Thursday, January 14, 2010

ՍԻՈՍԵՓՈԼ. ՍՊԱՀԱՆԻ ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ԿԱՄՈՒՐՋԸ

«ԱԶԳ», 14-01-2010- Երեկո էր, երբ հասանք Սպահան: Թեհրանի ծանր օդին, ավտոմեքենաների աղմուկին ու մարդկանց արագ անցուդարձին փոխարինեց ավելի խաղաղ, ջերմ ու մաքուր մի քաղաք: Լսել էի, որ Սպահանն աշխարհի հնագույն քաղաքներից է ու հայտնի է իր մշակութային հարստությամբ: Երբ զբոսնում էինք քաղաքում, ինձ ամեն ինչ հեքիաթային էր թվում: Երեկոյան լույսերի տակ ծանոթանում էի քաղաքի հնագույն ու նշանավոր կառույցներին, հիացած զննում սպահանցիների ձեռքի աշխատանքները: Երբ քայլում էինք քաղաքի միջով հոսող Զայանդեռուդ գետի ափով, հանկարծ հեռվից երեւաց լույսերի մեջ ողողված մի չքնաղ կառույց. դա Սիոսեփոլ կամուրջն էր: Այդ պատկերը հավերժ մնաց իմ հոգում, ու այսօր հենց այդ կամրջի մասին էլ ուզում եմ գրել: Սիոսեփոլ կամուրջը կառուցվել է 1602թ.` Սեֆյան հինգերորդ արքա Շահ Աբաս Մեծի կամ Առաջինի օրոք, երբ Սպահանը, դառնալով Պարսկաստանի մայրաքաղաք, տնտեսական ու մշակութային ծաղկում էր ապրում: Կառուցվել է ճարտարապետական բարդ ու բարձր տեխնիկայով, դրա համար էլ ավելի քան 400 տարի կանգուն է մնացել: Կամուրջը կազմում է Սպահանի կենտրոնական փողոցի` Չահարբաղի շարունակությունը եւ քաղաքը կապում է հայկական Նոր Ջուղա թաղամասի հետ: Իր մոտ 300 մետր երկարությամբ ու 14 մետր լայնությամբ Սպահանում Զայանդեռուդ գետի վրա կառուցված 11 կամուրջներից ամենաերկարն է: Հիմնադրվել է 1602թ. իր հիմնադրի անունով կոչվում է նաեւ Ալլահվերդի խանի կամուրջ: Ալլահվերդի խանը ազգությամբ եղել է հայ` ծնված Վրաստանում, որին Շահ Աբասը գերեվարել է Պարսկաստան, դարձրել մահմեդական ու նշանակել իր զորքի գլխավոր հրամանատար: Կամրջի հարավային կողմում հայկական Նոր Ջուղա թաղամասի կառուցումից հետո (1604թ.) տարածվել է նաեւ Ջուղայի կամուրջ անվանումը: Սիոսեփոլ բառացի նշանակում է 33 կամուրջ, քանի որ կամուրջն ունի 33 կամար: Ասում են, որ նախապես եղել է 40 կամար, հետո 7-ը ավերվել են: Սակայն Նոր Ջուղայի հայերը հավատացած են, որ 33 թիվը կապված է Հիսուս Քրիստոսի` 33 տարեկանում երկինք համբարձվելու հետ: Ըստ որոշ հիշատակությունների` հայերն ամեն տարի այս կամրջի վրա են տոնել Վարդավառի տոնը: Կամուրջն ունի երկու հարկ. վերեւի հարկը կառուցված է աղյուսից, ներքեւինը` քարից: Բացի գետի երկու ափերն իրար կապելուց, այն ծառայում է նաեւ որպես հաճելի զբոսավայր: Ամառվա ամիսներին, երբ գետի ջուրը նվազում է, կամրջի առաջին հարկը դառնում է մարդկանց հանգստի վայր, այնտեղ բացվում է թեյատուն: Իսկ երբ ջուրը բարձրանում է, նույն դերն են ունենում կամրջի երկրորդ հարկի օթյակները, որոնք գտնվում են կամրջի երկու կողմերում: Ինչ-որ խորհրդավոր բան կա այդ կամրջի մեջ: Երբ գետի ափով քայլելիս աչքերիդ դեմ հառնում է այն իր լուռ ու հանդարտ կերպարանքով, մի պահ կանգնում ես, հիանում, խորհում: Երեկոյան կամուրջն աղմկոտ է դառնում: Կամրջի վրա զբոսնող մարդկանց անվերջանալի հոսքի մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Նրանք աղմկում են, կատակում, ծիծաղում: Կամուրջն իր լույսերով ու ջրի մեջ ընկած արտացոլքով հրաշալի տեսարան է ստեղծում: Ոմանք այնտեղ հավաքվում ու երգում են հին ժողովրդական երգեր: Նրանց շուրջը հավաքվում է մարդկանց բազմություն, ու ստեղծվում է հաճելի ու ջերմ մթնոլորտ: Իր վեհ ու գեղեցիկ տեսքով Սիոսեփոլ կամուրջը գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը, ու շատերն են իրենց հուշագրություններում հիշատակել դրա մասին: Մի օտարերկրացի, տեսնելով կամուրջը, գրել է. «Նայելով այս գեղեցիկ մեծ կառույցին, որ դարերի ընթացքում անվնաս պահպանել է իր յուրահատուկ ճարտարապետական կառուցվածքը, մտածում ես, որ արժե միայն այն տեսնելու համար Սպահան գալ»: ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

No comments: