Sunday, August 22, 2010

Երթ Ծիծեռնակաբերդ` ընդդեմ Ս. Խաչի պատարագին մասնակցելու

«Aysor.am», 21.08.2010: Վաղը մի շարք երիտասարդական կազմակերպություններ երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որով կոչ են անում բոլոր հայրենակիցներին` չմասնակցել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: «Ակցիան արվում է, որպեսզի հայերը հասկանան ու գիտակցելով չմասնակցեն թուրքական շոուին, որն ապտակ է մեզ, քանի որ մեզ մորթող, մեզ բռնաբարող ու թալանող ազգը, որը մեր հողը մեր ձեռքից վերցրել է, այնքան լկտիություն ունի, որ մեզ հրավիրում է մեր հողի վրա` մասնակելու ինչ-որ շոուի»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց ակցիայի կազմակերպիչ «Հայազն» երիտասարդների միաբանության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը: Ա. Մկրտչյանը նշեց, որ Ս. Խաչ եկեղեցում պատարագ կազմակերպելով` «Թուրքիան Եվրոպայի աչքին թոզ է փչում, ցանկանում է ցույց տալ, թե տեսե’ք` ինձ մոտ ազգային փոքրամասնություններին տեղ եմ տալիս, եկեղեցում պատարագ եմ մատուցում»: Ի պատասխան այն տեսակետի, թե պատարագին չմասնակցելը կարող է ևս շահարկման թեմա դառնալ Թուրքիայի համար առ այն, թե «հայերի եկեղեցում պատարագ ենք մատուցում, սակայն նրանք հրաժարվում են մասնակցել», Ա. Մկրտչյանը նշեց. «Ինչպե՞ս կարող են իրենք ընդունել, որ այդ եկեղեցին հայկական է, երբ եկեղեցու գմբեթին խաչ չկա ու ներսում էլ թուրքական դրոշն ու Քեմալի նկարն է կախված, ի՞նչ գործ ունի քրիստոնյաներին ատող Քեմալի նկարը քրիստոնեական եկեղեցում»: «Պատկերացրեք` իմ տունն իմ ձեռքից ծեծելով առել են, հետո անցել է մի քանի տարի, ու իմ տունն իմ ձեռքից առնողն ինձ հրավիրում է` ասելով, եղբայր, արի, ես քո խոհանոցում մի հրաշալի ճաշ եմ պատրաստել, արի դու էլ համտեսի: Ու ես պետք է գնամ ու թուրքական ճաշը` եկեղեցում թուրքական դրոշներն ու Աթաթուրքի նկարը, համտեսեմ, որ թուրքն էլ ասի` տես, ես իր տունն իր ձեռքից չեմ վերցրել, ես նրան հրավիրել եմ, ինքն էլ եկել է, այսինքն` ստացվում է` մենք ընդունում ենք, որ դա մերը չի, այլապես ինչպե՞ս մենք կարող ենք մեր հողի վրա հյուր լինել»,- մանրամասնեց Ա. Մկրտչյանը: Ա. Մկրտչյանը հայտնեց նաև, որ իր տեղեկությունների համաձայն` այդ օրը պատարագին ներկա է լինելու նաև Աթաթուրքի զինակից, հայերին հալածած Քյազիմ Կալաբեքիր փաշայի թոռը, ու հավելեց. «Այսինքն` դուրս է գալիս, որ իր թոռանն էլ կանչել են, որ ցույց տան, թե հայերն ընդունում են, որ ոչ մեկն էլ իրենց չի կոտորել»: Տեղեկացնենք, որ երթը մեկնարկելու է Երևանի Կիևան կամրջի սկզբնամասից ու երթի մասնակիցները` եռագույններով քայլելու են դեպի Ծիծեռնակաբերդ: Ա. Մկրտչյանը նշեց, որ, հնարավոր է, ելույթներով հանդես գան իրենց միացած կազմակերպությունները, ինչպես նաև` նախատեսվում է Ծիծեռնակաբերդում այրել թուրքական դրոշը: Նշենք, որ երթի կազմակերպիչներին միացել են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը, Վանաձորից «Հայրենատեր» երիտասարդական միությունը, «Հայրենիք» հայրենասիրական ակումբը, «Ադանա» հայրենակցական միութունը և այլոք: Հարկ է նշել, որ վաղը նույն ժամին Արցախի Հանրապետությունում Հայրենասեր պատանինների միությունը կազմակերպում է նույնաբնույթ երթ` դեպի Մարտունիում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Մենք վստահ ենք, որ դեռ ժամանակ ունենալու ենք պատարագ մատուցելու և ամենօրյա ժամերգությունների մասնակցելու Սուրբ Խաչում»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Մկրտչյանը:

No comments: