Thursday, January 14, 2010

«Բաքուները», «սումգայիթները», «կիրովաբադները» դեռ մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում

Tert.am. 13-1-2010- Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակի առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան «ինտեռնացիոնալ» համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում`Սումգայիթում, 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական և տրամաբանական շարունակությունը: Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. հունվարի 13-19-ը մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ Բաքվի կոտորածը վերջակետ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից`Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր հազարավորները` փախստական: Հիրավի ֆաշիստական վայրագություններին զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք: Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ` հայոց հարցը լուծվեց թուրքական փորձված գործիքի` ցեղասպանության միջոցով: Եվ եթե Սումգայիթում խոհրդային զորքերն «ուշացան» 3 օրով, ապա Բաքվում` մի ամբողջ շաբաթով` քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Բաքվի հրեշավոր ոճրագործությանն առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրավական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրվել: Հայերի նկատմամբ իրականացված վայրագություններն ադրբեջանական իշխանությունների կողմից լռության մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որևէ նշույլի բացակայությունը, դեռ ավելին, հայ ժողովրդի հանդեպ աճող սպառնալիքները հաստատում են, որ «բաքուները», «սումգայիթները», «կիրովաբադները» դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում: Եվ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստվում դասեր քաղել անցյալից. չէ որ հենց միջազգային հանրության թողտվությամբ է հնարավոր դարձել արյունալի վաքխանալիան, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը և Բաքվում իր գագաթնակետին էր հասել 1990թ. հունվարին: Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են հանդիսանում: Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին ընդգծում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ իր վաղնջական իրավունքների ազատության ու պաշտպանության համար:

No comments: