէ արտահանմանը միտված ոլորտներից եւ արտաքին առեւտրի բացասական սալդոն փակվում է մասնավոր տրանսֆերտներով»,- ասաց Լ. Բարխուդարյանը: Այնուհետեւ անդրադառնալով 2010-ի եւ հետագա տարիների կանխատեսումներին՝ նա տեղեկացրեց, որ կապված տնտեսական գործընթացների հետ, իրենք կազմել են լավատեսական եւ հոռետեսական սցենարներ: Ըստ նրա, լավատեսական տարբերակի դեպքում ՀՀ տնտեսությունը 2008 թվականի մակարդակին կհասնի 2013 թվականին, իսկ հոռետեսականի դեպքում` 2015 թվականին: Ըստ այդմ, 2015-ի սոցիալական ծախսերը կկազմեն բյուջեի 60 տոկոսը, այնինչ մինչ ճգնաժամը դա 40 տոկոս էր կազմում: Նախկին ֆինանսների նախարարն ասաց նաեւ, որ 2009 թվականին տնտեսության նման հսկայական անկման պատճառներից մեկը, բնականաբար, ճգնաժամն էր, իսկ երկրորդը՝ իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականությունը, երբ նրանք շատ ուշ սկսեցին վարկեր ներգրավել, երբ խաթարված է մրցակցային միջավայրը, եւ երբ սխալ կառավարում է տեղի ունենում:

No comments: